Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության
«ՆՈԱ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»
24 հունիսի, ժ.17:30, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0
1/2 եզր. 1-ին խաղ. 11.03.2020 «Ուրարտու» 0-1 «Նոա»
Գոլը՝ Ալան Տատաև 30՛
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1․ «Նոան» գավաթի ընթացիկ մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել: 1/8 եզրափակչում «Նոան» «Արարատին» պայքարից դուրս է մղել թիմի ռմբարկու Մաքսիմ Մայրովիչի խփած միակ գոլի շնորհիվ: Քառորդ եզրափակչում էլ «Վանի» նկատմամբ հաղթանակն ապահովել էր Բենիկ Հովհաննիսյանի խփած միակ գնդակը: «Ուրարտուի» հետ կիսաեզրափակիչ առաջին խաղում էլ աչքի էր ընկել Ալան Տատաևը:

2․ «Ուրարտուն» էլ գավաթի ընթացիկ խաղարկությունում մինչև «Նոայի» հետ հանդիպումը դարպասն անառիկ էր պահել: Գավաթի 1/8 եզրափակչում «Փյունիկի» հետ մրցավեճում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հաջորդ փուլի ուղեգրի հարցը հօգուտ «Ուրարտուի» վճռվել էր հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ: «Լոռիի» հետ քառորդ եզրափակիչ մրցախաղի ելքը վճռել էր Եվգենի Կոբզարի խփած միակ գոլը:
3․ Հայաստանի եռակի գավաթակիր «Ուրարտուն» 7-րդ տարին անընդմեջ հանդես է գալիս կիսաեզրափակչում: Այդ ընթացքում «Ուրարտուին» առայժմ ընդամենը մեկ անգամ՝ 2015/16թթ. խաղարկությունում է հաջողվել հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: Ի դեպ, հենց այդ մրցաշարում էլ «Ուրարտուն» առայժմ վերջին անգամ դարձել է ՀՀ գավաթակիր՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

4․ «Նոան» 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախորդ մրցաշարերում թիմը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ: Այնպես որ, գավաթի ընթացիկ խաղարկությունը «Նոայի» համար առայժմ ամենահաջողն է: «Ուրարտուի» հետ ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական 3 հանդիպումներում «Նոան» դարպասն անառիկ է պահել՝ տոնելով 2 հաղթանակ, մեկն ավարտելով ոչ-ոքի:
5․ Արամ Բարեղամյանը գավաթային առաջիկա դիմակայությունում կլինի ամենափորձառու և տիտղոսակիր ֆուտբոլիստը: Նա գավաթի մրցաշարերում 37 խաղ է անցկացրել, խփել է 2 գոլ: Բարեղամյանը 2007թ. «Բանանցի» կազմում դարձել է ՀՀ գավաթակիր՝ եզրափակիչ մրցավեճում խոցելով «Արարատի» դարպասը:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Նոայի» պաշտպան Միխայիլ Կովալենկոն:

