Նիգերիական արմատներով բրիտաացի երգչուհի՝ Sade-ն յոթ տարվա ստեղծագործական լռությունից հետո վերադառնում է նոր սինգլով:
Երգչուհու նոր երգը կոչվում է «Flower Of The Universe», որը ամերիկացի ռեժիսոր Ava DuVernay-ի «A Wrinkle in Time» ընտանեկան գիտաֆանտաստիկ ֆիլմի սաունդթրեքն է: Երգի պրոդյուսինգով զբաղվել է ամերիկացի ռեփեր և R&B ժանրում ստեղծագործող երաժիշտ No I.D-ը, վերջինս հայտնի է Common-ի, Kanye West-ի, Nas-ի, Jay Z-ի և մի շարք այլ արտիստների հետ համագործակցություններով: Ինչ վերաբերում է Sade-ի նոր սինգլին, այստեղ երգչուհին, հավատարիմ մնալով իր R&B և սոուլ երաժշտական ժանրին, ներկայանում է Sade-ական մետաքսե վոկալով, որը լողում է տեսահոլովակի slow-motion կադրերի հետ:
Ի դեպ ընդհանուր առմամբ երգչուհին 1984 թվականից մինչև այսօր ունի թողարկած 10 ստուդիական ալբոմ, վերջինը՝ «The Ultimate Collection» անվանումն ունեցող ալբոմն էր, որը թողարկվել է 2011-ի ապրիլի 29-ին: Չորս Գրեմմիի արժանացած Sade-ի նոր տեսահոլովակը նկարահանվել է «A Wrinkle in Time» համանուն գրքի մոտիվներով, որի հեղինակը ամերիկացի գրող Madeleine L’Engle-ն է: Walt Disney Pictures ընկերության նկարահանած ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս տարվա մարտի 9-ին:




