Logo

Air. Բեն Աֆլեքի սպորտային դրաման, որում շնչելու օդ չկա 

Հեղինակ
Արման Գասպարյան
17:02 / 19.05.2023• Վերլուծություն
Բացառիկ
Բեն Աֆլեք-2023

Այն ժամանակ, երբ Բեն Աֆլեքը սկսեց ապացուցել, որ ոչ վատ դերասան ու հիանալի սցենարիստ լինելուց բացի, նաև խիստ տաղանդավոր ռեժիսոր է, հորիզոնին սկսեցին երևալ ռեժիսորական կարիերայի մայրամուտի նշանները։ 

2007-ին կրակելով «Մնաս բարով, փոքրիկս, մնաս բարով» (Gone Baby Gone) հոգեբանական դրամայով, ապա` սրընթաց շարժվելով դեպի ռեժիսորական Օլիմպոսն իր «Քաղաքով» (The Town)՝ Աֆլեքն արդեն երեք տարի անց արժանացավ գլխավոր «Օսկար»-ի՝ «Արգո» (Argo) ֆիլմի համար, ու թվաց՝ դասականների շարքում հայտնվելուն ոչինչ չի մնացել։ Ընդամենը մի ամբիցիոզ, էպիկական նախագիծ, որից հետո այլևս ոչ ոք երբեք չի կասկածի Աֆլեք-ռեժիսորի տաղանդի հարցում։

Սակայն 2016-ին էկրաններ բարձրացած թանկարժեք «Ապրել գիշերով» (Live by Night) քրեական դրաման, չնայած ամբիցիաներին, չափազանց հում էր, զուրկ ամուր ռեժիսորական ձեռքից ու ակնհայտ անցումային։ Դա մեծապես կապված էր նաև Աֆլեքի անձնական կյանքում տեղի ունեցող տուրբուլենցիաների հետ, սակայն ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց հետո խոշոր ստուդիաներն Աֆլեքին ռեժիսորական աթոռ այլևս չէին վստահում։ 

Ու ահա, 2023-ին Amazon-ի փողով ու օրհնանքով, միանալով իր վաղեմի ընկեր Մեթ Դեյմոնին, Աֆլեքը նկարեց «Air»-ը (ֆիլմի անվանումը բխում է Nike-ի Air Jordan լեգենդար բրենդից ու թարգմանության կարիք չունի)։ Աֆլեքի ու Դեյմոնի վերամիավորումը կենսագրական ֆիլմում որոշակի հույս էր ներշնչում, որ, եթե ոչ «Խելացի Ուիլ Հանթինգի» (Good Will Hunting) մակարդակի հանճարեղ, ապա գոնե բավականին պինդ ֆիլմ կստանանք` ազնվորեն ասած` էկրանավորման համար ոչ այնքան հարմար թեմայով։

Այո, «Air»-ը մարզիկների ու մարզական պարագաներ և հագուստ արտադրող ընկերությունների միջև հարաբերությունների հեղափոխության մասին է, երբ բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համագործակցությունը Nike-ի հետ ավելի մեծ գումարներ աշխատելու նախադեպ դարձավ նաև այլ տաղանդավոր մարզիկների համար։ Բայց Աֆլեքը, նկարահանման հրապարակում հավաքելով տաղանդավոր դերասանների մի խումբ, սկուրպուլյոզ ճշգրտությամբ ուղղակի վավերագրում է տեղի ունեցածը` մոռանալով գեղարվեստական մասի մասին։

«Air»-ի ռեժիսուրան կատարյալ է, երևում է, որ Աֆլեքը չի կորցրել իր երբեմնի վարպետությունը։ 1984թ-ի մթնոլորտը փոխանցված է իդեալական` սկսած երաժշտությունից մինչև ավտոմեքենաներ ու հագուստ։ Դերասաններն իրենց գործն անում են անհրաժեշտ ոգեշնչվածությամբ։ 

Բայց «Air»-ում, որքան էլ տարօրինակ հնչի, շնչելու օդ չկա։ Սա փաստի կամ փաստերի չափազանց չոր կոնստատացիա է, իրադարձությունների չափազանց վավերագրական արտացոլում։ Ֆիլմին պակասում է գեղարվեստական հնարքների առատությունը (ինչպես Ադամ Մակքեյի «The Big Short»-ում, էլի չթարգմանվող անվանմամբ ֆիլմ տնտեսական ճգնաժամի մասին, որից անհնար է կտրվել), պակասում է կրակը, տաքարյունությունը։ «Air»-ը չափից դուրս պաշտոնական է, ու դրա համար միայն ափսոսում ես, որովհետև գեղարվեստական ոգևորության հազվագյուտ պահերն իրոք հիասքանչ են։ 

Ինչևիցե, սա Աֆլեք-ռեժիսորի երկրորդ անհաջողությունը չէ, հակառակը։ Ֆիլմից կարելի է որոշ չափի հաճույք ստանալ, բայց, ամենակարևորը, ֆիլմից ակնհայտ երևում է, որ Աֆլեքը շարունակում է մնալ հիանալի ռեժիսոր, ումից հետագայում սպասում ենք միայն լավ կտավներ։ 

fastnews-ads-banner