Logo

Ադամ Բարրոն Հայաստանում հանդես կգա քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված համերգներով

13:25 / 15.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ֆրանսիայում բնակվող օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) շարունակում է ակտիվ կապ պահպանել հայրենիքի հետ՝ յուրաքանչյուր հնարավորության դեպքում համերգներով ներկայանալով հայ հանդիսատեսին։ Նա համագործակցում է հայ երաժիշտների հետ և իր ծրագրերում մեկտեղում հայ և համաշխարհային դասական երաժշտությունը՝ ստեղծագործություններին հաղորդելով նոր շունչ։

Այս տարի Բարրոնը Հայաստանում հանդես կգա քրիստոնեության պետական ընդունման 1725-ամյակին նվիրված երեք համերգով։ Հուլիսի 21-ին նա ելույթ կունենա Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, հուլիսի 22-ին՝ Գյումրու Յոթ վերք եկեղեցում, իսկ հուլիսի 25-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջում։ Երգեհոնահար Գարրի Եփրիկյանի նվագակցությամբ կհնչեն Սեզար Ֆրանկի, Գաբրիել Ֆորեի, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արա Պարթևյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ։

Բարրոնի խոսքով՝ որտեղ էլ ելույթ ունենա, իր համար կարևոր է ներկայացնել նաև հայկական հոգևոր ու դասական երաժշտությունը։ Նա նշում է, որ Եկմալյանի, Կոմիտասի և Մխիթար Սեբաստացու ստեղծագործությունները մշտապես ընդգրկում է իր ծրագրերում՝ ընդգծելով, որ դրանք Եվրոպայում ևս մեծ հետաքրքրությամբ են ընդունվում։

Արտիստը պատմում է, որ Գարրի Եփրիկյանի հետ ծանոթ է շուրջ տասը տարի, և այս համերգաշարով վերջապես իրականություն է դարձել նրանց համատեղ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նկատել է, որ քրիստոնեության ընդունման 1725-ամյակը բավարար ուշադրության չի արժանանում, ինչն էլ դարձել է այս նախաձեռնության հիմնական շարժառիթը։

Հայաստանյան ելույթներից հետո Բարրոնը կվերադառնա Ֆրանսիա, որտեղ նախատեսված են նոր համերգներ։ Դրանցից առանձնացնում է օգոստոսի 29-ին Էքսիդոյի Սուրբ Թովմաս եկեղեցում կայանալիք համերգը, որի ընթացքում կհնչի նաև հայկական երգը, իսկ միջոցառման շրջանակում կկազմակերպվի հանգանակություն՝ եկեղեցու խորանի բացմանն աջակցելու նպատակով։

fastnews-ads-banner