VNews Culture-ի զրուցակիցն է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենապարուհի Տաթևիկ Բոլշիկյանը։ Տաթևիկը պարում է բազմաթիվ ներկայացումներում: Մենապարուհի է ‹‹Սպարտակ››, ‹‹Գայանե››, ‹‹Շելկունչիկ››, ‹‹Բյուրեղապակյա դղյակ››, ‹‹Ժիզել›› և այլ ներկայացումներում:
Տաթևիկ, ո՞վ է բալետի արտիստը:
Մարդ, որը ձգտում է կատարելության, որովհետև բալետում անկատար ոչինչ չկա: Չես կարող բեմ դուրս գալ թերի՝ թե՛ տեխնիկապես, թե՛ արտաքնապես: Ամեն ինչ պետք է լինի կատարյալ՝ հագուստը, մազերը, դիմահարդարումը, պարային ու զգացմունքային առումով արտիստը պետք է լինի լիարժեք: Բալետում շատ կարևոր է հարմոնիան՝ տեխնիկապես դժվար թռիչքները բեմում ներկայացնել թեթև, էսթետիկ ու ժպիտով: Այդ հարմոնիային հասնում ենք երկար պարապմունքների արդյունքում, ապրում այդ ռեժիմով, ու այն կամաց֊կամաց դառնում է մեր կյանքի մի մասնիկը: Ճիշտ է՝ դժվարությունները շատ են, հաճախ կոտրվում ես, ասում՝ ‹‹վայ չի ստացվում, չեմ կարողանում›› և այլն, մտածում ես՝ թողնես ամեն ինչ, դա քեզ պետք չէ, բայց, երբ բեմ ես դուրս գալիս ու սկսում ես վայելել, հաճույք ստանալ, այն բոլոր դժվարությունները, որ ապրել ես մինչ այդ պահը, անհետանում են: Հասկանում ես, որ յուրաքանչյուր փոքր դժվարություն իր արդյունքը տալիս է, հասկանում ես՝ ձգտումն ինչի համար է, որ աշխատես, դժվարություններն անցնես, որպեսզի վերջում վայելես ծափահարությունները, շնորհակալությունները:
Ինչպե՞ս է եղել քո մուտքը բալետ: Արդյոք երազո՞ւմ էիր դառնալ բալետի պարուհի:
Ո՛չ, ես երազում էի դառնալ գեղասահորդուհի: Շատ սիրում էի գեղասահքն ու հետևում բոլոր մրցաշարերին: Ես հաճախ ինձ պատկերացնում էի սառույցի վրա սահելիս, մրցումներին մասնակցելիս: Բայց, քանի որ այդ ժամանակ գեղասահքի դպրոց չկար, մայրիկս համոզեց, որ բալետը նման է գեղասահքին՝ ուղղակի պարը ոչ թե չմուշկների, այլ պուանտների վրա է, ու այդպես ես հայտնվեցի Պարարվեստի ուսումնարանում: Սկզբում շատ մեծ դժվարությամբ էին ինձ տրվում շարժումները, մտածում էի դուրս գալ ուսումնարանից, բայց ինձ չթողեցին, քանի որ լավ տվյալներ ունեի: Բալետի հետ իմ հարաբերությունները սկզբում հարթ չեն եղել, առաջին հայացքից սեր չէր: Բայց որոշ ժամանակ անց ավելի խորը, գիտակցված ու հասուն սեր ծնվեց: Չկարողացա բալետից հրաժարվել:

Դու պարում ես երկրի գլխավոր թատրոնի բեմում: Հիշո՞ւմ ես այն զգացողությունները, որով առաջին անգամ բեմ ես բարձրացել:
Ես այդ ժամանակ շատ փոքր էի, երևի տասը տարեկան: Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությունն էր ‹‹Պարմանի›› թատրոնում․ ներկայացումը ‹‹Բարբի›› էր կոչվում, ու մենք ճուտիկների դերում էինք: Դա այնքան ոգևորիչ էր, այնքան հետաքրքիր: Այդ ժամանակ առաջին անգամ գիտակցեցի բեմում պարելու պատասխանատվությունն ու զգացողությունները:
Բացի տեխնիկական հատկանիշներից, ֆիզիկական պատրաստվածությունից ու տվյալներից, ի՞նչ անձնային հատկանիշներ պետք է ունենալ բալետի արտիստ դառնալու համար:
Ամենակարևորը՝ աշխատասիրություն, համառություն, պատասխանատվություն, հարգանքով վերաբերվել մասնագիտությանը: Կամքի ուժ, որ թույլ չտաս, որ որևէ մեկը քեզ կոտրի: Որովհետև ցանկացածը կարող է քեզ կոտրել ու ասել՝ ‹‹Տե՛ս, դու սա չես կարողանում, իսկ մյուսը կարողանում է››: Դա չպետք է քեզ վրա բացասական ազդեցություն թողնի, դու պետք է հավատաս նրան, թե ուր ես գնում ու աշխատես քո առջև դրված նպատակին հասնելու համար: Սահմանես քո՛ գերնպատակը:
.jpg)
Մենք այնքան հաճախ ենք լսում այն դաժան մրցակցության մասին, որ ունենում են բալետի արտիստները կուլիսներում: Ռուս բալերինաները պատմում են, որ ներկայացումից առաջ իրենց պուանտի թելերն են կտրել, կամ հագուստի վրայի քարերն են պոկել: Բալետում դաժան մրցակցության մասին մենք տեսնում ենք Դարեն Արոնոֆսկու ‹‹Սև կարապ›› ֆիլմում: Ի վերջո, դա, իրոք, այդպե՞ս է, թե՞ պարզապես չափազանցություն է:
Մրցակցություն, իհարկե, կա, բայց ես չեմ տեսել, որ մեզ մոտ պուանտի թելերը կտրեն կամ հագուստը վնասեն: Մեզ մոտ հիմնականում վնասում են խոսքով, բամբասանքով: Հիմնական մրցակցությունը դերի համար է: Դա միշտ եղել է ու կլինի, և դա նորմալ է: Առողջ մրցակցությունը շատ մեծ մոտիվացիա է: Դա նպաստում է լինել լավագույնը: Այսինքն, եթե մեկը պարի հատվածը լավ է անում, չպետք է հետ մնաս, այլ հասնես ու նաև անցնես: Եթե մի քանի անգամ հետ մնաս, միշտ հետևում կլինես: Ինչպես նշեցի՝ բալետը կատարելություն է սիրում:
Հե՞շտ ես մտնում կերպարի մեջ
Բալետում չկա մի բան, որը միանգամից է ստացվում: Տեխնիկական վարժությունները, բեմին սովորելը ժամանակ է պահանջում, պետք է շատ փորձես, որպեսզի, դուրս գալով բեմ, դահլիճում ճիշտ ներկայացնես կերպարը: Միշտ նայում եմ տարբեր արտիստների կատարումները, տեսագրությունները, ուշադրություն եմ դարձնում հայացքին, շարժումներին, որպեսզի կարողանամ վերլուծել կերպարը, վերցնեմ այն, ինչ ինձ պետք է: Անպայման կարդում եմ պիեսները, որպեսզի ավելի խորը պատկերացում կազմեմ սյուժեի մասին, լիարժեք հասկանամ, թե ո՞վ է հերոսը, ո՞ւմ եմ կերտում:

Էգինա՝ ‹‹Սպարտակ›› բալետ
Արդեն չորս տարի է՝ Էգինա ես պարում ‹‹Սպարտակ›› բալետում: Այս տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել քո Էգինան:
Ավելի վստահ է դարձել: Տարիքի հետ ավելի լավ ես հասկանում կերպարը, կերպարի խորությունն ու այն ներկայացնում հանդիսատեսին: Ավելի զգացմունքային է դարձել, տեխնիկապես ավելի ուժեղ:
Ինչպես նշեցիր, քո Էգինան շատ զգացմունքային է ու միաժամանակ շատ ուժեղ: Քո դերը քեզ ի՞նչ է տվել:
Կյանքի փորձություններն են օգնում կերպարի ճիշտ ներկայացման համար, երբ ապրում ես դժվարություններ, փորձություններ: Էգինայի կերպարում տեսնում ենք, որ կինը ցանկացած իրավիճակում պետք է լինի ուժեղ ու միշտ ամուսնու կողքին, պաշտպանի կողակցին, եթե ընտրել է՝ պետք է օգնի: Էգինան Կրասոսին շատ է օգնում, ու եթե Էգինան չլիներ, Կեսարը կկործանվեր:
.jpg)
‹‹Գայանե›› բալետ
Քեզ մոտ վերջերս պրեմիերա էր: Դու առաջին անգամ ‹‹Գայանե›› պարեցիր ու հանդիսատեսը ջերմորեն ընդունեց քո Գայանեին:
‹‹Գայանե›› պարելն իմ ամենամեծ երազանք էր: Դեռ պատանի տարիքից դեպի այդ դերն էի գնում, սակայն եկավ մի պահ, երբ կոտրվեցի ու այդ երազանքը դրեցի մի կողմ: Մի օր իմ շատ լավ ընկերը, որը նաև մեր բալետմեյստերն է՝ Ռուբեն Մուրադյանը, ասաց, որ պետք է Գայանե պարեմ, ու շատ քիչ ժամանակ ունեի այդ դերին նախապատրաստվելու համար: Բոլոր ներկայացումներում այնքան մեծ էր ծանրաբեռնվածությունս, որ Գայանեի փորձերն անգամ երեկոյան էի անում: Երբ հասավ պրեմիերայի օրը, բոլոր զգացմունքներս միախառնվել էին: Ես և՛ հոգնած էի, և՛ ոգևորված, և՛ պատասխանատվությունից լարված: Ես անընդհատ մտածում էի, որ ոչինչ չշփոթեմ, որ ամեն ինչ ճիշտ անեմ: Անգամ խնդրել էի փորձավարներին, որ կուլիսներում լինեին, որ հանկարծ ոչինչ չմոռանամ: Ռուբենն ինձ շատ օգնեց՝ թե՛ ներկայացման օրը, թե՛ փորձերին: Նա նաև իմ զուգընկերն էր, ու եթե ինքը չլիներ, չգիտեմ՝ ինչպես էի կարողանալու այդ մեծ պատասխանատվության տակից դուրս գալ: Բայց, իհարկե, հաճելի էր: Ես հիմա մեծ սիրով ու ջերմությամբ եմ հիշում այդ առաջին անգամը, երբ Գայանե էի պարում:
Ներկայացումներից առաջ սարսափ երազներ տեսնո՞ւմ ես, օրինակ՝ պուանտի թելը պոկվեց ներկայացման ընթացքում կամ շարժումները մոռացար:
Պետք է քնել, որպեսզի երազ տեսնել (ծիծաղում է - հեղ․): Մտովի հիշում ենք փորձերը, շարժումները, մուտքերը, ելքերը: Սխալներն ենք վերհիշում, ուղեղով նորից պարում ենք, որպեսզի բեմի վրա ամեն ինչ հարթ լինի:

Արի միասին կոտրենք բալետի արտիստների մասին մի քանի միֆեր: Իսկապե՞ս բալետի արտիստն ամբողջ օրը պարապում է և ազատ ժամանակ չունի:
Դա կախված է նրանից, թե ինչ ներկայացում է: Մեկ ժամ դասական պարի ժամն է, որը, անկախ ներկայացումներից, մենք ամեն օր ունենք: Մեկից երկու ժամ էլ փորձերն են, հետո՝ երեկոյան ներկայացումները: Պատահում է, որ ներկայացումից ազատ օրերին երեկոյան էլ ենք փորձ անում: Դա արդեն կախված է տվյալ ամսվա ծանրաբեռնվածությունից ու ներկայացումների քանակից:
Ասում են՝ բալետի արտիստները սնվում են միայն ջրով:
Անհնար է, մեզ ուժ է պետք, էներգիա է պետք, ու մենք չենք կարող չսնվել: Պարզապես ներկայացումներից առաջ քիչ ենք սնվում, որպեսզի ավելի թեթև լինենք։ Տղաներին ենք խղճում (ծիծաղում է - հեղ․): Թե չէ սոված, հաստատ, չենք մնում:

Ճի՞շտ է, որ բալետի արտիստները պետք է քիչ խոսեն, որպեսզի էներգիա չծախսեն:
Ասում են, բայց ես չաչանակ եմ, ինձ մոտ դա չի ստացվում: Երբ ես չեմ խոսում՝ ավելի լարվում եմ: Հաղորդացությունն ինձ օգնում է: Շատ են ասում՝ մի՛ խոսիր, որ էներգիադ չսպառվի, բայց, որ լուռ եմ, ավելի եմ լարվում, տարբեր մտքեր են գալիս, որ ինձ հաստատ չեն օգնում:
Ամենամեծ միֆն այն է, որ բալետի արտիստներն իրավունք չունեն մինչև կարիերայի ավարտը մայրանալ:
Մեր թատրոնում շատերն ունեն երեխաներ: Ես երկուսն ունեմ: Նման խնդիր ու պահանջ չկա: Մեկ տարի բաց ենք թողնում ներկայացումները, հետո արդեն հնարավորինս շուտ վերականգնվում ենք ու վերադառնում բեմ:
2019 թվականին ‹‹Բյուրեղապակյա դղյակը›› ներկայացման պրեմիերային դու գլխավոր դերերից մեկի՝ սառած ծաղիկների փերու կերպարում էիր ու ներկայացման ժամանակ, բացի բավական շատ բարձր թռիչքներից, նաև 32 ֆուետե կատարեցիր, ինչից հետո դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Քչերը գիտեն, որ այդ ժամանակ դու սպասում էիր քո երկրորդ բալիկին:
Գրեթե ոչ ոք չգիտեր: Ես և ամուսինս ոչ ոքի չէինք ասել, որ բալիկի եմ սպասում, որովհետև այդ ավելորդ լարվածությունն ինձ հաստատ կխանգարեր: Միայն Ռուբենը գիտեր: Ես էի միայն այդ դերի համար հաստատված, և հետ կանգնելն իմ կողմից կդիտարկվեր ոչ պրոֆեսիոնալ: Առաջին բալիկիս ժամանակ նույնպես բեմ էի դուրս եկել, և վստահ գնացի այդ քայլին: Փորձերին այնքան շատ էի ֆուետե կատարել, որ բեմի վրա ընդհանրապես ոչ մի բարդություն չեղավ: Թե՛ փորձերի, թե՛ ներկայացման ժամանակ ընդհանրապես չեմ մտածել իմ կարգավիճակի մասին: Ինքս ինձ ասում էի, որ ոչ մի բացասական բան չի լինի: Միայն դրականի մասին էի մտածում, ու այդպես էլ եղավ:
Հաճա՞խ ես համեմատականներ անցկացնում, օրինակ՝ ինչպես էիր պարում մեկ տարի առաջ և ինչպես ես պարում հիմա:
Ամեն օր եմ համեմատում: Փորձում եմ ամեն օր իմ պարի մեջ ինչ֊որ բան ավելացնել: Եթե փորձին մի հատված կամ շարժում չեմ կարողանում անել, ապա գնում եմ տուն, մտածում եմ՝ ինչո՞ւ չստացվեց, ու ամեն ինչ անում եմ, որ հաջորդ օրը շարժումը կարողանամ անել, որ ամեն օր նախորդ օրվանից ավելի լավը լինեմ: Լավ արդյունքի հասնում ես միայն շատ աշխատանքի, անդադար փորձերի, երբեմն՝ վնասվածքների արդյունքում:
Ոտքերիդ վրա կապտուկները, վերքերը շա՞տ են։
Այս պահին՝ ոչ, բայց վերջերս մի վերք կար, որ շատ բարդ ընթացք ունեցավ: Մոտ մեկ ամիս չէի կարողանում պուանտ հագնել: Դա հենց ‹‹Շելկունչիկի›› պրեմիերայից առաջ էր, և պրեմիերայից ընդամենը մեկ օր առաջ կարողացա պուանտ հագնել:
Ասում են՝ բալետի արտիստների ձեռքերը, ոտքերը, մարմինը, վիզը միշտ ցավում է: Դա այդպե՞ս է:
Այդպես է: Ինչպես ասում էր Հովհաննես Դիվանյանը՝ եթե բալետի արտիստն արթնանում է ու իր ոչ մի տեղը չի ցավում, նշանակում է՝ նա մահացել է: Ցավերը միշտ կան, ծանրաբեռնվածությունից անընդհատ վնասվածքներ ենք ստանում, գերհոգնածությունից մկաններդ են ցավում:
Ի վերջո, արժե՞ այդ բոլոր դժվարությունների, ցավերի միջով անցնել բալետի համար:
Միանշանակ արժե: Եթե բալետը քո նպատակն է, եթե ունես տվյալներ, եթե ունես ապագա բալետում ու կարող ես միայն առաջ գնալ, իհարկե արժե: Բայց եթե արդյունքի չես հասնում՝ իմաստ չկա: Պետք է ճիշտ գիտակցել, ճիշտ գնահատել իրավիճակը: Երբ ես հագնում եմ իմ բեմական հագուստն ու բեմ դուրս գալիս, մոռանում եմ, որ գիշերը չեմ քնել կամ վնասվածք ունեմ, կամ ունեցել եմ դաժան փորձեր: Վերջին անգամ, երբ ոտքս վնասել էի, շատ ուժեղ ցավեր ունեի ու պետք է ‹‹Սպարտակ›› պարեի: Ներկայացման օրը՝ կուլիսներում, ես անընդհատ մտածում էի՝ արդյոք կկարողանա՞մ պարել: Բայց, երբ դուրս եկա բեմ, մոռացա ցավի մասին, մինչև վերջ պարեցի: Ներկայացման ավարտին, երբ պուանտները ոտքերիցս հանեցի, ուղղակի արցունքները գնացին, ցավից չէի կարողանում անգամ շնչել: Զարմանալի է, քանի որ բեմում ոչ մի ցավ չէի զգում, գուցե ադրենալինն է, գուցե չափից դուրս պատասխանատվության զգացողությունն է, որ թույլ չի տալիս բեմի վրա ցավ զգալ:

Ի՞նչ խորհուրդ կտաս այն պատանիներին, որոնք պարարվեստի ուսումնարանում են սովորում ու ապագայում դառնալու են քո կրտսեր գործընկերները բեմում:
Լինեն շատ աշխատասեր ու ձգտում ունենան: Շատերին թվում է, որ ամեն ինչ շատ հեշտ կարող է տրվել, բայց իրականում դա այդպես չէ, բալետում ոչ մի բան հեշտ չի տրվում: Եթե նպատակ ունեք դառնալ բալետի արտիստ, շատ աշխատեք, ինքնակրթվեք: Բեմն արտացոլում է ամեն ինչ, ինտելեկտը, տեսակը, արժեհամակարգը:
.jpg)
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարները՝ Տաթևիկ Բոլշիկյանի անձնական արխիվից
Լուսանկարիչ՝ Տիգրան Առաքելյան


