«Երբ առաջին անգամ լսեցի նրա ձայնը, հասկացա, որ նա ոչ միայն ընդունակ է, այլ շա՜տ ընդունակ է և լուրջ հեռանկար ունի։ Նրան փայլուն ապագա է սպասվում։ Այդպես էլ եղավ»։ Տարիներ առաջ այսպես է խոսել Կոնստանտին Օրբելյանը Սյուզան Մարգարյանի մասին։ Թեպետ մինչև Օրբելյանի հրավերը Սյուզան Մարգարյանն արդեն երգում էր «Սերպանտին» վոկալ անսամբլում։ Երգչուհին իր պաշտոնական բեմելը համարում է 1978 թվականի մայիսի 24-ը։ Սյուզան Մարգարյանը հյուրընկալվել է «Առանց կարծրատիպերի» հաղորդաշարին և զրուցել ընտանիքից ու կարիերայից։
Երգերի ընտրությունն ու ժամանակակից երաժշտությունը
Մանրակրկիտ պետք է ուսումնասիրես յուրաքանչյուր երգ, նոր երգես։ Երբեք չեմ երգել երգ, որն ասելիք չի ունեցել։ Երգը պիտի ինձ հուզի, որ հասկանամ՝ կարող եմ վերարտադրել և տեղ հասցնել։ Աշխատել եմ մեր անվանի գրեթե բոլոր կոմպոզիտորների և երգահանների հետ։ Եղել են երգեր, որոնք իմը չեն եղել, չեմ կատարել, որքան էլ հեղինակները ցանկացել են։ Այն երգերը, որոնք ընտրում էի ու կատարում՝ հաջողում էին։ Շատ կարևոր է, որ եթերն ու հանդիսատեսի ականջները չլցնես աղբով։ Ժամանակները շատ են փոխվել։ Նույնիսկ կատարողական վարպետության փոփոխություններն այնքան շատ ու խորթ են։ Ես լսում եմ տարատեսակ երաժշտություն՝ ռեփից մինչև հիփ հոփ։ Իսկ հայկական երաժշտությունում մեղեդայնությունն ու խոսքն աստիճանաբար զիջում են դիրքերը։ Միաժամանակ սիրում և լսում եմ մեր երիտասարդ երգիչներին։ Ուզում եմ իրենք էլ ճիշտ երգեր ընտրեն ու մատուցեն։ Դա առաջին հերթին ձեռնտու է իրենց։

Ծնողների դերը կարիերայում
Մայրս ևս երգում էր, բայց թողեց երգարվեստը, երբ ես սկսեցի երգել։ Այն տարիներին այս մասնագիտությունը հայկական ընտանիքներում չէր խրախուսվում։ Բայց հայրս արել է ամեն ինչ, որ կայանամ որպես երգչուհի։ Ասում էր՝ ուզում ես երգչուհի դարձիր, ուզում ես՝ դերասանուհի, միայն բեմ բարձրացիր։ 16 տարեկանում ծնողներս տարան «Սերպանտին» վոկալ անսամբլ՝ Ակսել Բակունցի մոտ։ Շատերը զարմացել էին, երբ տեսել են, որ ծնողներն իրենք են երեխային բերել համույթ։
Պասիվություն երգարվեստում
Օրեր առաջ Սիրուշոյի հետ զրուցում էինք։ Ասում է՝ կարող էի ավելին անել երգարվեստում։ Ինքն անընդհատ դրդում է, որ քայլեր անեմ։ Պատասխանեցի, որ հագենում եմ իրենով։ Երբ Սիրուշոն երգում է, ինձ թվում է աշխարհի բոլոր բեմերն իմն են։
Շատ երգչուհիներ պայքարում են միմյանց հետ երգի համար։ Որևէ երգ լսելիս երբեք չեմ մտածել, որ ես կարող էի ավելի լավ երգել։ Եղել են դեպքեր, երբ երգը այլ երգչուհի է ձայնագրել, բայց չեն հավանել ու ինձ են խնդրել՝ երգեմ։ Մերժել եմ։ Մեր ոլորտում միշտ մրցակցություն կա, բայց ես երբեք որևէ մեկի հետ չեմ մրցել։
Իր ընտանիքի մոդելը՝ ներողամտություն և հանդուրժողականություն
Չկա ընտանիք, որտեղ վեճ չլինի։ Որքան էլ լինեն ծայրահեղ իրավիճակներ, կարողանում ենք ելք գտնել և հասկանալ, որ կյանքը մեկ անգամ է տրված։ Պետք է երբեք հարգանքը չկորցնել միմյանց հանդեպ։ Հարգանքն առաջին տեղում է միշտ և ամենուր։ Ես շատ մարդասեր եմ։ Գիտակցում եմ՝ եթե կարող եմ ինչ-որ հացրում ներողամիտ լինել, ինչու չլինեմ։ Երբեք չի եղել, որ տնից դուրս գալյի և գնայի համերգի, բայց տունը թողնեի թափթփված կամ կերակուր պատրաստած չլինեի։ Դա արել եմ քնիս հաշվին։ Նույնիսկ սկեսուրս էր ասում՝ դու հոգնել չունես։ Հոգնում էի, բայց հասկանում էի, որ դա ես պետք է անեմ։ Չէի ուզում, որ այդ պատճառով ինչ-որ խնդիր առաջանար։ Ամուսինս միշտ հասկացել է ինձ։ Նույնիսկ, երբ տանջվելով փորձում եմ ամեն ինչ հասցնել, նախատում է ինձ։ Ասում է՝ այս մի բանն էլ մի՛ արա։

Հպարտանում է Սիրուշոյով ու նրա ընտանիքով
Մենք բեմի մարդիկ էինք և չէինք կարող Սիրուշոյին արգելել երգել։ Ինչու արգելեինք, եթե երեխան բացարձակ տվյալներով էր։ Չեմ ընդունում, որ ծնողներն ասում են՝ պետք չէ՝ մեր մասնագիտությունն ընտրի։ Դեռ վաղ տարիքից Սիրուշոն շատ ինքնուրույն էր, բայց շատերն ասում էին ծնողներն են «առաջ տանում»։ Տարիների ընթացքում նա ապացուցեց՝ ով է։ 31 տարի բեմում է։ Դա կատակ չէ։
Այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից։ Չեք պատկերացնի իրենց ընտանիքում տիրող ներդաշնակությունն ու խոհեմությունը։ Մտնում ես իրենց տուն, հաճույք ես ստանում։ Այնքան են գնահատում ժամանակն ու իրենց ձեռք բերածը։ Իրենցով եմ ուրախանում։ Ժպտում եմ երեխաների հետ շփումից, հիմա արդեն Զաբելի բլբլոցից և իր տարիքից մեծ բառապաշարից։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


