Անի Խաչիկյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդմանը։ Դերասանուհին խոսել է «Կյանք ու կռիվ» և «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից, թատրոնի և կինոյի տարբերությունից, որդու ծննդից և տղամարդու իր իդեալից։
«Կյանք ու կռիվը» բեկումնային էր
«Կյանք ու կռիվը» բեկումնային էր։ Այդտեղ ես դերասանուհի էի, ով գումար էր աշխատում, համալսարանի վարձ տալիս և օգնում ծնողներին։ Այդ ֆիլմից հետո հասկացա, որ այդ ամենն ինձ, իրոք, դուր է գալիս։ Հիացած աչքերով գնում էի նկարահանման հրապարակ, հաճույք էի ապրում յուրաքանչյուր վայրկյան։
Հղիություն սարերում և ծննդաբերություն Կապանում
Ամբողջ հղիությունս անցել է արշավներով։ 8 ամսական հղի էի՝ գնացինք Խուստուփ։ Վերջին օրը գիշերը, երբ պետք է դուրս գայինք մեր կեցավայրից, ցավեր զգացի և արթնացա։ 20 րոպե հետո ցավը կրկնվեց։ Սկսեցի կասկածել, որ ծննդաբերական ցավեր են։ Պատրաստվում էի Կապանից Երևան «ցավ քաշելով» գալ։ Փորձում էինք հասկանալ մինչև Երևան քանի ծննդատուն կա, որտեղ կարող ենք գնալ։ Հենց հասանք Կապան, ապահովության համար գնացինք այնտեղի բուժկենտրոն։ Գիշերը 03։00-ն էր։ Մտանք բուժկենտրոն, միջանցքում թրթռացող լույս էր կախված։ Քնահարամ մի մարդ մոտեցավ մեզ։ Հետո եկավ հերթապահ բժիշկը, ստուգեց ու ասաց՝ անցի՛ր ծնարան։ Ասում եմ, բայց չե՞մ կարող մինչև Երևան դիմանալ։ Ասում է՝ աղջիկ ջան, հո դու խելագար չես, անցի՛ր ծնարան։ Մինչև երեխայի ծնունդը շատ դաժան է, բայց ծնվելու պահը ամենաաստվածայինն է։ Որդուս՝ Տեսլայի շուտ լույս աշխարհ գալու պատճառն այն էր, որ ես ունեի պտղաջրերի վարակ։ Այն վիրուսի հետևանք էր։ Նրա շուտ լույս աշխարհ գալը նրա փրկությունն էր, և ոչ թե հակառակը։
«Անհայտ բաժանորդ»
«Անհայտ բաժանորդում» նկարահանվելու համար ինձ հետ կապ հաստատեց Արման Միտոյանը։ Եթե խոսում ենք Միտոյանի մասին, առաջինը քննարկեցինք ֆինանսական հարցերը (հեղ․, - ծիծաղում է)։ Իսկ Արշալույս Հարությունյանի հետ ունեցանք տեսափորձ։ Իմ կերպարի համար նրանք փորձում էին տարբեր դերասանուհիների։ Տարիներ անց իմացա, որ միայն իմ դերի համար է տեսափորձ եղել։ Իմացա նաև, որ այդ դերի համար եղել են լուրջ քննարկումներ մինչև ինձ ընտրել են։ Բայց կարող եմ խոսոտովանել, որ այդ դերն ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող խաղալ, քանի որ իմ կյանքի այդ էտապն ամբողջությամբ համընկնում էր կերպարիս հետ։ Մի քիչ ավելի բուռն և խորքային էին իմ կյանքի իրադարձությունները, բայց նույնքան ցավոտ։ Դրանից որոշ ժամանակ հետո ավարտվեցին իմ այդ հարաբերությունները։ Նկարահանվում էինք Սոս Ջանիբեկյանի հետ։ Մեր ֆիլմի պրեմիերայից որոշ ժամանակ անց ես ու Սոսը հանդիպեցինք, նկարվեցինք։ Հաջորդ օրը բոլորը սկսեցին քննարկել մեր հավանական սիրավեպը։ Բոլոր սկսեցին գրել, որ մենք միասին ենք և այդ պատճառով ենք բաժանվել մեր կողակիցներից։
Թատրոնը և կինոն
Ի սկզբանե թատրոնն ինձ համար շատ վախենալու էր։ Ուզում էի՝ ինձ չտեսնեին, արագ տեքստս ասեի ու գնայի։ Բեմական փորձ չունեի ու վախենում էի թե՛ մարդկանցից, թե՛ բեմի չափսերից։ Չեմ կարող ընտրություն կատարել թատրոնի և կինոյի միջև, որովհետև երկուսն էլ շատ եմ սիրում։ Նույնիսկ բեմը մի փոքր ավելի եմ սիրում, որովհետև այնտեղ ամեն ինչ կենդանի է, սկզբից մինչև վերջ խաղում ես կերպարդ, ոչ թե ֆիլմի նման սկզբում խաղում ես վերջին տեսարանը, հետո առաջին։
Անի Խաչիկյանի տղամարդը
Իմ տղամարդը պետք է կարողանա սիրել։ Ամեն մարդ չէ, որ կարողանում է սիրել։ Ինձ համար ամենակարևորը դա է։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝