Logo

Ավետիք Իսահակյան․ «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»

10:13 / 16.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»

Ավետիք Իսահակյան

Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան) ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կահիրեում: Սովորել է Կահիրեի ֆրանսիական քոլեջում: Հետագայում երգեցողության դասեր է առել իտալացի հայտնի երաժիշտներ Էլիզ Ֆելդմանից և Վինչենցո Կարրոյից: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, եղել ռադիոյի մենակատար: 1948 թ-ին Գասպարյանը հայրենադարձել է, 1949 թ-ից երգել Երևանի օպերայի և բալետի թատրոնում (առաջին դերերգը՝ Լակմե, Լեո Դելիբի «Լակմե» օպերայում): 1964 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973 թ-ից):
Գասպարյանն ուներ մեծ ձայնածավալ (դիապազոն) և կատարողական բարձր տեխնիկա: Նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ Գասպարյանն ունեցել է 4000-ից ավելի համերգներ: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1997): Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։

«Երգելն իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, եւ ես ապրում եմ հանուն իմ արվեստի։ Իմ հավատամքն է ոչ թե զարմացնել, այլ՝ հուզել»։

Գոհար Գասպարյան

1988-ի Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո Գասպարյանը չկարողացավ անցնել իր ժողովրդի վշտի կողքով և խոստացավ, որ հոնորարի առյուծի բաժինը տալու է բարեգործությանը: Նա ընդգրկված էր ԽՍՀՄ-ում ամենաբարձր վարձատրվող երգիչների հնգյակում:

Նա չէր վախենում արտահայտել իր տեսակետներն ու դիրքորոշումը, ինչի ապացույցն է հյուրախաղերի ժամանակ Թուրքիայում տեղի ունեցած դեպքը, երբ այդ երկիրը նշում էր Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցը։ Անկարայում խորհրդային դեսպանատնից ծաղիկներ էին բերել՝ ասելով, որ Գոհար Գասպարյանը պետք է դրանք դնի Աթաթուրքի գերեզմանին։ Երգչուհին քաղաքավարիորեն հրաժարվել էր և փոխարենը մեկնել Վանա լիճ։

24 տարեկանում հրավեր է ստանում Լա Սկալայում երգելու, բայց մերժում է ու Եգիպտոսից հայրենադարձվում Հայաստան: Նրա դերացանկում 23 օպերաների գլխավոր դերերգեր կան: Նրան ծափահարել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում,  Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում… Իբրեւ «Հայաստանի սոխակ»՝ օվացիաների է արժանացել Նյու Յորքի Կառնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում… Հայ ու համաշխարհային օպերային պատմական դերացանկ:

Գոհար Գասպարյանը ազատ խոսում ու երգում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն։ 

Գոհար Գասպարյանի՝ հասարակության մեջ ունեցած հնարավորություններով և դիրքով նա կարող էր հանգիստ ապրել աննախադեպ շքեղության մեջ և վայելել կյանքի բոլոր բարիքները աշխարհի ցանկացած կետում: Սակայն օպերային դիվան ցանկացել է ապրել սիրելի ու հարազատ Հայաստանում, որտեղն էլ նրա վերջին հանգրվանն էր:

fastnews-ads-banner