Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանն այն եզակի արվեստագետներից է, ում ձայնը ժամանակի հետ չի հնանում։ Մաթևոսյանի կատարումներում հայ ժողովրդական և գուսանական երգերը ձեռք են բերում նոր շունչ՝ մնալով հավատարիմ իրենց արմատներին։
Մաթևոսյանը ծնվել է 1941թ.-ի հունվարի 12-ին, Սպիտակ քաղաքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան: Հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, այնուհետև նաև անսամբլի գեղարվեստական ղեկավար: 1986 թվականին սկսել է դասավանդել Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։
Նրա կատարումները՝ «Հորովել», «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», «Չքնաղ երազ»-ը և բազմաթիվ այլ երգեր, դարձել են ազգային հիշողության անբաժանելի մաս։ Այդ երգերում կա կարոտ, հպարտություն, ցավ ու լռությամբ ասված ճշմարտություն։ Ռուբեն Մաթևոսյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Եռանկյունի», «Սայաթ-Նովա», «Մեր բակը», «Ով կոտրեց ձայնասկավառակը»:

Ռուբեն Մաթևոսյանի արվեստը սերունդներ է դաստիարակել՝ սովորեցնելով լսել, զգալ և գնահատել իսկականը։ Շատերի համար նա դարձել է հայ երգի չափանիշ: 85 տարի անց նրա ձայնը շարունակում է հնչել համերգային դահլիճներում։


