Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ը ազգային տոնացույցում ներառվեց 1995 թվականից։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը:

