Logo

Ալբերտ Մկրտչյան .«Ամեն մարդ իր հոգու մեջ լույս է փնտրում»

16:32 / 27.02.2024• ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Ամեն մարդ լույս է ուզում, ամեն մարդ իր հոգու մեջ լույս է փնտրում. թե թշվառ մարդը, թե աղքատ մարդը, թե անհաջողակ մարդը: Ես պետք է կարողանամ իմ ֆիլմերով լույս տալ մարդկանց. էլ ինչի համար եմ նկարահանում այդ ֆիլմերը: Մարդկանց լույս ու հույս է պետք տալ»: Ալբերտ Մկրտչյան 

1937 թվականի փետրվարի 27-ին Լենինական (Գյումրի) քաղաքում է ծնվել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: 

1915 թվականին Մկրտչյան եղբայրների հայրը` Մուշեղը, 5 տարեկան էր, իսկ նրանց մայր Սանամն՝ ընդամենը 4 տարեկան։ Մանուկ հասակում Ալեքսանդրապոլի (ներկայում` Գյումրի) ճանապարհին նրանց վերցրել են գաղթականների քարավանից եւ տեղավորել որբանոցում:

«Հայրս Մուշից էր եւ շատ էր հպարտանում դրանով: Մայրս՝ ծնունդով Վանից, նուրբ եւ զուսպ կին էր: Ուղղակի անհնար է պատկերացնել այդ ողբերգությունը. միանգամից կորցնել բոլոր հարազատներին եւ մտերիմներին»,- հիշում էր Ալբերտ Մկրտչյանը:

«Որբերի քաղաքում», ինչպես հաճախ անվանում էին որբանոցը, ավագ սաները հոգ էին տանում փոքրերի համար: Երեխաներին պատրաստում էին ինքնուրույն կյանքին: «Քաղաքի» փոքրիկ բնակիչներն ուսանում էին արհեստներ, այգեգործություն, անասնապահություն, տնտեսվարություն:

Այսքանով սահմանափակվում է նրանց ծագման մասին ողջ տեղեկատվությունը։ Կյանքն Արեւմտյան Հայաստանում, վաղ մանկությունը, ծնողներն ու հայրական տունը եւ ամենակարեւորը` այն, ինչ ստիպված են եղել վերապրել ցեղասպանության տարիներին` փակված է մնացել նրանց հիշողություններում: Խնայելով երեխաների զգացմունքները՝ Մուշեղն ու Սանամը չեն պատմել նաեւ որբանոցում իրենց ապրած կյանքի մասին։

Հասակ առնելով՝ Մուշեղն աշխատանքի է անցնում տեքստիլ կոմբինատում որպես տաբելավար, իսկ Սանամը` տեղական ճաշարանում որպես սպասք լվացող: Այնտեղ էլ նրանք ծանոթացել են: «Մեր ծնողները լռում էին։ Նրանք ոչինչ չունեին միմյանց պատմելու, քանի որ նրանց պատմությունները նույնն էին։ Իսկ մեզ չէին ցանկանում տխրեցնել։ Ցեղասպանության մասին իմացել ենք քաղաքի այլ փախստականներից»,- պատմում էր Ալբերտ Մկրտչյանը։

 Հետպատերազմյան տարիներին մարդիկ քաղաքում մի կերպ էին գոյատեւում։ Լենինականի տեքստիլ կոմբինատի աշխատակիցները թաքուն բամբակե գործվածք էին դուրս հանում՝ կտորեղենը ոտքերին փաթաթելով։ Մի օր դրա համար բռնել էին նաեւ Մուշեղ Մկրտչյանին։ Նրան ձերբակալել էին ու աքսորել Նիժնի Տագիլ, որտեղ նա 10 տարի անցկացրել է ճամբարներում։ Սանամն ստիպված էր մենակ մեծացնել չորս երեխաներին՝ Ֆրունզիկին, Ալբերտին, Կլարային ու Ռուզաննային։

Հոր հետ բաժանումը հատկապես ծանր էր տանում Ալբերտը։ «13 տարեկանում փախել էի տնից, նստել բեռնատար վագոն ու հասել Մոսկվա: Այնտեղ տեղափոխվեցի այլ գնացք եւ թաքուն հասա Նիժնի Տագիլ։ Հեռվից նայում էի, թե ինչպես են բանտարկյալները ծառ հատում»,- հիշում էր Ալբերտ Մկրտչյանը։

Երեք օր Նիժնի Տագիլում անցկացնելուց եւ հորը տեսնելուց հետո պատանին նույն ճանապարհով վերադարձել է Գյումրի։ «Հայրս տեսավ ինձ եւ ապշեց։ Չէր ուզում ինձ բաց թողնել, բայց ես վերադարձա»: 

Իսկ Ֆրունզիկը մոր հետ հատուկ հարաբերություններ ուներ։ Մհեր Մկրտչյանն ասում էր. «Իմ բոլոր լավ կողմերը մորիցս են, ինչպես եւ թերություններս»։ Խոստովանում էր, որ հաջողության պահերին միշտ ցանկացել է ծնողները կողքին լինեն, սակայն երբ Ֆրունզիկը հայտնի դարձավ, նրանք արդեն ողջ չէին։

Ծանր, բայց միաժամանակ վառ մանկության հուշերն արտահայտվեցին Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ինքնակենսագրական ֆիլմում, որում Ֆրունզիկը կատարել է Ռուբենի դերը։ Այդ կերպարի նախատիպը Մուշեղն էր, որն իրականում որդու հետ դժվար էր լեզու գտնում։ Այնուամենայնիվ, հոր՝ «գեղեցկությունը զգալու շնորհ ունեցող հասարակ աշխատավոր մարդու» կերպարն էկրանին մարմնավորելը Ֆրունզիկի վաղեմի ցանկությունն էր։

Մուշեղը դեմ էր Ֆրունզիկի դերասանական կարիերային. նա ցանկանում էր, որ տղան գեղանկարչությամբ զբաղվի։ Այս վեճում Մհերը հաղթեց հորը՝ տեքստիլ կոմբինատի թատերական խմբակի բեմադրություններից մեկում տաղանդավոր դերակատարմամբ նվաճելով նրան։ Ցավոք, հաշտեցումը տեղի ունեցավ հոր ձերբակալումից գրեթե անմիջապես առաջ։ «Ինչպե՞ս բացատրել, որ իմ հայր Մուշեղը, որը երբեք թանգարանում չի եղել, չի տեսել մեծ վարպետների նկարների անգամ վերարտադրությունը, այնուամենայնիվ, երազում էր, որ ես նկարիչ դառնամ»,- հետագայում զարմանում էր Մհեր Մկրտչյանը։

Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ դերսանուհի Գալյա Նովենցի մարմնավորած Սիրանուշի սրամիտ արտահայտությունները հիմնականում պատկանում էին հենց Սանամ Մկրտչյանին։ «Նա անմիջական, անկեղծ եւ հասարակ կին էր»,- Սանամի հետ հանդիպման մասին հիշում է Գալյա Նովենցը, որը Սիրանուշի դերի համար արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։

 Հենրիկ Մալյանը նրան այսպես է բնութագրել. «Ալբերտ Մկրտչյանի գաղտնիքը հենց նրանում էր, որ նա իրենից դուրս ոչ մի ճանապարհ չուներ: Նրա բոլոր հեքիաթները պահպանված են իր մեջ, նրա բոլոր ուրախությունները, կասկածներն ու տառապանքներն իր ներսում են, իր խորքում, իր մանկության ու պատանեկության մեջ… Նրա բոլոր հույզերն իրենն են, միայն ու միայն իրենը եւ թարմ են, անսովոր ու եզակի, եւ ես` նրա ավագ ընկերն ու բարեկամը, հաստատ գիտեմ, որ այդ կուտակումները խորն են ու անսպառ, որ ամեն մի շերտի հետեւում կա մի այլ շերտ՝ ավելի գրավիչ, ավելի հուզիչ, ավելի լուսավոր: Ես սիրում եմ Ալբերտի փխրուն հոգու առնական արվեստը, ճիշտ ու ճշմարիտ, շիտակ ու անկրկնելի… մեր կինոյի ոլորուն ուղու ներկա հատվածում, երբ մի լռելյայն ու անզիջում պայքար է գնում, պայքար հայկական կինոյի վաղվա համար, Ալբերտ Մկրտչյանի կինոյի տեսակը ես ընդունում եմ անվերապահորեն, ներքին մի հրճվանքով ու հավերժական խանդավառությամբ»:

fastnews-ads-banner