Այսօր VNews Culture-ի զրուցակիցն է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի պարուհի Անահիտ Վասիլյանը։
Անահիտ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար:
-Ես եմ շնորհակալ: Սա իմ կյանքի առաջին հարցազրույցն է, հուսով եմ՝ լավ կանցնի ու հետաքրքիր կլինի ընթերցողի համար:
Հե՞շտ է բալետի պարուհու կյանքը:
-Չէ, շատ բարդ է բալետի արտիստի կյանքը՝ մշտական վնասվածքներ, պարապմունքներ, փորձեր: Հեշտ չէ, քանի որ մասնագիտությունը շատ բարդ է, ամեն օր պետք է կանգնես պարաձողի մոտ ու ժամերով պարապես, կրկնես նույն վարժությունները: Երբեմն այդ պարապմունքը նմանվում է տանջանքի: Ես երբեք չեմ երազել բալետի արտիստ դառնալ․ երազում էի նկարչուհի դառնալ, բայց երեք տարեկանում մայրս ինձ մանկապարտեզի փոխարեն տարավ պարի խմբակ, այնտեղ նկատեցին իմ ընդունակություններն ու որոշ ժամանակ անց խորհուրդ տվեցին ընդունվել պարարվեստի ուսումնարան: Ասել, որ ես հաճույքով եմ գնացել ուսումնարան՝ սուտ կլինի: Ես ատում էի դասերն ու հաճույք չէի ստանում: Պատճառն այն էր, որ այնտեղ միշտ նույն բանն ես անում, քեզ շատ հաճախ փորձում են կոտրել, չեն հավատում քո ընդունակություններին: Առաջին անգամ իմ մասնագիտությունից հաճույք ստացել ու սիրել եմ, երբ ոտք դրեցի թատրոն, երբ բեմ բարձրացա, ստացա առաջին դերը, երբ լսեցի ոգևորիչ խոսքեր:

Բալետային թատերախմբում ինչպիսի՞ մթնոլորտ է:
-Շատ դրական, ես որևէ բացասական բան չեմ տեսել: Կա մրցակցություն, բայց առողջ մրցակցությունը շատ կարևոր է առաջ գնալու, կատարելագործվելու համար:
Դու ինքդ քեզ հետ մրցակցո՞ւմ ես:
-Ես ինքս ինձ հետ ամեն օր կռվում եմ, երբ ոչինչ չի ստացվում կամ ինչ֊որ բան իմ ուզածով չի լինում: Եթե բեմում ինչ֊որ բան չի ստացվում, կուլիսներում տեսնում են, որ ես ինձ հետ կռվում եմ ու չեմ կարողանում ինձ ներել, երբ որևէ շարժում սխալ եմ անում: Կարող եմ հուզվել, ուրիշ շարժումներ անել: Սխալներս չեմ ներում: Փորձավարն է ինձ միշտ հանգստացնում ներկայացումներից հետո:

Ի՞նչ զգացումներ ունեցար, երբ առաջին անգամ մտար Օպերայի և բալետի շենք որպես բալետի արտիստ:
-Առաջինը «Չիպոլինո» ներկայացման մեջ կիտրոնի դերն էր, այդ օրվանից ինչ֊որ առանձնահատուկ բան չեմ հիշում: Բայց հիշում եմ զգացողություններս, երբ առաջին անգամ մենապար պարեցի «Դոն Կիխոտ» բալետում: Այդ կերպարը ես շատ էի սիրում, դեռ պարարվեստի ուսումնարանում, բայց ինձ միշտ ասում էին, որ ես չեմ կարող դա պարել, քանի որ բարձրահասակ եմ, ճկուն չեմ ու խաղարկային կերպար չեմ կարող մարմնավորել: Մի պահ կոտրվել էի այդ խոսքերից, բայց շատ հաճելի էր, որ Օպերայում ինձ տեսան այդ դերի համար ու վստահեցին:
Բեմում բալետի արտիստները շատ փխրուն են երևում: Արդյոք դա այդպե՞ս է:
-Չէ, այդպես չէ: Բալետի արտիստն առաջին հերթին պետք է ուժեղ բնավորություն ու համառություն ունենա: Հակառակ դեպքում՝ կկոտրվի ու չի կարողանա շարունակել:

Դու ունե՞ս քո մեջ այդ բնավորության կետերը:
-Հիմա զարգացնում եմ (ծիծաղում է-հեղ․)։
Միջավա՞յրն է ստիպում։
-Այո՛, միջավայրն է ստիպում: Անընդհատ մրցակցությունը, անընդհատ ավելի լավին ձգտելը: Բեմում չպետք է կոտրվես ու պետք է հաղթահարես բոլոր դժվարությունները:
Դու հպարտությա՞մբ ես ասում, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի թատերախմբի պարուհի ես:
-Հա, իհարկե, դա ինձ մոտիվացնում է, բայց շատ հաճախ մարդիկ չեն հասկանում, թե դա ինչ է: Շատ հաճախ ասում են՝ դա՞ս ես տալիս, երբ ասում եմ՝ ոչ, ես բալետի արտիստ եմ, զարմացած ինձ վրա են նայում ու չեն հասկանում, թե դա ինչ է:

‹‹Ռոմեո և Ջուլիետ››
Օգոստոսին ‹‹Ռոմեո և Ջուլիետ›› ներկայացման ժամանակ դու ստանձնեցիր Ջուլիետի դերը: Ի՞նչ զգացիր, երբ քո նկարով հսկայական պաստառը տեսար Օպերայի շենքից կախված:
-Առաջինը, որ զգացի՝ պատասխանատվության մեծ զգացումն էր: Չափազանց լարված էի, ամբողջ մարմնով դողում էի: Շատ էի հուզվել, երբ իմացա, որ առաջին օրը ես եմ պարելու: Հուզմունքից, անհանգստությունից լաց էի լինում:
Երբ ներկայացումից առաջ կուլիսներում մնում ես մենակ ինքդ քեզ հետ, ի՞նչ ես ասում, ինչպե՞ս ես քեզ հանգստացնում, արդյոք խոսո՞ւմ ես ինքդ քեզ հետ:
-Ես միշտ ներկայացումներից առաջ հանգստացնող դեղեր եմ խմում: Խորը շունչ եմ քաշում ու աղոթում եմ մինչ բեմ բարձրանալը: Պարելու ընթացքում ինքս ինձ հետ շատ եմ խոսում, քանի որ դա շատ է օգնում: Ես ինքս ինձ ասում եմ՝ «հավաքվի՛ր Անահիտ», ինքս ինձ հանգստացնում եմ, ինքս ինձ ոգևորում եմ:

«Ռոմեո և Ջուլիետ»
Դու նաև Ֆրիգիա ես պարում «Սպարտակ» բալետում: Ինչպե՞ս ես մոտեցել կերպարին: Հեշտությա՞մբ է քեզ տրվել դերը:
-Ոչ մի դեր երբեք հեշտությամբ չի տրվում: «Սպարտակ»֊ում ամենաշատը սիրում եմ վերջին տեսարանը՝ Ռեքվիեմի տեսարանը, երբ ամբողջ էմոցիաներդ թափում ես բեմի վրա ու բեմից հեռանում առանց որևէ զգացմունքի: Ներկայացումից հետո ես ինձ դատարկ մարդ եմ զգում, քանի որ իմ բոլոր զգացմունքները ես բեմում եմ թողնում և ինձ շատ լավ եմ զգում: Այդ վերջին տեսարանում ես հանդիսատեսին անգամ չեմ զգում, քանի որ դահլիճում մութ է, կարմիր լույսն ընկնում է Սպարտակի վրա, ու այդ միջավայրը ստիպում է, որ տրվես էմոցիաներին:

Ֆրիգիա՝ «Սպարտակ»
Հետո ո՞նց ես լիցքավորվում:
-Այդ օրը չես կարողանում քնել, մտքումդ նորից պարում ես, վերհիշում ես ամեն շարժումը, ամեն զգացածդ վայրկյանը: Հետո, հաջորդ օրերին, փորձերին նորից լիցքավորվում ես, որպեսզի նորից էմոցիաներդ հանձնես բեմին:

Ֆրիգիա՝ «Սպարտակ»
Կա՞ դեր, որի մասին երազում ես:
-«Կարապի լճին» դեռ պետք է հասնեմ, քանի որ տեխնիկապես շատ բարդ է: «Քնած գեղեցկուհու» մասին եմ երազում: «Սպարտակի» մեջ Էգինայի կերպարն եմ շատ սիրում: Շատերը չեն պատկերացնում ինձ Էգինայի դերում, քանի որ ինձ տեսնում են լիրիկական դերերում, բայց ես ինձ շատ լավ եմ տեսնում Էգինայի կերպարում ու կուզեի պարել, բայց երևի թե մի քանի տարի հետո:

Արի միասին բալետի մասին կարծրատիպեր կոտրենք: Ասում են՝ բալետի արտիստուհիները չեն կարողանում բարձրակրունկ հագնել:
-Իրականում նման բան չկա, կան արտիստներ, որ հագնում են: Ուղղակի իմ դեպքում անհնար է, որ ես կարողանամ բարձրակրունկի վրա մնալ, քանի որ ոտքերս շուտ են հոգնում: Ուսուցիչներ ունեմ, որոնք միշտ բարձրակրունկով են: Զարմանում եմ, թե ինչպես նրանք չեն հոգնում:

Բալետի արտիստներն ունե՞ն ժամանակ հոբբի ունենալու համար:
-Ժամանակ կա, ուղղակի արդեն մարդու նախընտրությունն է: Ես հիմա իմ ազատ ժամանակը տրամադրում եմ փորձերին, բայց կան արտիստներ, որոնք կարողանում են ժամանակ գտնել բալետից դուրս այլ բանով զբաղվելու համար: Ես բալետից դուրս նկարում եմ, բայց եթե կարևոր դեր ունեմ, դահլիճից դուրս չեմ գալիս ու ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում, պատրաստվում եմ: Առաջին անգամ, որ պետք է Ֆրիգիայի կերպարը մարմնավորեի, վերջին տեսարանում ինձ չէի պատկերացնում: Հասուն դեր է, ու պետք է հասունանաս այդ դերի համար: Ես էլ արդեն պանիկայի մեջ էի: Ու սպասում էի, որ դրսում մթներ, որպեսզի ներսում էլ մութ լիներ, որ հասկանայի դահլիճի մթությունն ու կարողանայի պարել:
Ի՞նչ ես սիրում նկարել:
-Մարդկանց դեռ չեմ կարողանում նկարել, բնություն եմ սիրում նկարել: Յուղաներկով եմ նկարում, գույներ եմ սիրում: Էմոցիաներս դեռ չեմ կարողանում արտահայտել կտավներում: Ուղղակի նկարում եմ, քանի որ միշտ ցանկացել եմ ու փորձում եմ մանկության երազանքներս իրականացնել:

Մանկության այլ երազանքներ ունե՞ս, որ կուզեիր իրականացնել:
-Չէ, չունեմ:
Կա՞ թեմա, որի մասին ես չհարցրի, բայց դու կցանկանայիր խոսել:
-Կարո՞ղ եմ ‹‹Ժիզելի›› մասին խոսել։

‹‹Ժիզել››
Իհարկե:
-Ժիզելն իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում, իմ մանկության երազանքի դերն էր դեռ դպրոցից սկսած: Իմ փորձավարը գիտեր իմ երազանքի մասին: Ես արդեն երկու տարի է միայն ‹‹Ժիզելի›› առաջին ակտի վարիացիան էի փորձում ու չէի պատկերացնում, որ այսքան շուտ կգա օրը, երբ Ժիզել կպարեմ ու կիրականանա իմ երազանքը: Շատ շնորհակալ եմ իմ փորձավարին: Ցանկացած արտիստի համար շատ կարևոր է, որ ունենա այնպիսի փորձավար, որն իրեն հավատա:
Գո՞հ ես քո կատարումից:
-Չեմ կարող ասել, որ ես գոհ էի, բայց փորձավարս ասաց, որ գոհ է ինձնից: Առաջին ակտում Ժիզելի խելագարության տեսարանն է, ու փորձերին նորից չէի կարողանում մտնել այդ ապրումների մեջ, ու փորձավարս չէր պատկերացնում, թե ինչպես եմ խաղալու: Ես փորձերին չեմ կարողանում խաղարկային մասերը լավ կատարել: Բայց բեմում ամեն ինչ ուրիշ է, ու միանգամից զգացմունքները ստացվում են ներկայացնել, ու փորձավարը զարմացել էր: Իր համար անակնկալ էր, քանի որ ես մինչև վերջին փորձը ցույց չէի տվել, թե ինչպես եմ խաղալու այդ տեսարանը:
Իսկ դու վստա՞հ էիր, որ կկարողանաս ներկայացնել այդ տեսարանը:
-Ես իմ մեջ զգում էի, որ կարող եմ ցույց տալ Ժիզելի խելագարված վիճակը: Ուղղակի փորձերին չեմ կարողանում: Հայելիներ կան, ինքս ինձ եմ նայում փորձերի ժամանակ: Երևի դա ինձ խանգարում է: Ինքնավստահություն չկա, ու երևի դրա համար չեմ կարողանում փորձերին խաղարկային հատվածները պարել:

Կյանքում է՞լ ես անինքնավստահ:
-Չէ, կյանքում անինքնավստահ չեմ:
Քեզ հինգ տարի հետո պատկերացնո՞ւմ ես:
-Չէ, հինգ տարին շատ երկար ժամանակ է, ես փորձում եմ ներկայով ապրել: Ապագան չեմ պատկերացնում:

Մեր երկրում լարված ու անորոշ վիճակ է: Դժվա՞ր է այդ ժամանակ բեմ բարձրանալ, դա ազդո՞ւմ է արտիստի վրա:
-Հեշտ չէ, իհարկե, բայց մտնում ես շենք՝ կարծես պատերազմ չլինի: Նոր դերեր են պատրաստվում, ու մենք էլ չենք մտածում, որ դրսում պատերազմ է: Որ բեմ ես բարձրանում, չես կարող մտածել պատերազմի մասին, անհնար կլինի այդ մտքերով դերը փոխանցել հանդիսատեսին: Մենք մեզ հանգստացնում ենք, որ այս պահին մեզանից յուրաքանչյուրն իր գործն է անում, ու այդ մտքերով պարում ենք:



Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը


