Մայիսի 23-ին Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան օրն է:
«Անշուշտ, երաժշտական ընտանիքի մթնոլորտը, ճանաչված արվեստագետների մշտական այցելությունները կանխորոշեցին նաև իմ երաժիշտ դառնալու ճակատագիրը: Չնայած մեր տան հյուրերն էին ոչ միայն երաժիշտներ, այլ նաև արդեն դասական անուններ դարձած ճարտարապետներ, նկարիչներ, գրողներ, մշակութային գործիչներ: Անցել եմ բոլոր ուսումնական աստիճաններով, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցից, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանից մինչև Երևանի պետական կոնսերվատորիա, որն ավարտեցի 1970 թ.-ին»:
Նա ծնվել է 1947 թվականին: 1961 թ. ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
1970 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում։
1969 թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը։ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ։
Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում՝ 1981 թ.՝ ՀԽՍՀ կոմերիտմիության Պետական մրցանակ, 1976 թ.՝ «Առաջին սիրո հեքիաթն իմ», 1985 թ.՝ «Արդյոք հիշում ես», 1991 թ.՝ «Հուսո աղոթք» երգերը՝ «Լավագույն երգ»։ Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար։ «Լիլիթը» գրվել է 1983 թվականին և համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական ստեղծագործությունը։
Արամ Սաթյանը թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ։ 2013 թ. ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
Նրա հայրը՝ Արամ Սաթունցը և հորեղբայր Աշոտ Սաթյանն անվանի և ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներ են:


