Այսուհետև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը ավանդական կարմիր գորգ չի լինի։ Փառատոնի ստեղծագործական թիմի խոսքով՝ կարմիր գորգին կփոխարինեն արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը: «Կարմիր գորգը չեղարկելն ունի մի քանի պատճառ: Օրինակ՝ կարմիր գորգի հետ ասոցացվող էլիտիստականությունը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը: Բացի այդ, պետք է հաշվի առնել հայկական գորգագործական հարուստ ավանդույթները և ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների ներուժը: Շատ ավելի իմաստավորված կլինի, եթե յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝ ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով, - պատմել է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։



