Այսօր՝ նոյեմբերի 25-ին, նշվում է հայ անվանի դերասանուհու, ռադիոհաղորդավարուհու և երկարամյա մանկավարժ Հրաչուհի Ջինանյանի ծննդյան օրը։ Հրաչուհի Ջիանյանն առաջինն էր, որը խոսեց հայկական ռադիոյի եթերից՝ «Երևանն է խոսում»:
Նա գրեթե կես դար ռադիոեթերից խոսքի վարպետության չափանիշներ էր թելադրում:
1919 թվականին Կոստանդնուպոլսում ծնված Ջինանյանը մանկությունից տեղափոխվել է Հայաստան՝ 1925-ին հաստատվելով Երևանում, որտեղ էլ ձևավորվել է նրա բազմաշնորհ ստեղծագործական և ուսուցչական ուղին։ Սերը հայոց լեզվի և գրականության նկատմամբ օրիորդին ուղեկցեց դեպի բանասիրության ֆակուլտետ, որն էլ դեռ չավարտած՝ 1941 թվականից սկսել է աշխատել Հայաստանի ռադիոյում։ Նրա տարբերվող, հատկանշական ջերմությամբ ու հնչեղությամբ ձայնը տարիներ շարունակ եղել է հայ լսարանի ուղեկիցը՝ դարձնելով նրան խորհրդանշական կերպար ռադիոհաղորդումների պատմության մեջ։ Պատերազմի դժվար տարիներից մինչև խաղաղ ժամանակներ նրա ձայնը մարդկանց համար մնաց վստահության, հանգստության և մշակութային հաղորդակցության աղբյուր։
Ռադիոյում իր մեծ գործունեությանը զուգահեռ՝ Ջինանյանը կարևոր դեր է ունեցել նաև կրթության ոլորտում։ Նա երկար տարիներ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը։
Հրաչուհի Ջինանյանը իր երկարամյա գործունեության համար արժանացել է բարձրագույն պետական պարգևների, այդ թվում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, «Մովսես Խորենացի» մեդալի և «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման։ Նա հեռացել է կյանքից 2012 թվականին, սակայն իր թողած ժառանգությունը շարունակում է ապրել հայ մշակույթում, բեմում ու կրթական աշխարհում։


