Այսօր նշվում է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը:
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ․ հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Ավետիքը տառաճանաչ է դառնում Պոլսից եկած մի կնոջ մոտ, որին բախտի հեգնանքով՝ վարպետ էին անվանում (հետագայում հարգանքով Վարպետ են անվանել իրեն՝ Իսահակյանին)։
Իսահակյանը գրել սկսել է 11-12 տարեկանից։ 14-15 տարեկանից հրապուրվում է Ղազարապատի իր խաղընկերուհիով, որի անունը Զարո էր։ Իսահակյանի «Ալագյազի մանիներ» պոեմը նվիրված էր Զարոյին ու նախապես հենց նրա անունով էլ կոչվում էր։ Զարոյին ծնողներն ամուսնացնում են ունևոր ու տարիքով փեսացուի հետ։ Եվ այդ առթիվ նա գրում է.
«Առաջին սերս իր ավարտով հիշեցնում է Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հերոսուհուն․ Զարոն ևս վախճանվել է առաջնեկի ծննդյան ժամանակ»:
Սակայն Իսահակյանի մեծագույն ու անմոռաց սերը Շուշանիկ Մատակյանն էր: Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին, բայց այդ սերը բացվեց միանգամից, ինչպես Ակսել Բակունցը կասեր՝ մի գիշերում բացված մանուշակի նման։ Շուշանիկն Իսահակյանի ամեն մի տողում էր: Իսահակյանը մի անգամ անկեղծացել է.
«Շուշիկն իմ հեռավոր ազգականն էր։ Երիտասարդ տարիներին սիրահարված էինք, բայց մի փոքր վեճից հետո երեք ամիս չէինք շփվում։ Մինչ կհաշտվեինք, ես մեկնեցի Վիեննա՝ սովորելու։ Շուտով քրոջս նամակից իմացա, որ Շուշիկն ամուսնացել է մանկավարժ Տեր-Միրաքյանի հետ։ Այդ լուրը խորապես հուզեց ինձ, և նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը։ Տեր-Միրաքյանը, իմանալով Շուշիկի հանդեպ իմ սիրո մասին, թույլ էր տալիս, որ շփվենք։ Ես նման բան երբեք չէի անի, բայց նա լավ մարդ էր։ Շուշիկը նրա կողքին երջանիկ էր, ու ես այլևս իրավունք չունեի որևէ հույս ունենալ։ Հետագայում ես էլ ամուսնացա, երջանիկ էի, բայց Շուշիկին երբեք չմոռացա»։
Շուշանիկի հարսանքին նվագել է աշուղ Ջիվանին: Այս իմանալով` Իսահակյանը զայրանում է Ջիվանու վրա, որ համաձայնվել է իր երգով պատվել այդ հարսանիքը: Մի օր, երբ մտավորականությունը հավաքված է լինում, Իսահակյանը, տեսնելով Ջիվանուն հյուրերի շարքում՝, բարձրաձայն ասում է.
«Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի ստեղ»:
Այս խոսքից վիրավորված՝ Ջիվանին չի պատասխանում վարպետին վիրավորանքով, այլ տեղում երգում է «Քանքարավոր ընկեր» երգը: Սակայն ներկաներից ոչ ոք չի իմանում, որ Ջիվանին երգն երգում է այդ պահին ստեղծագործելով։


