Logo

Այսօր բնության երգիչ Համո Սահյանի ծննդյան օրն է

17:30 / 14.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 14-ին մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Մի անուն, որը դարձել է բնության, հայրենիքի և մարդկային զգացմունքների անկեղծ արտահայտողը։

Համո Սահյանը ծնվել է Սյունիքի լեռնաշխարհում՝ Սիսիանի Լոր գյուղում, մի միջավայրում, որի շունչը հետագայում մշտապես զգացվել է նրա ստեղծագործություններում։

Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել է Ակսել Բակունցը: Գրողը միջնակարգ և բարձրագույն կրթություն ստացել է Բաքվում: 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով տեղափոխվել է Երևան և բնակվել նրա տանը: Զորյանի օգնությամբ էլ Սահյանը ստեղծել է իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով:

Աշխատել է մի շարք թերթերում, եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը:

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ:

Նրա պոեզիան պարզ է, բայց միևնույն ժամանակ խորիմաստ՝ հագեցած հույզերով ու մտածմուներով։ Սահյանի խոսքը չէր ձգտում ճոխության․ այն գալիս էր անմիջապես սրտից և հասնում ընթերցողի հոգուն՝ առանց ավելորդ ձևականությունների։

Բանաստեղծի ստեղծագործություններում բնությունը կենդանի է․ սարերը խոսում են, գետերը՝ հիշում, իսկ քամին՝ պատմում անցյալի ու ներկայի մասին։ Նրա պոեզիան միայն բնության նկարագրություն չէ, այն մարդու ներաշխարհի բացահայտումն է՝ սիրո, կարոտի, ցավի ու հույսի լեզվով։ Սահյանը կարողանում էր պարզ բառերով փոխանցել այնպիսի խորքեր, որոնք հաճախ անհասանելի են թվում նույնիսկ ամենաբարդ ձևակերպումներով։ Նրա տողերում կա հայրենի հողի նկատմամբ անսահման սեր, որն այսօր էլ շարունակում է հուզել նոր սերունդներին։ Նրա պոեզիան շարունակում է ապրել՝ մեզ հիշեցնելով մեր արմատների, բնության գեղեցկության և մարդկային պարզ, բայց խոր զգացմունքների մասին։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 16-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում:

 

fastnews-ads-banner