Logo

«Արվեստը ծնվում է հողից, հիշողությունից ու ժողովրդից». Սոս Սարգսյանը՝ հավատքի, ժողովրդի և կինոյի մասին

15:41 / 24.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայ թատրոնի ու կինոյի մեծ վարպետ Սոս Սարգսյանը միշտ խոսել է ոչ միայն արվեստի, այլև ժողովրդի ճակատագրի մասին։ Նրա խոսքն արվեստի պես խորն էր՝ երբեմն ցավով, երբեմն հույսով, բայց միշտ՝ սիրով: Վարպետը հիշում էր անցյալը, խոսում ներկայի դժվարություններից և իր ամենամեծ ցանկությունից՝ տեսնել մի երկիր, որտեղ հայ մարդն արժանապատիվ ու երջանիկ է ապրում։ Նրա համար անկախությունը ոչ թե քաղաքական կարգավիճակ էր, այլ մարդու ներքին ազատություն:

Սոս Սարգսյանը հաճախ էր խոսում ժողովրդի հանդեպ սիրո ու ցավի մասին.

«Ուզում եմ էն, ինչ որ իմ սիրտը ուզում է իմ ժողովրդի համար։ Ես չեմ ուզում կիսատ-պռատ, դժգոհ հեռանալ այս կյանքից։ Ուզում եմ համոզված լինել, որ ինձնից հետո կարգավորվելու ենք, նորմալ կյանքով ենք ապրելու։ Մենք արժանի ենք լավ կյանքի, մենք շատ ենք տառապել՝ հազարավոր տարիներ, մենք արժանի ենք լավ փոխհարաբերությունների, լավ կառավարության, լավ նախարարի, լավ դերասանի, լավ գիտնականի, լավ երաժիշտի... հասկանում եք հանճարի պակաս չի եղել, կան, կան լիքն են, պետք է գտնել, գործի դնել»,- ասել էր հանճարեղ Սոս Սարգսյանն իր կյանքի վերջին հարցազրույցի ժամանակ: 

Վարպետը վստահ էր՝ առանց ազգային արմատի արվեստը դատարկ է՝ ընդգծելով, որ իսկական արվեստը ծնվում է հողից, հիշողությունից ու ժողովրդից։

 «Եթե կինոն հայոց հողից չի բուսնում, եթե արմատներն ազգային չեն, ինձ համար հետաքրքիր չէ, ինչ դեր էլ որ լինի»:

Դերասանի խոսքում մշտապես հնչել է հայ գրականության մեծերի անունները։ Սակայն մշտապես առանձնացրել է Թումանյանին՝ բացատրելով, որ նա միշտ մեզ հետ է, քանի որ մանուկ ժամանակ կարդում ենք նրա հեքիաթները, մեծանում ենք կարդում ենք պոեզիաները, ծերանում ենք, կարդում՝ քառյակները.

«Ես Թումանյանի ճուտն եմ եմ. Թումանյանը չէր կարող անտարբեր մնալ: Թումանյանը կարող էր ինչքան որ գրել էր, տասն անգամ ավել գրել, բայց նա զբաղված էր փախստականով, հիվանդով, ծերով, կարիքավորով, ես էլ նրա ձագն եմ, ես այդ տեսակի եմ: Ի՞նչ կարող եմ անել»:

Նրա պատգամը պարզ է՝  հայը պետք է արմատներով մնա իր հողին, հոգով՝ իր ժողովրդին։ Թումանյանի պես նա էլ շարունակում է լինել մեր հետ՝ իր խոսքով, իր կերպարով և իր հավատով։

fastnews-ads-banner