Logo

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է․ հայ հայտնիները Ծիծեռնակաբերդում էին

22:01 / 24.04.2025• Լուրեր
null

Ապրիլի 24-ը 1920-ականներից նշվում է որպես հայոց պատմության ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանության հրամանով ձերբակալվեց ավելի քան 200 հայ մտավորական՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին: Հայ մտավորականների ոչնչացումը հայ ժողովրդին իր բնօրրանում բնաջնջելու համակարգված, դիվային ծրագրի մի մասն էր:
1965 թվականի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ճեղքվեց լռության այն պատը, որ ստեղծվել էր խորհրդային իշխանության տարիներին:
Ամեն տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի, այդ թվում սփյուռքահայերի, սգո երթը լուռ շարժվում է Հայոց ցեղասպանության հուշակոթող:
Այսօր ևս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել շատ մտավորականներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Տիգրան Մանսուրյանը «Panorama.am»-ի հետ զրույցում նշել է, որ իր ընտանիքի և համայն հայության համար այս օրը հիշատակի օր է։ «Նախ պետք է շատանանք: Երբ շատանանք, ավելի ու ավելի լավ կհիշենք այս օրը։ Ո՞նց կընդունես թուրքերին, երբ դաժան իրականությունը ներկա է։ Ծնողներս որբանոցից են եղել։ Ինչպես, ինչի համար», - նշել է ՀՀ ժողովրդական արտիստը։
Արսեն Գրիգորյանն (Մրո) էլ ընդգծել է՝ հաշտություն կարող է լինել, երբ թուրքերն ընդունեն իրենց նախիների գործած ոճիրը։ «Այսօրվա Թուրքիան պետք է ընդունի, որ այն ժամանակվա Թուրքիան ցեղասպան է  եղել։ Որպեսզի այսօր չդիտարկեն Թուրքիան ցեղասպան պետություն, ուրեմն պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը։ Միայն այդ ժամանակ կարող ենք մտածել հաշտության մասին։ Իսկ թղթի վրա ինչ գրվում է, միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում է։ Բուն խնդիրը հենց ցեղասպանության եղելությունն ընդունել է»,- «Panorama.am»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վաստակավոր արտիստը։

fastnews-ads-banner