Հոկտեմբերի 31-ին՝ 19,00-ին Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում Երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա անվանի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին:

Ալեքսանդր Ռոմանովսկին ծնվել է 1984 թվին՝ Ուկրաինայում: Նա սովորել է Իմոլա դաշնամուրային ակադեմիայում՝ Լեոնիդ Մարգարիուսի ղեկավարությամբ, ինչպես նաև՝ Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում` Դմիտրի Ալեքսեևի դասարանում: Բոլորովին վերջերս որպես մենակատար՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, հանդես է եկել Մարիինյան թատրոնում՝ նույն թատրոնի նվագախմբի հետ (Ռուսաստան), Ջեյմս Քոլնոնի ղեկավարությամբ՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ «Ռավինիա» փառատոնի շրջանակներում (ԱՄՆ): Ալան Գիլբերթի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ԱՄՆ): Լոնդոնի Բարբիքան կենտրոնում հանդես էլ եկել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես նաև՝ Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ՝ Սանտա Չեչիլիայի ազգային նվագախմբի և Ջանանդրեա Նոզեդայի ղեկավարությամբ՝ NHK սիմֆոնիկ նվագախմբի հետ:
17 տարեկանում Ա. Ռոմանովսկին արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին (Իտալիա): 2007 թ.-ից Decca ձայնագրման ապրանքանիշի ներքո թողարկել է քննադատների շրջանակներում ընդունելության արժանացած 3 ձայնասկավառակ՝ Շումանի, Բրամսի և Ռախմանինովի ստեղծագործություններով:
Դաշնակահարի առաջիկա ծրագրերը ներառում են նրա մենահամերգները Մադրիդի Auditorio Nacional de Música-ում, Պորտուի Casa da Música-ում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, ինչպես նաև՝ համագործակցությունը Բիրմինգհեմի, Իսլանդիայի և Ստավանգերի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
2013 թ.-ից Ալեքսանդր Ռոմանովսկին Մոսկվայի Վլադիմիր Կրայնևի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է:

