Ավետում
Մարիամ Աստվածածնի մոտ է գալիս Աստծու կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մարդկության փրկիչը։ Ավետում է կոչվում նաև այս լուրին նվիրված քրիստոնեական տոնը։ Իրողությունը ավետում է կոչվում, որովհետև ավետել նշանակում է ուրախ լուր հայտնել։ Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է. այն միշտ տոնվում է ապրիլի 7-ին։ Ապրիլի 7-ից 9 ամիս անց ծնվում է Հիսուս Քրիստոսը։
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար:
Ապրիլի 7-ը Հայ Առաքելական եկեղեցին հռչակել է մայրության և գեղեցկության տոն։

