Համակարգչային խաղերը վաղուց դադարել են զուտ զվարճանք լինելուց` հաճախ խաղացողին փոխանցելով կինոյից ոչ պակաս լայն ու հարուստ փորձառություն։ Ավելին, էմոցիոնալ հետհարվածով, պատմվող պատմության բարդությամբ ու բազմաշերտությամբ խաղերն ավելի ու ավելի են գերազանցում կինոյին, ի վերջո, առաջինի դեպքում խաղացողն անմիջական մասնակցություն ունի պատմությանն ու կարող է ինքնուրույն ուսումնասիրել աշխարհը, երկրորդի դեպքում հանդիսատեսը զուտ դիտորդ է։
Համակարգչային խաղերի արդյունաբերությունը գերազանցում է կինոյին նաև ֆինանսական առումով, ահա թե ինչու հատկապես պոպուլյար խաղերը համեղ պատառ են կինեմատոգրաֆիստների համար։ Վերջինները մտածում են` եթե խաղն ունի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ, ապա նրանք հաճույքով կվճարեն նաև իրենց սիրելի խաղի էկրանավորումը դիտելու համար։
Սակայն խաղերի էկրանավորումները դեռ նախորդ դարի 90-ականներից ունեն մեկ առանձնահատկություն. դրանց ճնշող մեծամասնությունը շատ վատն է թե՛ որպես էկրանավորում, ու թե՛ որպես առանձին կինո։ Գեյմերներն այս ֆենոմենին անգամ անվանում են տվել` համակարգչային խաղերի էկրանավորումների անեծք։ Խնդիրը, բնականաբար, պրոդյուսերների շրջանում խաղերը լուրջ չընդունելու, դրա հետ կապված նախապաշարմունքների ու չհասկանալու մեջ է։
Սակայն անեծքը վերջին տարիներին դանդաղ, բայց հաստատուն քայլերով հաղթահարվում է։ Պատմում ենք համակարգչային խաղերի հինգ լավագույն էկրանավորումների մասին, որոնցից երկուսը ֆիլմ են, երեքը` սերիալ․
«Մահացու մենամարտ» (անգլ՝ Mortal Kombat), ֆիլմ, 1995, ռեժիսոր Փոլ Վ. Ս. Անդերսոն

Տարօրինակ է, բայց իր կարիերայի ընթացքում մի քանի խաղային ֆրանշիզի էկրանավորում տապալած ռեժիսոր Փոլ Վ. Ս. Անդերսոնի առաջին փորձն այս ոլորտում հեռավոր 90-ականներին մինչ օրս համարվում է լավագույն խաղային էկրանավորումներից մեկը։ Աշխարհի ճակատագիրը մենամարտի միջոցով որոշելու մասին լեգենդար համանուն ֆայթինգը կինոէկրաններ տեղափոխվել էր մաքսիմալ խնամքով` մթնոլորտի պահպանմամբ, լավ բեմադրված մարտական տեսարաններով ու հետաքրքիր պատմությամբ` այս ամենը լրացնելով էներգետիկ երաժշտությամբ։ Ֆիլմն, իհարկե, իդեալական չէ, սակայն 90-ականների կեսի հանդիսատեսի համար բավականին տպավորիչ էր` ի տարբերություն 2021-ին էկրաններ բարձրացած անհամ, անգույն ու անխարիզմա ռեբութի։
«Սայլենթ Հիլլ» (անգլ՝ Silent Hill), ֆիլմ, 2006, ռեժիսոր Քրիստոֆ Գանս

Konami ընկերության հռչակավոր survival horror-ը, որի պատճառով հազարավոր գեյմերներ չէին կարողանում գիշերները հանգիստ քնել, էկրանավորեց հրաշալի ֆրանսիացի վիզիոներ Քրիստոֆ Գանսը, որն ինքը համակարգչային խաղերի մեծ սիրահար է։ Հրդեհի հետևանքով ոչնչացած ու տագնապի ամեն ազդանշանից հետո իրական դժոխքում հայտնվող ուրվական-քաղաքի մասին ֆիլմն ինքն իրենով բավականին հեռու է սկզբնաղբյուրից` գլխավոր էլեմենտների պահպանմամբ, սակայն սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ խաղի մոտիվներով ինքնուրույն պատմությունը ստացվել է վախենալու, տպավորիչ, իսկ որոշ դրվագներ` այնքան դաժան, որ ուզում ես աչքերդ փակել ու մոռանալ։ Մածուցիկ մթնոլորտի ու աննկարագրելի հրեշների օգնությամբ Գանսը պատմում է երեխայի մասին, որի նկատմամբ մեծահասակների անարդարությունն ու դաժան վերաբերմունքն են ընկղմել քաղաքը խելահեղ արյունալի քավարանում, որից ելք չկա։
«Քասլվանիա» (անգլ՝ Castlevania), անիմե սերիալ, 2017, ստեղծող` Ուորեն Էլլիս
.jpg)
Ճապոնական այս հանրահայտ խաղային շարքը բաղկացած է ավելի քան երեք տասնյակ խաղից ու սկիզբ է առել դեռ 1986թ-ին։ Ոգեշնչված վամպիրների ու այլ հրեշների մասին պատմություններից, ձևակերպված մութ ֆենթեզիի ու գոթական սարսափի ոգով, շարքի խաղերը պատմում է գլխավոր չարագործի` Դրակուլայի դեմ տարբեր հերոսների պայքարի մասին։ Անիմե սերիալը մասնակիորեն հիմնված է Castlevania III: Dracula’s Curse խաղի վրա, սակայն, ընդհանուր առմամբ, սա լրիվ ինքնուրույն պատմություն է, որի իրադարձությունները ծավալվում են խաղային շարքի աշխարհում։ Բրուտալ, արյունալի ու դաժան, մռայլ ու խորը դրամատիզմով, լավ մշակված հերոսներով ու պատմությամբ` այս անիմե սերիալը հիացրել է ոչ միայն խաղային շարքի երկրպագուներին, այլև նրանց, ովքեր բացարձակ տեղյակ չեն դրա մասին։
«Արքեյն. Լեգենդների լիգա» (անգլ՝ Arcane: League of Legends), անիմացիոն սերիալ, 2021, ռեժիսորներ Պասկալ Շարյու, Արնո Դելոր

Netflix-ի այս ֆենոմենալ անիմացիոն սերիալի առաջին սեզոնը հետին պլան գցեց 2021-ին ժանրում դուրս եկած ցանկացած ստեղծագործություն։ Չնայած նրան, որ սերիալը հիմնված է պոպուլյար համակարգչային խաղի վրա, այդուհանդերձ, անգամ աշխարհին լրիվ անծանոթ մարդը կարող է լիովին վայելել դետալային, լավ մշակված աշխարհը, խարիզմատիկ կերպարներին ու հիանալի պատմությունը։ Arcane-ի առաջին սեզոնը տպավորիչ ճամփորդություն է սթիմփանկ աշխարհով, որի յուրաքանչյուր անկյունը, ամեն շենք ու ամեն պատուհանից այն կողմ գտնվող ամեն ինչ ուզում ես ուսումնասիրել, ուղղակի զբոսնել ու ամբողջությամբ զգալ նոր աշխարհը։ Ահա թե ինչու է այս սերիալն այդքան սիրվել. բացի հրաշալի անիմացիան, մարտական տեսարանները, երաժշտությունը, սա, առաջին հերթին, մանրակրկիտ մշակված աշխարհ է, որի դռները բաց են բոլոր ցանկացողների համար։
«Մեզանից վերջինները» (անգլ.՝ The Last of Us), հեռուստասերիալ, 2022, ստեղծողներ՝ Քրեյգ Մեյզին, Նիլ Դրաքման

Չնայած HBO-ի նոր սերիալի՝ առայժմ միայն երկու էպիզոդ է ցուցադրվել, արդեն հիմա միանշանակ կարելի է պնդել, որ սա համակարգչային խաղերի՝ երբևիցե նկարված լավագույն էկրանավորումն է: Naughty Dog ստուդիայի ստեղծած խաղը 2013թ-ին մեծ աղմուկ էր հանել խաղային աշխարհում՝ ստանալով բոլոր հնարավոր մրցանակներն ու նվաճելով գեյմերների սրտերն իր հարուստ աշխարհով, խորը կերպարներով, դրամատիկ պատմությամբ: Սերիալն էլ նկարվել է «Չեռնոբիլի» (Chernobyl) հեղինակ Քրեյգ Մեյզինի ու խաղի ստեղծող Նիլ Դրաքմանի անմիջական վերահսկողությամբ: Արդյունքում, ունենք խաղին գրեթե իդեալական հետևող էկրանավորում, որը միաժամանակ կարողանում է տարատեսակ դետալներով ու մոտեցման փոփոխությամբ լրիվ նոր բան լինել:


