Օգոստոսի 5-ին Hulu սթրիմինգային ծառայությունով ցուցադրվեց երիտասարդ ռեժիսոր Դեն Տրախտենբերգի «Ավար» (Prey) ֆանտաստիկ մարտաֆիլմը, որը 1987թ-ին էկրաններ բարձրացած «Գիշատիչ» (Predator) ֆիլմով մեկնարկած բազմաչարչար կինոֆրանշիզի հերթական մասն է։ Ու չնայած վերջին 35 տարիներին ֆրանշիզը շարունակաբար գլորվում էր անդունդը, ու հույս էլ չկար, որ լավ է լինելու, «Ավարը» դարձավ հենց այդ հույսի նշույլը, որ այսուհետ ամեն բան լավ է լինելու։
Մենք դիտել ենք ֆիլմն ու կիսվում ենք տպավորություններով։
Սկզբում՝ մի քիչ պատմություն։ Ջոն Մակտիրնանի «Գիշատիչն» իր ժամանակին դարձավ կուլտային ու շարունակում է այդպիսին մնալ մի քանի պատճառով։ Նախ, բրուտալ ֆանտաստիկ մարտաֆիլմում հավաքվել էին այն ժամանակվա Հոլիվուդի «ամենապինդ տղեքը»՝ Առնոլդ Շվարցենեգերի գլխավորությամբ, որն ապրում էր իր կարիերայի աճի բուռն շրջանը։ Բացի այդ, ինքնին՝ պատմությունը այլմոլորակային որսորդի մասին, որը սաֆարի է կազմակերպում Երկիր մոլորակի ամենավտանգավոր մարդկանց նկատմամբ, ծայրահեղ օրիգինալ էր, իսկ հենց այլմոլորակայինի դիզայնը՝ անմոռանալի։ Արագ, ուժեղ, անողոք, մարդկային տեխնոլոգիաները զգալիորեն գերազանցող հանդերձանքով ու զենք-զինամթերքով արարածն, այդուհանդերձ, պարտվեց մասկուլինության գերկոնցենտրացիայով էկրանը պատառոտող «երկաթյա Արնիին», դարձավ սեփական ավարի զոհն ու տղամարդավարի ինքնաոչնչացվեց։
Առաջին ֆիլմի հաջողությունից ոգևորված պրոդյուսերները՝ լեգենդար Ջոել Սիլվերի գլխավորությամբ, որոշեցին անմիջապես անցնել սիքվելի մշակմանը, ինչով էլ սկսվեց նոր ձևավորված ֆրանշիզի ինքնաոչնչացման երկար ու տառապալի ուղին։ Երեք տարի հետո էկրաններ բարձրացավ «Գիշատիչ 2» (Predator 2) ֆիլմը՝ առանց Շվարցենեգերի, իրադարձություններն էլ իսկական ջունգլիներից տեղափոխվեցին Լոս Անջելեսի քաղաքային ջունգլիներ։ Չնայած ժամանակի ընթացքում երկրորդ ֆիլմը նույնպես կուլտային դարձավ, պրեմիերայի ժամանակ այն արժանացել էր կինոքննադատների խիստ սառն ընդունելությանը. ֆիլմը մեղադրում են ծայրահեղ դաժանության, թռեշի հասնող անտրամաբանության, անտեղի հումորի ու առաջին ֆիլմի ֆաբուլան գրեթե ամբողջությամբ, սակայն անփութորեն կրկնելու համար։ Ֆիլմը չունեցավ ֆինանսական հաջողություն, ու գիշատչի մասին երկար ժամանակ մոռացան։ 14 տարի հետո երկրպագուների գլխին փլուզվեց երկու անհաջող քրոսօվեր մեկ այլ հոլիվուդյան հրեշի հետ «Օտարն ընդդեմ Գիշատչի» (Alien vs Predator) աղետալի դիլոգիայում, 2010թ-ին Ռոբերտ Ռոդրիգեսը ֆրանշիզը փրկելու ևս մեկ փորձ կատարեց իր պրոդյուսերական վերահսկողությամբ նկարված «Գիշատիչներում» (Predators), իսկ 2018-ին ֆրանշիզի դագաղին վերջնական մեխը խփեց Շեյն Բլեքը՝ «Գիշատիչը» ( The Predator) անունը ստացած անօգնական ու հիմար բալագանով. այն նույն Բլեքը, որի մարմնավորած կերպարն առաջին ֆիլմում դարձավ որսորդի առաջին զոհը։ Թվում էր, թե վերջ, այլևս ոչինչ անել հնարավոր չէ։ Պացիենտն ավելի շուտ մեռած էր, քան ողջ։
Սակայն 41-ամյա Դեն Տրախտենբերգն օրերս ապացուցեց, որ ֆրանշիզի մահվան մասին շշուկները մի փոքր չափազանցված են։ «Քլովերֆիլդ Լեյն, 10» (10 Cloverfield Lane) հրաշալի կամերային թրիլլերի ռեժիսորը որոշեց չկրկնել նախորդ անհաջող փորձերում կիրառված մոտեցումները, այլ պատմությունը պատմել այնպես, կարծես այն ոչ թե մեծ մեդիաֆրանշիզի մաս է, այլ առանձին, ինքնուրույն կինո։
Իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարի սկզբին, ամերիկյան Մեծ հարթավայրերում։ Պատմության կենտրոնում կոմանչների համայնքի ներկայացուցիչ Նարուն է՝ երիտասարդ աղջիկ, որը երազում է որսորդ դառնալ, սակայն հարազատներն ու համայնքն այլ կարծիքի են։ Հենց այդ ժամանակ էլ մոտակա անտառներում իր որսն է սկսում այլմոլորակային հրեշը, ինչը գլխավոր հերոսուհու համար հնարավորություն է դառնում ստուգելու, թե ինչ խմորից է ինքը հունցած։
Ռեժիսորը հրաժարվել է նախորդ ֆիլմերի գրեթե բոլոր գեղարվեստական ատրիբուտներից. այլ է պատկերը, ուրիշ է մթնոլորտը, անգամ երաժշտական ուղեկցությունը քիչ է հիշեցնում Ալան Սիլվեստրիի հռչակավոր OST-ը։ Սա լրիվ ինքնուրույն պատմություն է ինքնաճանաչման, սեփական հնարավորությունների սահմանները ստուգելու, ու, որքան էլ տարօրինակ հնչի, բարդ իրավիճակում հույսը ոչ միայն իր ուժերի, այլև հարազատ մարդկանց աջակցության վրա դնելու մասին։ Ավելի ուշադիր դիտման դեպքում, սակայն, նկատելի է դառնում հեղինակների անսահման հարգանքն առաջին ֆիլմի նկատմամբ. այո, երաժշտական ուղեկցությունն այլ է, սակայն նկատելի են Սիլվեստրիի ստեղծագործության ելևէջները; ֆիլմն առատորեն լցված է այստեղ ու այնտեղ խնամքով տեղադրված հղումներով, որոնք օրգանապես կապված են պատմության հետ, ոչ թե հղումներ են հղումների համար; գիշատչի վարքագիծը շատ բան է ասում նրա մշակույթի ու անգամ՝ անձի մասին, հասկանալի է դառնում, որ գործ ունենք անփորձ, խիզախ, սակայն ոչ շատ խելացի, իմպուլսիվ սկսնակի հետ, որը, ինչպես և գլխավոր հերոսուհին, փորձում է անցնել իր «կատամիան» ու ամոթով չմնալ մեծահասակների մոտ։ Դրա համար է ֆիլմի գլխավոր անտոգոնիստը գլխապատառ հարձակվում թեկուզ չնչին վտանգ ներկայացնող ցանկացած արարածի վրա, ու հենց իր այդ վարքագիծը կդառնա իր պարտության պատճառը։ Առաջին անգամ ֆրանշիզում այլմոլորակային որսորդը բնավորության գծեր ունի։
Տրախտենբերգն անշտապ, կամերային ֆիլմերի ռեժիսոր է, որը վարպետացած է պատմությունը դանդաղ, լարվածությունն աստիճանաբար ավելացնելու միջոցով կատարսիսի տանելու հարցում։ «Ավարում» ռեժիսորը դրսևորում է նաև 87թ-ի օրիգինալի ճիշտ ընկալում. ֆրանշիզի մյուս ֆիլմերը տապալվեցին, որովհետև չէին բռնել Մակտիրնանի ֆիլմի երակը, ընդօրինակում էին՝ առանց ճիշտ շեշտադրումների, առանց մթնոլորտը որսալու։ Տրախտենբերգն ամեն կադրով հաստատում է, որ շոշափում է այդ երակը։ Իր ֆիլմը միաժամանակ մաքսիմալ նման է ու մաքսիմալ տարբեր առաջին ֆիլմից (քրոնոլոգիկ առումով «Ավարը» պրիքվել է), այն չի դիմում ծայրահեղ ավելորդությունների, ինչպես երկրորդ ֆիլմը, չնայած ոչ պակաս բրուտալ է, այն չի ընկնում մարազմի մեջ, ինչպես քրոսօվերներն ու Բլեքի նկարած խայտառակությունը, ու այն ազատ է օրիգինալը կուրորեն ու ամեն ինչում պատճենելուց, ինչպիսին Նիմրադ Անթալի ֆիլմն էր։
«Ավարը» ոչ շատ թանկարժեք, ոչ շատ մասշտաբային, փոքրիկ, բայց շատ հաճելի պատմություն է, որը օրիգինալից հետո ֆրանշիզում տիրող խավարում ծագած նոր աստղ է։ Շատ կինոքննադատներ անգամ համարում են, որ այն ավելի լավն է, քան 1987թ-ի ֆիլմը, սակայն հաստատ է մի բան. ֆրանշիզում թարմ արյունը, նոր մոտեցումներն ու պրոդյուսերական ճնշումից ազատ լինելը հրաշքներ են գործում։ Հուսանք, նոր սեփականատերը՝ Disney-ը, սրանից դասեր կքաղի ու կհարստացնի այլմոլորակային որսորդների աշխարհը նոր, ունիկալ հեղինակային պատմություններով։


