Logo

Աննա Էլբակյան․ «Արմենին առաջին անգամ տեսա ճաշարանում և մտքումս ասացի՝ իմ ամուսինն է»

23:59 / 25.11.2024Լուրեր
null

Օրերս Աննա Էլբակյանը հյուրընկալվել է «Կյանքի ուղիներով» հաղորդմանն ու խոսել ընտանիքի, ամուսնու հետ ծանոթության, թատրոնի, Աստծո հետ ընկերության, դժվարին շրջանի և որդու կորստի մասին։

Նորամուտը թատրոնում

Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիայի ընդունելության ժամանակ դահլիճում էր Խորեն Աբրահամյանը։ Իսկ մենք՝ ստուդիայի երեխեքով, նայում էինք փորձը։ Եվ հանկարծ Աբրահամյանն ինձ ասաց՝ «Դու գնա բեմ»։ Գնացի, ու վերջ, այլևս բեմից չեմ իջնում։ Շատ եմ սիրում հանդիսատեսին, տալիս եմ իմ սիրտը։ Սիրում եմ, երբ հանդիսատեսը զգում է քո սրտի բաբախը։ Մեր բեմը մի քիչ մեծ է, հանդիսատեսը հեռու է, գուցե բոլորը չեն տեսնում քո աչքերը, բայց հոգին բոլորը զգում են։

17 տարեկանում հանդիպեց ապագա ամուսնուն՝ Արմեն Էլբակյանին

Ընդունվեցի թատրոն։ Արմենին առաջին անգամ տեսա ճաշարանում։ Իր այդ աչքե՜րը․․․ Նա նայեց ինձ, ես իրեն ու մտքումս ասացի՝ իմ ամուսինն է։ Բայց նա մեծ էր, արդեն ճաղատ էր։ Հետո իմացա՝ իմ դասախոսն է ստուդիայում։ Մի օր նրան առաջարկեցի, որ ինձ Ստանիսլավսկու գիրքը փոխանցի, ու, երևի, ես էլ նրան էի դուր եկել։ Առաջարկեց գնալ ռեստորան, ես էլ զանգեցի մամային, ասացի՝ «Գիտես, ես մի քիչ կուշանամ․ մեր դասախոսի հետ բան պիտի խոսենք»։ Գնացինք «Քաջ Նազար» ռեստորան, պատվիրեցինք կակաո, երկար նայում էինք իրար։ Այդ ընթացքում կակաոյի սերը սառեց ու ճմրթվեց, այլևս խմելու չէր։ Տան փոքրն էի, թույլ չէին տալիս շփվել։ Չէին ուզում՝ 17 տարեկանում ամուսնանամ։ Ես էլ ասացի՝ կփախչեմ։ Արմենը եկավ, ծնողներիս ասաց՝ 2 անգամ ավելի շատ կգա ձեռքս խնդրելու, քան Պուշկինն է գնացել իր սիրելիի համար։ Եվ հայրս ընկավ մտածմունքների մեջ։ Չփախա, չէ՜։ Շատ լավ, շատ թատերային, համեստ հարսանիք արեցինք։ Ի դեպ, իմ հարսանեկան զգեստը կարել էր Արմենի հորաքույրը։

Աննա Էլբակյանը ամուսնու՝ Արմեն Էլբակյանի հետ

Աստծո հետ ընկերության և որդու կորստի մասին

Եղավ մի պահ, երբ իմ կյանքում ամենաառաջինը դարձավ Աստված։ Եթե մարդ ուզում է ինքն իրեն և ճշմարտությունը գտնել, Աստված հանկարծ դառնում է անձ, ընկեր, զրուցակից։ Եվ հայտնաբերում ես, որ քրիտոնեությունն ապրելակերպ է, գրված սկզբունքների շարան չէ, որին պիտի հետևես։ Ու հասկացա, որ կարելի է նրա հետ ընկերություն անել, կարելի է կյանքում շատ բաներ փոխել։

Էդգարի մահից 1 շաբաթ առաջ, ասես, պատրաստվելու շրջան էր թե՛ Էդգարի, թե՛ ինձ համար։ Անընդհատ խոսում էր երկնքի մասին՝ կա՞ այդ հավիտենությունը, ո՞նց է այնտեղ։ Ասես, անընդհատ պատրաստվեր դեպի երկինք թռիչքին։ Արմենը մի հատկություն ունի, որ իր վրա է վերցնում ամեն մի դժվարություն և բոլոր անլուծելի հարցերն ինքն է լուծում։ Բայց այդ ժամանակ մոտեցավ ինձ ու ասաց՝ «Ես անզոր եմ»։ 2000 թիվն էր, սգո սրահներ չկային։ Արմենը դուրս եկավ տան բակ, նայեց վերև ու աղաղակեց` «Աննան ասում է, որ դու կաս։ Եթե դու կաս ու իմ տղան հիմա քեզ մոտ է, նշան տուր»։ Օգոստոսն էր, չոր էր, բայց հանկարծ երկինքը որոտաց, և մեծ կաթիլներով անձրև սկսեց։ Արմենի հորեղբայրը վազելով եկել է ու ասել՝ «Արմեն, նայիր՝ ոչ մի տեղ անձրև չի գալիս, միայն այսքան տեղն է»։ Իրեն պետք էր այդ նշանը, իսկ ինձ պետք էր իմ ներքին որոշումը՝ ես կանգնեմ, որ Արմենը չփլվի, մաման չփլվի։ Ու ես էլի եմ ասում՝ իմ ուժերով չեմ արել, իմ սիրելի Տերն է օգնել։ Նա ուզում է մեզ հետ զրուցել։

Աննա Էլբակյանը որդու՝ Էդգար Էլբակյանի հետ

fastnews-ads-banner