Logo

Արտավազդ Փելեշյանի ծննդյան առիթով ԿԳՄՍ նախարարն ու տեղակալն այցելել են Վարպետին

12:00 / 23.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Արտավազդ Փելեշյան

Փետրվարի 22-ին գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյակն էր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը:

«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու հարստացնել հայ և համաշխարհային կինոարվեստը»,- ասել է նախարարը՝ շնորհավորելով Վարպետին:

Ժաննա Անդրեասյանը Փելեշյանին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ կարևորելով կինոյի 2 հսկաների փոխառնչությունները: Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հույս հայտնել, որ Համո Բեկնազարյանի հիշատակը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ըստ արժանվույն կգնահատվի։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև վերջին տարիներին հրատարակված Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։

Արտավազդ Փելեշյան արվեստագետին գնահատանքի խոսք է ասել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. «Վարպետի վաստակը գնահատելն անհամեստ հավակնություն կլինի: Պարզապես պետք է վայելել նրա ներկայությունը, քանի որ նրա ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է...»:

Աղբյուրը՝ escs.am

Արտավազդ Փելեշյան-1

Արտավազդ Փելեշյան-2

Արտավազդ Փելեշյան-3

fastnews-ads-banner