Logo

Էնթոնի Հոփքինսը կթողարկի NFT հավաքածու՝ ոգեշնչված իր դերերից

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:44 / 18.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Էնթոնի Հոփքինս

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը ծրագրում է թողարկել սեփական NFT հավաքածուն, հայտնում է Variety-ն։

Օսկարակիր դերասանն Orange Comet ընկերության հետ կստեղծի և կթողարկի իր առաջին՝ «Հավերժական հավաքածու» կոչվող  NFT շարքը:

«NFT-ն դատարկ թերթիկ է նոր ձևաչափով արվեստ ստեղծելու համար: Metaverse-ը հանդիսատեսի հետ բոլորովին այլ կերպ շփվելու անհավանական հնարավորություն է ընձեռում: Ես հավանաբար ամենատարեց մարդն եմ NFT համայնքում և սոցիալական ցանցերում: Դա ապացուցում է այն, որ ցանկացած տարիքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Հոփկինսը։

Առաջիկա հավաքածուում դերասանը ցանկանում է «կոնցեպտուալացնել» տարբեր կերպարների 10 արխետիպ, որոնք կերտել է իր կարիերայի ընթացքում։ Դրանց թվում՝ Հաննիբալ Լեկտերը «Գառնուկների լռությունը» ֆիլմից և «Թոր»-ը՝ Marvel-ից: Բացի այդ, աշխատանքները ոգեշնչված կլինեն Հոփքինսի գործունեության թեմաներով ու ոճով։

Orange Comet-ի գործադիր տնօրեն Դեյվ Բրումի խոսքով՝ վաճառքից ստացված հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

 

 

fastnews-ads-banner