Հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսյա Գյուլզադյանը ծնվել է 1907 թվականի հունիսի 5-ին՝ Ալեքսանդրապոլում։ 1926-1955 թվականներին եղել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի։ 1955-1967-ին՝ Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարել է հայկական, իրանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (ռոմանսներ և երգեր)։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից («Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա ուսուցիչներից էր Ռոմանոս Մելիքյանը։
Մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 7-ին՝ 73 տարեկանում։ Հետագայում նրա դուստրը՝ Դոնարա Գյուլզադյանը հետաքրքիր պատմություն է պատմել մայրիկի կյանքից։
- Մայրիկս այցելում է կահույքի խանութ, որտեղ տեսնում է շատ գեղեցիկ, հենակով աթոռներ: Հավանում և ուզում է գնել այդ 8 աթոռը: Վաճառողուհին ներողություն է խնդրում և մերժում մայրիկիս, ասելով, որ դրանք Վարպետը պիտի գնի: Մայրիկս գնում է վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն, ներս մտնելիս երգելով «Սիրեցի, յարս տարան» երգը: Իսահակյանը լսում է երգը, շատ ջերմ ընդունում և այցելության նպատակը իմանալով՝ ասում է․
- Արաքսի ջան, ղուրբանդ էղնիմ, արի իրարից չնեղենանք ու նարդի խաղանք, ով կրեց՝ նա էլ կառնի աթոռները:
Եվ սկսում են խաղալ: Մայրիկիս բախտը ժպտում է, նա մարսով ավարտում է խաղը: Վարպետը, կես-կատակ, կես-լուրջ, երգում է. «Սիրեցի, աթոռներս տարան»: Եվ այդ աթոռները մայրիկս է գնում: Հիմա կան այդ աթոռները և շատ լավ վիճակում են: Դրանցից մեկը սիրով նվիրելու եմ Վարպետի տուն-թանգարանին, ինչպես խոստացել եմ նրա սիրելի թոռանը՝ Ավիկ Իսահակյանին:
(Ցավոք, Դոնարան չհասցրեց կատարել նվիրատվությունը:)