«Շունչ» թատրոնը հանդիսատեսին է ներկայանում նոր և բացօթյա ներկայացմամբ՝ «Ա՜յ քեզ հարսանիք»։ Ներկայացման առաջնախաղը հունիսի 25-ին է։ Սա պարզապես ներկայացում չէ, այլ իրական հարսանիք՝ բաց երկնքի տակ։ Այստեղ հանդիսատեսը դառնում է հարսանիքի հյուր, իսկ ներկայացման յուրաքանչյուր պահ հիշեցնում է՝ կյանքը լավագույն սցենարիստն է։ Հարսանիք, որտեղ բոլորը սիրում են, բայց ոչ ոք չի ամուսնանում։ Սիրային եռանկյունիներ, ընտանեկան ինտրիգներ, երգ, պար, բամբասանքներ ու հայկական հարսանիքի բոլոր «անբաժանելի» ատրիբուտները՝ հումորային ոճով։
Դերասանները վեցն են՝ Էմմա Մկրտչյան (հարս), Հայկ Դարբինյան (փեսա), Սամվել Օհանյան (հարսի հայր), Մարգարիտա Խաչատրյան (հարսի մայր), Սուրեն Առուստամյան, (փեսայի ընկեր) և Արև Հակոբյան (հարսի ընկերուհի)։ Բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է, պարուսույցը՝ Հարություն Թոփալիդիսը, տնօրենը՝ Սամվել Դանիելյանը, պրոդյուսերը՝ Սեյրան Մովսիսյանը։ Սեյրանի խոսքով՝ նման ներկայացման նպատակ և գաղափար ունեցել են դեռ անցած տարվանից, պարզապես զբաղվածության պատճառով 2024-ին չհասցրին իրականացնել։ «Որոշեցինք այլընտրանքային, բացօթյա տարբերակ առաջարկել հանդիսատեսին, քանի որ մարդիկ այս եղանակին չեն ցանկանում փակ դահլիճում ներկայացում նայել։ Սա միայն ներկայացում չէ, այլ ժամանց։ Հաճախ լինում է, որ հարսանիք չի լինում, ասում ենք՝ «մի հատ հարսանիք չլիներ, գնայինք, ուրախանայինք»։ Հիմա մենք տալիս ենք այդ հնարավորությունը։ Երբ զանգում են տոմսերի համար ու տեղեկանում են, որ «dress code» կա, այսինքն՝ պետք է հարսանեկան հագնվեն, ուրախանում են։ Տևում է մոտ 4 ժամ։ 19։30-ից գինու հյուրասիրություն է՝ լողավազանի շուրջ, երաժշտության ներքո։ 20։00-ին ներկայացումն է, իսկ 21։00-23։00-ին՝ «afterparty»-ն։ Ուզում ենք մարդկանց օր նվիրել, որպեսզի չգան միայն ներկայացում նայեն և գնան», - պատմեց «Շունչ» թատրոն համահիմնադիր Սեյրանը։
6 դերասանից 5-ը առաջին անգամ են գործակցում «Շունչ» թատրոնի հետ։ Միայն Սամվել Օհանյանն է նախկինում աշխատել թատրոնի հետ։ Սեյրանն ուրախ է, որ դերասանների քիմիան տեղի ունեցավ և ստացվեց ֆանտաստիկ ներկայացում։ «Այս անձնակազմը գրեթե ամբողջությամբ նոր է։ Առաջին անգամ ենք աշխատում նաև ռեժիսորի հետ։ Երկար ժամանակ փնտրում էինք աշխատանք, որի շրջանակում կգործակցեինք Սամսոնի հետ։ Երկար մտածելուց հետո հասկացանք, որ այս ներկայացումը հենց Սամսոնի հետ էլ կիրականացնենք։ Նա բացօթյա ներկայացման փորձ ուներ և ցանկացանք, որ մեր թատրոնում լինի նրա ձեռագիրը», - նշեց Սեյրանը։
Ըստ Հայկ Դարբինյանի՝ դեռ ուսանողական տարիներից շատ է սիրել Միխայիլ Զոշչենկոյի աշխատանքները։ Այս գործը բացառություն չէր։ «Ես փեսայի դերում եմ, ով շփոթում է իր հարսնացուին մայրիկի հետ։ Այդտեղից էլ սկսվում է ամբողջ պատմությունը», - նշեց Հայկը։
Հայկի հարսնացուն Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանն է։ «Շատ հետաքրքիր է մտածված, որովհետև հանդիսատեսը մասնակցում է Մաքսի և Մեգիի հարսանիքին։ Սամսոնի հետ 2 այլ նախագծում աշխատել եմ։ Մոտավորապես գիտեմ՝ ինքն ինչ է ուզում, և ես ինչ կարող եմ անել», - անկեղծացավ դերասանուհին։
Սուրեն Առուստամյանն էլ մարմնավորում է փեսայի ընկերոջը։ Դերասանի համար ամենակարևորն այն է, որ ծանր ներկայացում չէ։ Իսկ հանդիսատեսն առաջին վայրկյանից դառնում է դերակատար՝ անկախ իր կամքից։
Սեյրան Մովսիսյանը պնդում է՝ թատրոնը պետք է էվոլյուցիա ապրի։ Հանդիսատեսին պետք է անընդհատ նոր բան առաջարակես։ Սեյրանն ու իր թիմն այդ ճանապարհով էլ շարժվում են՝ չմոռանալով դասականի մասին։ «Չենք ասում, թե մենք ենք հորինել բացօթյա թատրոնը, բայց այսպիսի կոնցեպտով հարսանեկան իրավիճակ առաջին անգամ է Հայաստանում։ Պրեմիերան հունիսի 25-ին և 26-ին է, բայց տոմսերը գրեթե սպառված են։ Ի դեպ, սա շատ լավ հնարավորություն է արտասահմանում ապրող մեր հայրենակիցների համար։ Երբ հուլիս-օգոստոսին գալիս են Հայաստան, թատրոններն արձակուրդում են։ Նրանք էլ բողոքում են, որ ներկայացում չեն կարողանում դիտել։ Հիմա արդեն կարող են։ Որքան էլ սա հետաքրքիր տարբերակ է, չենք մոռանում դասական թատրոնի մասին։ 2025-ին նախատեսում ենք 2 մեծ պրեմիերա դահլիճում՝ դասական տարբերակով», - ընդգծեց Սեյրանը։