Logo

Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ կմեկնարկի «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը

23:32 / 26.11.2024Լուրեր
null

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը կկայանա «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ ««ԱրմմոնոPlus»-ը ստեղծեցինք, քանի որ միայն «Արմմոնո»-ի ընթացքում չէինք հասցնում ցուցադրել բոլոր ներկայացումները։ Սկզբում փառատոնը միայն հայկական էր։ Այցելում էինք մարզեր։ Համավարակի ժամանակ մարզերից բնակիչներին էինք տեղափոխում Երևան՝ ներկայացում դիտելու։ Մի քանի օրից մեկնարկելու է 8-րդ փառատոնը, որն արդեն միջազգային է», - «Արմենպրեսում» հրավիրված մամուլի ասուլիսում նշեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Նրա խոսքով՝ Հայաստան կժամանեն միջազգային մի քանի փառատոնի տնօրեններ։ Կցուցադրվի միջազգային 2 ներկայացում։ «Փառատոնի համար բեմադրել ենք բազմերանգ և բազմաժանր 12 ներկայացում։ Կունենանք դրամատուրգիական և դերասանական դեբյուտներ։ Դեկտեմբերի 4-ին էլ կհանդիպենք արհեստական բանականության հետ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրանտ Սոնա Խաչատրյանը կներկայացնի այդ գործակցությունը։ Կունենանք նաև հատուկ պիես, որը գրել է արհեստական բանականությունը», - տեղեկացրեց փառատոնի տնօրենը։

«Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը

Մշակութային տոնը մեր երկրում կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ։ Բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։ «Մի բան է, որ նյութը կարդում ես քեզ համար, մեկ այլ բան, որ այն պետք է բեմադրես և ներկայացնես հանդիսատեսին։ Կարդում ես տեքստը ու հասկանում, որ այն այսօրվա ու երեկվա մասին է։ Մոնոներկայացման ուղերձն այն է, որ մեզ պետք են «Դավիթներ»։ Պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի հայ երիտասարդի մեջ չմեռնի Դավիթը։ Պետք է ազատություն տանք մեր ներսի «Դավիթներին»։ Պետք է արմատախիլ անենք դավաճանությունը, նենգությունը, վախն ու քծնանքը։ Այդ ամենն է մեր կորուստների և պարտությունների պատճառը», - անկեղծացավ Արմենը։ Ըստ նրա՝ առաջարկը ստանալիս առաջին ռեակցին եղել է վախը, ապա հասկացել է՝ պետք է ոչ թե խաղալ «Սասունցի Դավիթ», այլ ներկայացնել Սասունցի Դավթին։ «Երբ Նարինե Գրիգորյանը միացավ մեզ, իսկ դա իմ մեծագույն երազանքներից էր, հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է։ 11 կերպար եմ ներկայացնում։ Դժվար ու ծավալուն աշխատանք էր, միաժամանակ հետաքրքիր», - նշեց դերասանը։

«Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, «Փոքր» թատրոնում, ՀԹԳՄ-ում, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Երևանի Կամերային թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

fastnews-ads-banner