Այսօր առանձնացրել ենք 5 ականավոր հայ նկարիչների, որոնք իրենց ուրույն ու կարևոր նշանակությունն ունեն հայ գեղանկարչության զարգացման գործում:
Մինաս Ավետիսյան
Մինաս Ավետիսյանը՝ 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկը, ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են: Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Իր 15-ամյա ստեղծագործական կյանքում նա հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար, նաև զբաղվել է բալետային և թատերական ձևավորումներով. հեղինակել է «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումները: Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թվականներին Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։
Մարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Ստեղծագործական առաջին շրջանում, հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: Ստեղծագործության երկրորդ շրջանում Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում, Պարսկաստանում: Այդ շրջանի գործերը առավել իրական են՝ կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է նրա կյանքի նոր՝ երրորդ շրջանը։ Աշխարհի տարբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ Մարտիրոս Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր: Սարյանը խոշոր ներդրում է կատարել նաև 20-րդ դարի հայկական գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։
Սարյանը՝ գույնի մեծ վարպետը, հեղինակել է մի ահռելի «պատկերասրահ»՝ շուրջ 3.000 գործ: Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլ քաղաքներում։ Արժանացել է ԽՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատի կոչման, ՀՍՍՀ պետական մրցանակի ։ Պարգևատրվել է Լենինի 3 և երկու այլ շքանշաններով: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստում:
Արշիլ Գորկի
Արշիլ Գորկին, նույն ինքը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյանը արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Նա ծնվել է 1904 թվականի ապրիլի 15-ին, արևմտյան Հայաստանում՝ Վանում: 1915 թվականի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» հայտնի կտավը: 1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի աբստրակտ նկարչությունը՝ կյանքի վերջին տասնամյակում ստեղծելով վառ գույներով ինքնատիպ կտավներ:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր թանգարաններում, ինչպես նաև Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և այլուր: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:
Հովհաննես Այվազովսկի
Հայ մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի ընտանիքում: 12 տարեկանում նա ածուխով նկարում էր Թեոդոսիայի տան պատերին, որովհետև ծնողները ներկի ու թղթերի գումար չունեին, 20 տարեկանում նա արդեն ճանաչված ու հարուստ նկարիչ էր, իսկ 23-ում, Ռուսական գեղարվեստի ակադեմիան նախատեսվածից 2 տարի շուտ ավարտելով, Ակադեմիայի հովանավորությամբ շրջագայում էր Եվրոպայով ու կտավ մակագրում Հռոմի Պապի համար:
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` նախանձելի տեսողական հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք», «Սև ծովը», «Փոթորիկ Նիսի ափերին», «Ալիքների մեջ», «Փոթորիկ Ազովի ծովում» և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի վերարտադրման, ստեղծել է պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ լեզու: Ծովանկարչության բնագավառում նրա խորհուրդներով են առաջնորդվել նկարիչներ Մկրտիչ Ճիվանյանը, Մանուկ Մահտեսյանը, Վարդան Մախոխյանը, Այվազովսկին որոշակի ազդեցություն է թողել Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության վրա: Այվազովսկու գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Իր գործունեության ընթացքում Այվազովսկին ընտրվել է Ամստերդամի, Ռուսաստանի, Սանկտ Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, պարգևատրվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով:
Վարդգես Սուրենյանց
Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում, որտեղ ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ, իսկ Սբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը: Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Թեև նա ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ ստեղծագործությունը կապված է եղել իր հայրենիքի հետ. իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը. «Ոտնահարված սրբություն», «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործություններում նկարիչն արտահայտում է իր բողոքն օտարերկրյա զավթիչների դեմ:
Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարներ և դիմանկաներ։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։