Deadline-ը հրապարակել է Վուդի Ալենի առաջիկա թրիլլերի առաջին կադրը: Ֆիլմի անվանումն է «Coup de Chance» (ֆրանսերենից թարգմանաբար՝ «Երջանիկ պատահար»), կթողարկվի ֆրանսերենով։
Լուսանկարում պատկերված են դերասաններ Լու դե Լաաժը և Նիլս Շնայդերը:
Սա ռեժիսորի ֆիլմագրության 50-րդ ժապավենն է։ «Coup de Chance»-ն ի սկզբանե կոչվում էր «Wasp 22»: Պատմությունը զարգանում է երկու հին ընկերների սիրավեպի շուրջ, որը հանգեցնում է ամուսնական անհավատարմության և, ի վերջո, հանցագործության:
««Coup de Chance»-ը ռոմանտիկայի, կրքի և բռնության մասին ժամանակակից պատմություն է, որը տեղի է ունենում ժամանակակից Փարիզում», - այսպես է ռեժիսորը մեկնաբանել իր ֆիլմը:
Ֆիլմի պրոդյուսերն է Լետի Արոնսոնը՝ ռեժիսորի կրտսեր քույրը։ Նրանք միասին աշխատել են բազմաթիվ ֆիլմերի վրա («Bullets over Broadway», «Rifkin's Festival»): Օպերատորը Վիտտորիո Ստորարոն է, որը նկարահանել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Apocalypse Now» և Բերնարդո Բերտոլուչիի «Last Tango in Paris» ֆիլմերը։
Դերասանական կազմում են Լու դե Լաաժը, Մելվիլ Պուպոն, Վալերի Լեմերսիեն, Նիլս Շնայդերը, Էլզա Զիլբերշտեյնը, Բարբարա Գյոենագան, Գրեգորի Գադեբուան, Անն Լուարեն, Սառա Մարտինսը, Գիյոմ դե Տոնկեդեկը և Առնո Վիարը։


