2017թ.-ի օգոստոսի 10-ին աշխարհի կինոթատրոնների էկրաններին կլինի «Անաբելի անեծքը: Սկիզբ» նոր սարսափ ֆիլմը: Այն պատմում է Անաբել անունով տիկնիկի մասին, որի մեջ սատանայական չարք է բնակվում: Տունը, որտեղ փակված է տիկնիկը, շուտով դառնում է մանկատուն, իսկ այդտեղ տեղափոխված երեխաները՝ Անաբելի համար խաղալիք: Տան նոր բնակիչներից երկար ժամանակ չի պահանջվում հասկանալու համար, որ նրանք այնտեղ մենակ չեն:
Անաբելի մասին պատմող այս ֆիլմը միակը չէ. 2014թ.-ին թողարկված ևս մի ֆիլմ գոյություն ունի, որի սցենարային գիծը բավականին նման է այս մեկին: Իսկապես հետաքրքականն այն է, որ Անաբել անունով տիկնիկն իրոք գոյություն ունի: Ճիշտ է՝ մի փոքր տարբերվող տեսքով, բայց միևնույն է՝ այն ԻՐԱԿԱՆ Է:

Հավատալ անգամ չենք կարող:
Հարց է առաջանում՝ նրա մասին պատմող ֆիլմերը, որ նկարահանվել են, նո՞ւյնպես համապատասխանում են իրականությանը: Մեր պատասխանը հետևյալն է՝ այդքան էլ ոչ: Եթե ձեզ էլ է հետաքրքիր, թե ինչն է իրական Անաբելի պատմության մեջ, իսկ ինչը՝ ոչ, առաջարկում ենք կարդալ այս հոդվածն ու ինքներդ որոշել ինչին հավատալ:
Իրական սկիզբը
Դոնա անունով մի աղջիկ 1970թ.-ին իր մորից նվեր է ստանում՝ տիկնիկ: Դոնան այդ ժամանակ ուսանողուհի էր ու ապրում էր Էնջի անունով ընկերուհու հետ: Սկզբում արտասովոր բաներ տեղի չեն ունենում: Բայց ժամանակի ընթացքում, ուսանողուհիներին սկսում է թվալ, որ տիկնիկը փոխում է իր դիրքը: Դա այնքան աննշան է լինում, որ կարծես՝ ինչ-որ մեկը պարզապես շարժել է նրան: Բայց հետո նրա տեղափոխություններն ավելի ու ավելի նկատելի են դառնում. աղջիկները նրան թողնում են Դոնայի անկողնու վրա, իսկ երբ տուն էին վերադառնում՝ այն բազմոցին է լինում: Այնուհետև Դոնան հին թղթի կտորներ է գտնում, որոնց վրա հաղորդագրություններ են գրված. «Օգնիր մեզ», «Օգնիր Լուիին»: Վերջինս Դոնայի ու Էնջիի ընկերն էր, որն ատում էր այդ տիկնիկը. տղային անընդհատ թվում էր, որ դրա հետ մի բան այն չէ:
«Պահմտոցին» շարունակվում է, սակայն… մի գիշեր Դոնան տուն է վերադառնում ու տեսնում Անաբելին պառկած իր անկողնում՝ ձեռքերն արյան մեջ թաթախված: Արյունը, պարզվում է, հենց տիկնիկի ներսից է գալիս: Սա արդեն բավական էր: Դոնան վերջապես մեդիում է հրավիրում իրենց տուն, որը ասում է աղջիկներին, որ իրենց շենքը կառուցվելուց տարիներ առաջ, այդ նույն վայրում դաշտ է եղել: 7 տարեկան մի աղջիկ Անաբել անունով այդ նույն վայրում մահացած է գտնվել: Նրա ոգին մնացել է այդ վայրում ու երբ տիկնիկին այդ տուն են բերել, նա կապվել է դրա հետ ու դրա մեջ տեղափոխվել: Ոգու կարծիքով աղջիկները վստահելի են ու ինքը պարզապես ցանկանում է նրանց հետ ապահով ապրել:
Դոնան ու Էնջին համաձայնում են տիկնիկին թողնել իրենց տանը ու այդտեղից էլ սկսում է արդեն Անաբել անունով տիկնիկի պատմությունը:
Լուին՝ աղջիկների ընկերը, սկսում է մղձավանջներ տեսնել, որոնց ժամանակ թվում է Անաբելը փորձում է խեղդել իրեն: Արթնանալուց հետո իսկապես թվում է, որ երազն իրականություն է եղել:
Մի քանի օր անց նա ու Էնջին աղջիկների տանը կազմում են մեքենայով ճանապարհորդելու պլանները, երբ հանկարծ Դոնայի սենյակից ձայն են լսում: Կարծելով, որ գողեր են՝ Լուին զգուշորեն բացում է սենյակի դուռը, սակայն սենյակում մարդ չկար: Միայն Անաբելը, որին թողել էին անկողնու վրա, հիմա արդեն սենյակի մյուս անկյունում է: Տղան փորձում է մոտենալ տիկնիկին, բայց քայլերն անելու ընթացքում սուր ցավ է զգում կրծքավանդակի շրջանում: Նա բարձրացնում է շապիկն ու տեսնում, որ ողջ մարմինը ճանկռված է:
Տարօրինակ ճանկերի հետքերը գրեթե միանգամից սկսում են անհետանալ, ասես ոչինչ էլ չի եղել: Սա ստիպում է երիտասարդներին հասկանալ, որ նրանք իսկապես օգնության կարիք ունեն: Նրանք դիմում են մի քահանայի, որն իր հերթին օգնություն է խնդրում Էդ ու Լոուրեին Ուորեններից՝ ամուսիններ, որոնք տարբեր ժամանակներում օգնել են քշել չար ոգիներին:
Ամուսինները կարճ ժամանակում կարողանում են գալ այն եզրակացությանը, որ ոչ մի ոգի էլ չկա այնտեղ: Այն գերբնական չարք է՝ սատանայական ներկայություն, որը տիկնիկին օգտագործում է մարդկային մարմին գտնելու ու այնտեղ տեղափոխվելու համար. սատանայական ոգիները չեն անձնավորվում իրերի մեջ, նրանք մարդկանց մարմիններում են տեղավորվում: Ու այս դեպքում դրա նպատակը Դոնայի մարմնում բնակություն հաստատելն էր:
Ուորենները կողպեքով տուփ են կառուցում Անաբելի համար, նրան դնում դրա մեջ ու իրենց հետ վերցնում: Այժմ Անաբելը գտնվում է Ուորենների՝ չար ոգիների ետևից ընկնելու ընթացքում հավաքած իրերի կողքին:
Հիշեցնենք՝ այս պատմության հիմքում ընկած են Էդ և Լոուրեին Ուորենների պատմած դեպքերը: ՎիվառոՆյուզը հաստատել այն որպես ճշմարտություն չի կարող: 

