Logo

«Ադամի արարումը» գուցե այն չէ, ինչ մտածում ենք

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 15.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
maxresdefault 1 2 - «Ադամի արարումը» գուցե այն չէ, ինչ մտածում ենք

Սիքստինյան Կապպելլայի գլուխգործոցներից մեկն է համարվում Միքելանջելոյի «Ադամի արարումը», որի ստեղծումը վերագրվում է մոտավորապես 1511թ.-ին: Այս որմնանկարը  Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» աշխատանքի հետ միասին ընկալվում է որպես բոլոր ժամանակների ամենակրոնական նկարներից մեկը:

Որմնանկարում պատկերված են Ադամն ու Աստված: Հենց այս գործի շնորհիվ Միքելանջելոն սկիզբ դրեց Աստծուն ծերունու կերպարով նկարելու տենդենցին: Աստծու մի ձեռքը դեպի Ադամն է ուղղված և թվում է՝ ուր որ է կհասնի Ադամի ձեռքին: Նշենք, որ այս գործի կենտրոնական մասում գտնվում են Ադամի և Աստծու ձեռքերը, մինչդեռ և՛ Ադամը, և՛ Աստված գտնվում են պատկերի երկու տարբեր կողմերում: Աստծու ձեռքը կյանքի է կոչում Ադամին, իսկ վերջինս էլ ամբողջությամբ ընդունում է նրա պարգևը: Ադամի ձեռքի շարժումը նման է Աստծու ուղղված ձեռքին, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ: Այնուամենայնիվ, նրանց ձեռքերն այդպես էլ չեն դիպչում: Սա էլ ևս մեկ անգամ պնդում է. մարդն Աստծուն հասնել չի կարող, Աստված ամենից բարձր է:

Շատերը փորձել են մեկնաբանել, թե ովքեր են Աստծուն շրջապատած 12 կերպարները՝ հրեշտակնե՞ր, թե՞ միանգամայն այլ բան խորհրդանշող կերպարներ: Ոմանք նշում են, որ Աստծո թևի տակ գտնվող կինը Եվան է, քանի որ նա հիացմունքով ու սպասումով նայում է Ադամի կողմը: Ոմանք էլ ասում են, որ այդ կերպարը հավանաբար Մարիամն է, մյուսները՝ իմաստության աստվածուհի Սոֆիան:

1990թ.-ին հնդիկ ֆիզիկոս Ֆրանկ Մեշբերգերը նկատեց, որ Աստվածն իր հրեշտակների ու շրջապատող կարմիր կտորի հետ միասին կազմում է մարդու ուղեղի կառուցվածքը: 

Որոշ ժամանակ անց մեկ այլ վարկած էլ առաջ եկավ. Աստծուն շրջապատող այդ կարմիր կտորը կնոջ արգանդի տեսք ունի, իսկ կանաչ կտորը, որ կախված է կարմիրից, նոր կտրված պորտալար է: Սա բացատրում է այն, որ Ադամը Միքելանջելոյի որմնանկարում պորտ ունի. չէ՞ որ նա ստեղծվել է Աստծու կողմից, այլ ոչ թե ծնվել կնոջից: Փաստորեն, հնարավո՞ր է արդյոք, որ Միքելանջելոն պատկերել է ոչ թե «Ադամի արարումը», այլ Ադամի ծնունդը կնոջից: 

 


fastnews-ads-banner