Ասում են՝ հիմա քիչ են կարդում: Իսկ այդ դեպքում ինչպե՞ս են ամեն օր այդքան շատ գրքեր տպագրվում, թարգմանվում, վաճառվում, տարածվում…. Փաստորեն այսօր շատ են կարդում, մեզանում էլ շատ են մարդիկ, որոնց առօրյայի ամենագունեղ հատվածը ընթերցանությանն է նվիրված:
Այսօր գրքերն էլ այնքան շատ են ու բազմազան, որ ընտրելը դժվար է: Ի՞նչ կարդալ. սա հարց է, որն ընթերցասերները հաճախ են տալիս միմյանց:
Vivaro News Culture-ն այս հարցում էլ փորձում է օգնել ձեզ: Մենք գրքերի մի ցանկ ենք կազմել, որը դուր կգա հատկապես սիրավեպերի սիրահարներին: Ահա ձեզ 7 գիրք սիրո մասին:
1. Ջենիֆեր Նիվենի «Բոլոր լուսավոր վայրերը»/ “All The Bright Places” by Jennifer Niven
Ցանկն այս գրքով սկսելը մեզ բավականին տրամաբանակ թվաց, քանի որ սա գուցե ամենառոմանտիկ գրքերից մեկն է: Այն հրատարակվել է 2015թ.-ին ու միանգամից դարձել բեսթսելեր, իսկ 2018-ին այս գիրքը նաև կէկրանավորվի: «Բոլոր լուսավոր վայրերը» պատմում է Ֆինչի ու Վայոլեթի պատմությունն, ու թե ինչպես է Ֆինչը սովորեցնում Վայոլեթին ապրել, մինչդեռ ինքն ուզում է մահանալ: Գլխավոր հերոսների միջոցով հեղինակն ընթերցողներին ներկայացնում է մի պատմություն, որը լի է սիրով, կյանքի մասին մտորումներով, ազատությամբ, բազմաթիվ արկածներով ու ճանապարհորդություններով: Գիրքը կստիպի ձեզ ժպտալ, ծիծաղել, լաց լինել, իսկ այն կարդալուց հետո՝ միշտ հիշել ու կյանքին այլ գույներով նայել:
Ես հասկացա, որ բարին իսկապես գոյություն ունի աշխարհում, եթե երկար փնտրես այն: Նաև հասկացա, որ բոլորը չէ, որ հիասթափեցնում են մյուսներին ու որ 1,257 մետր խորությամբ գետնի փոսը կարող է ավելի բարձր թվալ քան զանգակատունը, եթե կանգած ես ճիշտ մարդու կողքին:

2. Ջոն Գրինի «Թղթե քաղաքները»/ “Paper Towns” by John Green
2009թ.-ին թողարկված այս գրքի հիման վրա 2015թ.-ին նկարահանվել է նաև ֆիլմ, բայց այն բավականին տարբերվում է գրքից ու նույնչափ լավը չէ: Արկածային այս վեպի հերոսներն են առեղծվածներ սիրող Մարգոն ու նրան սիրահարված Քուենթինը: Երբ Մարգոն մի գիշեր թակում է Քուենթինի պատուհանն ու նրան խնդրում օգնել իրեն, տղան չի կարողանում մերժել նրան: Այդ որոշմանը հետևում է արկածներով ու զավեշտալի պատմություններով լի գիշեր, որից հետո սակայն Մարգոն անհետանում է: Քուենթինի առաջադրանքն է նշանների միջոցով գտնել իր սիրելի աղջկան: Բայց ինչպես կարող ես գտնել մեկին, որը չի ցանկանում իրեն գտնեն: Ջոն Գրինը այս գրքում նույնպես ընդգրկել է իր հումորային էլեմենտներն ու նորը հայտնաբերելու փորձերը: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:
Ինչ սխալ բան է մտածել, որ մարդն ավելին է քան իրականում կա:

3. Քոլին Հուվերի «Վերջը մենք ենք դնում»/”It Ends With Us” by Colleen Hoover
«Վերջը մենք ենք դնում» գիրքը գեղեցիկ սիրո պատմություն է, որն իսկապես գրավում է ընթերցասերների սրտերը: Այն նաև կարևոր խնդիր է բարձրացնում. կնոջ հանդեպ ֆիզիկական բռնություն: Հուվերը խոստովանել է, որ այս պատմությունը գրել է իր մոր համար, որը նույնպես իր հոր կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել: Լիլին՝ գրքի գլխավոր հերոսուհին, մինչև ականջների ծայրը սիրահարված է Ռայլին: Ռայլը նույնպես խենթի պես սիրում է Լիլիին: Բայց, հնարավոր է՝ սերը միակ բանը չէ, որ անհրաժեշտ է միասին լինելու համար: Խենթ ժամադրություններից, միասին անցկացրած անմոռանալի օրերից, սիրո երկար պատմությունից հետո Լիլին ու Ռայլը ստիված են որոշել՝ ինչ ապագա են նրանք ցանկանում ունենալ:
Փաստը, որ երկուսս էլ նույն ալիքի վրա չենք հայտնվել, չի նշանակում, որ նույն օվկիանոսի մասը չենք:

4. Սեսիլիա Ահերնի «Սիրով, Ռոզի»/ “Love, Rosie” Cecilia Ahern
Էլեկտրոնային ու sms հաղորդագրություններ ու ձեռագիր նամակներ… միայն սրանց միջոցով իռլանդացի հեղինակ Սեսիլիա Ահերնը պատմում է Ալեքսի ու Ռոզիի պատմությունը, որոնք ընկերանում են դեռևս 7 տարեկան հասակում: Ողջ կյանքի ընթացքում նրանք աջակցում են իրար, կիսվում ուրախությամբ ու իրենց խնդրներով ու հաճախ վիճում, բայց այդպես էլ չեն հասկանում, որ սիրում են իրար: Սա գիրք է ճիշտ պահին ճիշտ վայրում չլինելու ու բազմաթիվ հնարավորություններ ձեռքից բաց թողնելու մասին: Հումորային այս սիրավեպը կգրավի ընթերցողին հենց առաջին տողից, իսկ հեղինակի «ձեռագրի» շնորհիվ կթվա, որ գիրքը կարդալուն զուգահեռ պատկերներն աչքիդ դիմաց են հայտնվում: Ի դեպ, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ էլ գոյություն ունի, որտեղ Ռոզիին մարմնավորում է Լիլի Քոլինսը, իսկ Ալեքսին՝ Սեմ Քլաֆլինը: Վեպը կսովորեցնի, որ եթե սիրում ես մեկին, ուրեմն պետք է ժամանակ չկորցնես ու խոստովանելու հնարավորությունը երբեք ձեռքիցդ բաց չթողնես:


