Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Հորը գնդակահարել են ստալինիզմի տարիներին։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Նա 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը: Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։ 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը։
Հատկանշական է, որ Երվանդ Քոչարը «Սասունցի Դավիթ» արձանի դեմքը կերտել է Վանուշ Խանամիրյանի խաղացած Դավիթի կերպարից։
Մեծանուն հայը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին՝ իրենից հետո թողնելով մեծ ավանդ և պատմություն։


