Logo

«7 օր, 7 գիշեր». կայացավ հայկական հարսանեկան ավանդույթների մասին պատմող ֆիլմի պրեմիերան

Հեղինակ
Նարինե Մելիքյան
19:23 / 16.05.2024Լուրեր
Բացառիկ
null

Կայացավ հայկական հարսանեկան ավանդույթների մասին պատմող միջազգային «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան: Ներկա էին ստեղծագործական կազմի անդամները, դերասանները և այլ աստղային հյուրեր։ Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը վստահեցնում է՝ «7 օր, 7 գիշեր»-ը պարզապես հերթական ֆիլմ չէ: Այն ներկայացնում է հայկական հարսանեկան ավանդույթներն ու նպատակ ունի հայկական մշակույթը տարածել այլ երկրներում։

Ֆիլմը պատմում է հայտնի ազգագրագետ Հովհաննեսի մասին, ում նպատակն է հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումը։ Հովհաննեսը Հայաստան է հրավիրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր, 7 գիշեր տևող հայկական ավանդական հարսանիքը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար: Սակայն հյուրերի ժամանելու օրը Հովհաննեսը վնասում է ոտքն ու վիզը՝ իր օգնականի անփութության և մի ռուս ընտանիքի պատճառով: Հովհաննեսի պարտականությունները ստանձնում է ռուս ընտանիքը: Հովհաննեսի օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին խնդիրները ամեն ինչ վերածում են քաոսի։

Բեմադրող ռեժիսոր Հայկ Կբեյանի խոսքով՝ իրենց նպատակն է ամբողջ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը: «Հին հայկական հարսանիքի մասին ֆիլմ նկարահանելու գաղափար վաղուց կար և պահը հասունացավ միայն հիմա: Նկարահանումները տևել են 25 օր: Տեսարանները նկարահանված են մեծամասամբ Գառնիում:  Գլխավոր դերակատարները ռուս են: Ճիշտն ասած, առաջին անգամ էի աշխատում օտարերկրյա դերասանների հետ և մի փոքր մտավախություն ունեի, թե ինչպես են մարմնավորելու այդ կերպարները: Բայց գործակցությունը շատ հեշտ ստացվեց: Սերգեյն ու Օլգան միանգամից ինտեգրվեցին ու ընկերացան մեզ հետ», - պատմում է Հայկը: Ըստ նրա՝ ֆիլմին լրացուցիչ արժեք է հաղորդել «Նուբար» ազգագրական երգի անսամբլը, որը յուրաքանչյուր արարողությանը համապատասխան թեմատիկ երգեր է կատարել:

Սցենարիստ Նարեկ Ավագյանն էլ ցանկանում է, որ այս ֆիլմի միջոցով ամբողջ աշխարհը Հայաստանը ճանաչի որպես ամուր ընտանիքների երկիր: «Ֆիլմը ստեղծելիս օգտվել ենք հատուկ գրականությունից: Մեզ օգնել են մասնագետները՝ վերարտադրելու «7 օրվա, 7 գիշերվա» արարողակարգը։ Մարդիկ տեսնելու են լավ ֆիլմ, որն ունի լավ պատմություն, յուրահատուկ խորհուրդ և հետաքրքիր դրամատիկ ընթացք», - նշում է Նարեկը:

Գլխավոր դերակատարներից Արմեն Մարգարյանն էլ պնդում է՝ ֆիլմը բարության և սիրո մասին է: «Հուսով եմ՝ այս ֆիլմով մեզանում կվերականգնվեն երբեմնի հայկական արժեքները, որոնք, ցավոք, մոռացվել են: Օտարերկրացիներն էլ կտեսնեն, թե որքան գեղեցիկ է Հայաստանը», - հպարտորեն պատմում է Արմենը:

Ֆիլմում իր դերակատարումն ունի նաև Լևոն Հարությունյանը՝ Կամոն: «Այս ֆիլմը աշխարհի ամենաթանկ բանի՝ մարդու մասին է: Ամեն անգամ, երբ ինձ դեր են առաջարկում, կարդում եմ սցենարն ու փորձում հասկանալ՝ ինչպես ճիշտ ներկայացնել կերպարը: Եթե գիտելիքներս չեն բավարարում, հրաժարվում եմ: Բայց այս ֆիլմից հրաժարվել չէի կարող: Այն հայ մարդու մասին է», - ընդգծեց դերասանը: 

Հայկական կոլորիտով «7 օր, 7 գիշեր» ընտանեկան կատարկերգությունը մայիսի 16-ից հասանելի է կինոթատրոններում։

fastnews-ads-banner