Հոկտեմբերի 7-ին Netflix սթրիմինգային ծառայությունով ցուցադրվեց Մայք Ֆլենագանի «Կեսգիշերային ակումբ» (The Midnight Club) սերիալը` հիմնված Քրիստոֆեր Փայքի համանուն վեպի վրա։ Ի սկզբանե դիրքավորված որպես դեռահասների մասին հորրոր` փաստացի սերիալն իրենից ներկայացնում է բավականին բարդ թեմայի շուրջ մտորումներ, որոնք նյութականացվում են հերոսների անձնական ողբերգության շուրջ ծավալվող խորը դրամայի միջոցով։
Մենք դիտել ենք սերիալն ու կիսվում ենք տպավորություններով․
Նախորդ դարի 90-ականների կեսն է։ Քաղաքակրթությունից հեռու` անտառներում, վիկտորիանյան ոճի առանձնատանը գործում է մանկական հոսփիս, որի պացիենտները` անբուժելի հիվանդության պատճառով իրենց կյանքի վերջին օրերն ապրող դեռահասներ, ամեն կեսգիշերին հավաքվում են գրադարանում` միմյանց պատմություններ պատմելու։ Նրանք նաև պայմանավորվածություն ունեն` ով առաջինը մահանա ու վերածվի ուրվականի, ամեն ինչ անելու է` մյուսներին հանգուցյալ կյանքի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Թե՛ առանձնատան մթնոլորտը, ու թե՛ պացիենտների վիճակը պարարտ հող են ուրվականների մասին հերթական հորրոր պատմության համար, սակայն Ֆլենագանը չի ուզում պրիմիտիվացնել այդքան բարդ թեման ու ընտրում է լրիվ այլ ճանապարհ։
Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքի ծնունդ (հենց այն Սալեմի, որտեղ վհուկներն էին), Սթիվեն Քինգի մեծ երկրպագու (այն Քինգի, որը գրել է Սալեմի մասին) Ֆլենագանի ստեղծագործական բուռն ժամանակահատվածը համընկավ Netflix-ի հետ սերտ համագործակցության ու տրամադրության տակ ֆինանսական անսպառ միջոցներ ստանալու հետ։ Մինչ այդ մի քանի անցողիկ հորրորներ նկարած ռեժիսորը փայլեց սերիալների ոլորտում` էկրանավորելով Շերլի Ջեքսոնի «Բլուրի տան ուրվականը» (The Haunting of Hill House) գիրքը։ Համանուն սերիալը` ծայրահեղ վախենալու, խելացի, կինոդիտողին հիստերիայի հասցնող, շատ արագ սիրվեց, իսկ սթրիմինգային ծառայությունը Ֆլենագանին քարտբլանշ տվեց` իր սարսափ պատմությունները սերիալային ֆորմատ տեղափոխելու համար։ Հաջորդը, կրկին ուրվականների մասին, «Բլայ կալվածքի ուրվականները» (The Haunting of Bly Manor) սերիալն էր, իսկ 2021-ին ցուցադրվեց «Կեսգիշերային պատարագ» (Midnight Mass) վամպիրական սերիալը։
Ու չնայած պոպուլյար թեմաների շահագործմանը (ուրվականներ, վամպիրներ), Ֆլենագանը պատմության միջոցով խորը զոնդավորման էր ենթարկում ավելի արդիական ու մարդկային թեմաներ. քավության ու ներման, ծնողների ու երեխաների կոնֆլիկտի, հնի ու նորի բախման, հավատքի ու կրոնական մոլեռանդության սահմանի մասին։ Ֆլենագանը երբեք չի ընտրում հեշտ ուղիներ, վախեցնելու հետ միասին պատմելով ավելի հողեղեն, մարդկային, բոլորին հարազատ թեմաներից։
«Կեսգիշերային ակումբը» թեմատիկ առումով շատ ավելի բարդ է։ Ոչ բոլոր ստեղծագործողները բավարար խիզախություն ունեն մահվան շեմին հայտնված ու դրա մոտալուտ գալուստը զգացող երեխաների մասին պատմելու համար, սակայն Ֆլենագանն անում է դա այնպիսի վստահությամբ` աստիճանաբար, սկուրպուլյոզ ձևով վեր հանելով թե՛ հոգեբանական, ու թե՛ սոցիալ-հասարակական բարդ թեմաներ, որ թեմատիկ ծանրությունն այնքան ծանր չի արժենում հանդիսատեսի համար, որքան կարող է թվալ։
«Կեսգիշերային ակումբն» առաջին հերթին կյանքը գովաբանելու, կյանքը վերարժևորելու համոզիչ հիմն է։ Ու ապրելու զգացումը Ֆլենագանն ավելի սուր է դարձնում կենտրոնական պատմության մեջ ներկայացվող պատմությունների միջոցով։ Ակումբի անդամներն ամեն կեսգիշերին գրադարանում միմյանց պատմություններ են պատմում, ու այդ պատմությունները` պատմողի հոգեկան ապրումների, չիրականացած իղձերի ու երազանքների, վախերի ու մտքերի արտացոլումը, է՛լ ավելի են հարստացնում կենտրոնական պատումը, ավելի վառ ու բազմակողմանի են բացում կերպարներին։ Պատմություններ պատմելը, պատմության միջոցով նոր աշխարհներ ստեղծելու ու այլ մարդկանց այդ աշխարհներ հրավիրելու կարողությունը մարդկային բանականության մեծագույն հրաշքն է, ու Ֆլենագանը դա հիանալի զգում է։ Մարդկային ուղեղը գործիք է, որի միջոցով նա կարող է այցելել այլ աշխարհներ, սակայն այդ գործիքը տրված է սահմանափակ ժամկետով, մի օր դռները դեպի ուրիշ աշխարհներ փակվելու են, ու սերիալի հերոսները, հասկանալով դա, ինչպես ոչ ոք, շտապում են օգտվել հնարավորությունից, քանի դեռ կարող են։
«Կեսգիշերային ակումբը» ոչ մի առումով հորրոր չէ, չնայած կենտրոնական պատմությունը պարունակում է հորրորի էլեմենտներ։ Սա հուսահատության շեմին հայտնված լրիվ տարբեր դեռահասների պայքարի ու հաշտվելու պատմություն է, որի գլխավոր եզրակացությունն ապրումակցելն ու դժվարին պահին միմյանց աջակից լինելն է։ Միաժամանակ, սա ծանր ապտակ է մարդկանց հուսահատության հաշվին իրենց շահերն առաջ տանող տարատեսակ հեքիմներին ու ոչ ավանդական բուժակներին, սոցիալական միֆերի ու սնոտիապաշտության կրողներին, ուրիշի ցավը չհասկացողներին ու կիսել չկարողացողներին։ Սա Ֆլենագանի ամենահասուն ու միանշանակ գործն է, որը, չնայած թեմայի ծանրությանը, խորհուրդ ենք տալիս բացարձակապես բոլորին։
Կարդալ նաև՝


