Այսօր հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկի՝ ազգային կինոյի մեծ Վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոաշխարհում մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի 86-ամյակն է:
«Ավտոմատիկա» գործարանում էինք աշխատում: Գնում էինք կոլեկտիվով ֆիլմեր դիտելու: Ֆիլմից հետո սկսում էինք քննարկել տեսածը, և իմ տեսակետը որևէ մեկին դուր չէր գալիս, քանի որ միշտ տարբերվում էր մնացած կարծիքներից: Այդպես որոշեցի դառնալ կինոռեժիսոր, որպեսզի նման խոսակցություններ այլևս չլինեն»: Արտավազդ Փելեշյան
Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով, վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը:
Փելեշյանն անհամեմատ ընդլայնել է կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդել մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծել է բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը:


