Logo

«Ֆիլեր ներարկելուց հետո ուժեղ ալերգիա սկսվեց, անմիջապես հեռացրի»․ Անի Մեհրաբյան

01:06 / 26.06.2025Լուրեր
null

«Ջիմի-ջիմի», «Տանդեմ» և «Վերջին զանգ» նախագծերից հայտնի Անի Մեհրաբյանը պատրաստվում է աշնանը ուսումը շարունակել Հունաստանում։ Նա 1 տարով լքելու է Հայաստանը՝ Յորքի համալսարանում ուսանելու համար։ Այս և այլ թեմաների մասին Անին զրուցել է Ամալյա Հովհաննիսյանի հետ «LIFEROOM» հաղորդման ընթացքում։ 

Ներկայացման առաջարկ ստացա, բայց մերժեցի

Ամերիկյան համալսարան գնացել եմ ծնողներիս հորդորով, իսկ դերասանությունը միշտ եղել է հոգումս։ Մանկուց ներքին համոզմունք եմ ունեցել, որ օրերից մի օր ինձ կցուցադրեն հեռուստացույցով։Փոքր տարիքում տեսիլք էի ունենում։ Այնտեղ իմ արտաքինով կարմիր շորով մի աղջիկ մրցանակ էր ստանում։ Երևի հենց դա էլ ինձ ենթագիտակցորեն բերել է այս ասպարեզ։ Ինձ համար կարևոր էր ոչ թե հայտնի դառնալը, այլ այն, որ ես առաքելություն ունեմ կատարելու։ Մեծամիտ չհնչի, բայց, ըստ իս, այդ առաքելությունը կատարելու ճանապարհին եմ։ Վերջերս ներկայացում խաղալու առաջարկ ստացա, բայց մերժեցի խիտ գրաֆիկի պատճառով։ Ներգրաված էի միանգամից 3 նախագծում։ Միաժամանակ դիպլոմային աշխատանք էի կատարում և չէի ցանկանում անլուրջ վերաբերվել բեմին։ Այդ պատճառով մտածեցի՝ «ուշ լինի, նուշ լինի»։

Վստահ չեմ, որ ամբողջ կյանքում ուզում եմ դերասանուհի լինել

Ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ համարում։ Դեռ շախ աշխատանք ունեմ կատարելու։ Ավարտել եմ Աբել Աբելյանի դերասանական դպրոցը։ Հիմա տարբեր նախագծերում օգտագործում եմ այն, ինչ քաղել եմ Աբելից, բայց դա բավարար չէ։ Կրթությունը շատ եմ կարևորում։ Ապագայում միտք ունեմ արտասահմանյան որևէ բուհում ստանալ մասնագիտական կրթություն, բայց այս պահին ունեմ ներքին բախումներ։ Վստահ չեմ, որ ամբողջ կյանքում ուզում եմ դերասանուհի լինել։ Պատճառները շատ են։ Օրինակ՝ յուրաքանչյուրս էլ մտածում ենք օրվա հացի գումար վաստակելու մասին։ Դա ինձ մոտ շատ լավ էր ստացվում, երբ անգլերեն էի պարապում ուսանողների հետ։ Իսկ այս ասպարեզում ես դեռ չեմ կարողանում վաստակել այնքան, որ կարողանամ ապահովել ինքս ինձ ամեն ինչով։ Նաև չպետք է անտեսել անձնականը։ Երբ դու 12 ժամ նկարահանման հրապարակում ես, չես կարող բավարար սեր, ջերմություն և ամենակարևորը ժամանակ նվիրել ընտանիքիդ։ Բացի այդ, հասարակության 90%-ը մտածում է՝ եթե շոու բիզնեսից ես, ուրեմն ազատամիտ ես։ Մտավախություն ունեմ, որ ես էլ չլինելով այդպիսին՝ կընկալվեմ այդպես։ 

Իմ և հորս երակներում նաև հույնի արյուն է հոսում

1 տարով մեկնելու եմ Հունաստան։ Մագիստրատուրայում ծրագրում եմ ուսումնասիրել նեյրոմարքեթինգ։ Մայրիկիս խորհրդով ընտրեցի Յորքի համալսարանը։ Սեպտեմբերին պետք է լինեմ այնտեղ։ Արդեն նկարահանվում էի սերիալում, երբ Յորքի համալսարանից ստացա նամակը, խոսեցի Դիանա Գրիգորյանի հետ, նա հասկացավ ինձ։ Շատ եմ ափսոսում, որ թողնելու եմ Ֆաինայի կերպարը, քանի որ թե՛ ես, թե՛ հեռուստադիտողը շատ էինք սիրել նրան։ Չեմ կարող ասել՝ ինչ կլինի կերպարի հետ։ Դա կորոշի Դիանա Գրիգորյանը։
Հունաստանում միայնակ չեմ լինելու։  Հյուրընկալվելու եմ հորս հորեղբոր ընտանիքին։ Հորս տատը հույն է։ Իմ և հորս երակներում նաև հույնի արյուն է հոսում։
Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու, որովհետև շատ կապված եմ Հայաստանի հետ։ Այստեղի ամեն անկյուն ինձ շատ հարազատ է։ Հիմա էլ, երբ պատկերացնում եմ 1 տարի այստեղ չեմ լինելու, անվացատրելի զգացողություն է։ Մյուս կողմից էլ կարծում եմ՝ կյանքի այս փուլում ինձ պետք է նոր երկիր բացահայտել, ապրել այլ մշակութային կյանքով։ Բայց սիրում եմ մարտահրավերներ, այդ պատճառով պատրաստ եմ դուրս գալ իմ «կոմֆորտ զոննայից»։

Հասկացա, որ պետք է սիրեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ

Փոքր տարիքում մաշկս շատ թուխ էր, իսկ հայերս ունենք ստանդարտ, որ սպիտակամաշկ մարդիկ ավելի գեղեցիկ են։ Ծնողներս էլ չէին գովաբանում ինձ։ Գուցե մտածում էին՝ «երես չտան»։ Այդ խնդիրը հետագայում հաղթահարեցի ընկերներիս շնորհիվ։ Այն խոսքերը, որոնք չէի լսել ծնողներիցս, շռայլեցին ընկերներս։ Փոքր տարիքում նայում էի մեր դասարանի կանաչ աչքերով, շեկ աղջիկներին և մտածում՝ որքան գեղեցիկ են։
Դիմել եմ արտաքին միջամտության և պատժվել առաջին իսկ փորձից։ Ֆիլեր ներարկելուց հետո ուժեղ ալերգիա սկսվեց։ Առաջացան թե՛ ֆիզիկական խնդիրներ, թե՛ էսթետիկ։ Անմիջապես հեռացրի և ինքս ինձ խոստացա, որ այլևս նման փոփոխության չեմ դիմելու։ Հասկացա, որ պետք է սիրեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ։  

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner