VNews Culture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի, Չեխիայի, Սլովենիայի, Գերմանիայի թատրոնների մենակատար, պարուսույց, բեմադրիչ Ազատ Ղարիբյան կրտսերը:
Ազատ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար:
-Ես եմ շնորհակալ, որ ինձ հիշել եք: Ուզում եմ ասել, որ շատ մեծ ու կարևոր գործ եք անում, ու հայ մշակույթն ու արվեստը ներկայացնում եք: Շատ-շատ գովելի աշխատանք է, կխնդրեմ՝ չդադարեցնեք ձեր աշխատանքը, քանի որ մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր բալետի արտիստներ, որոնց մասին մեր հայրենակիցները պետք է իմանան:
Շնորհակալ եմ շատ: Մեր նպատակն էլ է շարքում ներառել բալետի բոլոր հայ արտիստներին: Ազատ, Դուք բալետի ամենահայտնի զույգերից մեկի՝ Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի թոռն եք: Ճակատագիրը, որ Դուք էլ պետք է դառնաք բալետի արտիստ, կանխորոշվա՞ծ էր, թե՞ Ձեր ցանկությամբ եք ընտրել այս ուղին:
-Ինձ թվում է՝ մինչև իմ ծնվելը տատիկն ու պապիկը որոշել էին, որ ես պետք է շարունակեմ նրանց ճանապարհը: Ես ունեմ մեծ եղբայր, որը, ցավոք, մահացել է, բայց երբեք չեն փորձել նրան մոտեցնել պարին: Ես կրում եմ պապիկիս անունն ու, հավանաբար, մինչ ծնվելս էին որոշել, որ պետք է դառնամ պարող:
Ազատ Ղարիբյանն ու Թերեզա Գրիգորյանը
Բայց երբ Դուք Պարարվեստի ուսումնարանում էիք սովորում, տատիկը Ձեզ միշտ նախատում էր ու ասում, որ Դուք արժանի չեք «Ազատ Ղարիբյան» անունը կրելուն:
-Այո, շատ ճիշտ եք ասում, այդպես է եղել, հավանաբար մոտիվացիաս ավելի բարձրացնելու համար: Չգիտեմ, ես չեմ էլ հարցրել երբևէ, թե ինչ նպատակ դա ուներ: Ինձ միշտ ասում էր՝ այնքան ժամանակ կլինես «Մաչո», մինչև արժանի լինես նրա անունը կրելուն: Անկեղծ ասած՝ գիտակից տարիքից, ինչ ինձ հիշում եմ, ինձ բոլորը «Մաչո» էին ասում, ու ես սովորել էի այդ ածականին: Ես չէի զարմանում կամ նեղվում, երբ ինձ ոչ ոք «Ազատ» չէր ասում:
Նպատակ կա՞ր նմանվելու պապիկին:
-Եթե անկեղծ լինեմ՝ սիրով չեմ պարի հաճախել: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր ընկերությունը, դրսի կյանքը, ինչպես 90-ականներին ապրած ցանկացած երեխա, ինձ էլ հետաքրքրում էր բակը, տղաների հետ խաղալը, քան ուսումը, ու երևի թե դա է եղել պատճառը, որ ինձ փորձել են ներշնչել, որ ես պարարվեստի հանդեպ ավելի լուրջ մոտեցում ցույց տամ:
Ե՞րբ եկավ այդ պահը:
-Երբ 7-րդ դասարանում էի սովորում, տատիկս ասաց՝ եթե լավ աշխատեմ, ինձ կտանի Սանկտ Պետերբուրգ՝ մրցույթի: Այդ օրվանից հետո ես, իրոք, սկսել եմ շատ աշխատել, ոչ մի դաս բաց չեմ թողել, դասերից հետո մնացել եմ ու աշխատել ինձ վրա:
Գնացիք Սանկտ Պետերբուրգ՝ Վահանովայի անվան ակադեմիա:
-Այո, այնտեղ Վահանովայի անվան մրցույթն էր անցկացվում, իսկ ես մասնակցում էի փառատոնին: Մրցույթին մասնակցում էին Պարարվեստի ուսումնարանի սաներից, և այդ փառատոնին մասնակցելուց հետո, հնարավորություն ստացա մեկ տարով ուսումը շարունակել Վահանովայի ակադեմիայում:
Ու երբ Սանկտ Պետերբուրգից վերադարձաք Երևան, տատիկը Ձեզ ասաց, որ հիմա իրավունք ունեք կրելու «Ազատ Ղարիբյան» անունը:
-Դուք որտեղի՞ց այդքան բան գիտեք (Ծիծաղում է - Հեղ․): Այո, հենց այդպես էլ եղել է: Երբ Սանկտ Պետերբուրգից հետ եկա ու դիպլոմով մտա տատիկի աշխատասենյակ՝ ոտքի կանգնեց, պապիկս մատանի ուներ, որ իր մահից հետո տատիկս էր կրում, մատից հանեց ու նվիրեց ինձ ու ասաց, որ այսօրվանից արժանի եմ կրել «Ազատ Ղարիբյան» անունը: Ու այդ օրվանից ինձ դիմում են Ազատ Ղարիբյան կրտսեր:
Ձեր սերնդի բազմաթիվ արտիստների պես Դուք էլ մեկնեցիք արտերկիր:
-Այո, բայց ես Պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո եմ մեկնել:
Կարծես թե ՀՀ ՊՆ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլում եք անցկացրել Ձեր ծառայությունը:
-Այո, շատ ճիշտ եք: Երբ 18 տարեկանս լրացավ, պարտադիր զինվորական ծառայության անցնելու հարցը բարձրացավ: Ինչպես գիտեք, բալետի արտիստների ոտքերի համար ուղղակի չի կարելի զինվորական ծառայության անցնել, ու մեկ շաբաթվա ընթացքում կարող ես կատարած ամբողջ աշխատանքը կորցնել: Ու երկու տարվա ծառայությունից հետո շատ դժվար, եթե չասեմ՝ անհնար կլիներ վերականգնվել: Տեղեկացա, որ «Սպայի տանը» գործող պարախումբ կա, երբ արդեն թատրոնում էի աշխատում: Տատիկն ու «Սպայի տան» ղեկավարը եկան ու սկսեցին իմ դասը նայել, ու ինձ ասացին, որ կարող եմ այնտեղ պարել ու իմ զինվորական ծառայությունն անցկացնել այնտեղ: Եվ այդպես երկու տարի շարունակ, ես նաև «Սպայի տան» պարախմբում ունեի 4, թե 5 դասարան, ու նրանց հետ պարապում էի:
Զուգահեռ նաև օպերային թատրոնում էիք աշխատում:
-Այո, հնարավորություն ունեի նաև օպերային թատրոնում աշխատելու: Երևանի բեմում մենապարեր շատ չեմ պարել: Հիշում եմ՝ «Դոն Կիխոտում» էսպադայի կերպարը: Մենք այդ ժամանակ Երևանի բեմում շատ ավելի շատ տաղանդաշատ արտիստներ ենք ունեցել, որոնք մենապարեր էին պարում: Անկեղծ եմ ասում, այնպես չէ, որ իմ պարով շատ փայլել եմ, ինչպես մեր մնացած արտիստները: Նաև Եվրոպայում ես իմ հնարավորությունների սահմաններում եմ պարել: Իհարկե, նաև գլխավոր դերեր եմ կերտել:
Հիմա Դուք համեստությո՞ւն եք անում:
-Չէ, իսկապես համեստություն չեմ անում: Ես գիտեմ իմ տվալները, իմ նշաձողը, ու ես գիտեմ, որ ինձանից շատ ավելի շատ լավ տղերք ենք ունեցել՝ Արման Գրիգորյանը, Արսեն Մեհրաբյանը (նրա հետ մեր հարցազրույցը՝ այստեղ), Տիգրան Միքայելյանը (նրա հետ մեր հարցազրույցը՝ այստեղ): Ես գիտեմ, որ իրենք ինձանից առնվազն մի գլուխ բարձր են: Իրենք շատ ուժեղ տղաներ են, ու դա անհնար է հերքել:
Երևանից հետո մեկնել եք Եվրոպա:
-Այո, սկզբում գնացի Չեխիա, հետո երկու տարի անց տեղափոխվեցի Սլովենիա, այնուհետև՝ Գերմանիա, ու այնտեղ աշխատեցի վեց տարի: Գերմանիայում հայ խաղընկերներ ունեի՝ Արսեն Չրաղյան, Լիլիթ Հակոբյան, Արմեն Գևորգյան, Դավիթ Վարդանյան: Մենք՝ հայերս, միայն մեր աշխատանքի միջոցով ենք փորձել ինչ-որ բանի հասնել: Շատ դեպքեր են եղել, երբ որոշ օտարազգի արտիստներ, տեսնելով, որ չեն կարողանում ինչ-որ բանի հասնել, ուրիշ ճանապարհ են ընտրել, ավելի լավ է չնշեմ, թե ինչ ճանապարհներ: Բայց մենք հայերով միշտ մեր քրտնաջան աշխատանքով ենք հասել ինչ-որ բանի:
Բալետում Ձեր նպատակը ո՞րն էր:
-Երբ ես Երևանում էի՝ միշտ մտածում էի, որ լինելու է այնպես, որ տատիկի կամ պապիկի խաթր են ինձ ինչ-որ բան առաջարկելու: Եթե ես իսկապես ինչ-որ բանի արժանի եմ՝ պետք է Երևանից դուրս գամ ու փորձեմ իմ ուժերով հասնել: Դա դարձավ պատճառ, որ սկսեցի Եվրոպայում աշխատել: Չեխիայում էի պարում, երբ Սլովենիայից խորեոգրաֆ եկավ, որպեսզի բեմադրեր «Կարապի լիճը» ներկայացումը, ու ինձ տվեցին գլխավոր դերը: Ու այդպես կամաց-կամաց․․․ Ամեն անգամ, երբ գալիս էին նոր բեմադրություն դնելու, միշտ ինձ ընտրում էին եթե ոչ գլխավոր, ապա գլխավոր դերերից մեկի համար:
Այսինքն՝ նպատակն էր, որ Դուք Ձեզ ապացուցեիք, որ բալետի ասպարեզում կարող եք առաջ գնալ՝ առանց տատիկի ու պապիկի անվան:
-Ճիշտ այդպես:
Ապացուցեցի՞ք:
-Այո: Ճիշտ է` ես մեծ բեմերում չեմ պարել, օրինակ՝ Բեռլինի, Մյունխենի, «Մեծ թատրոնի» կամ Սան Ֆրանցիսկոյի, բայց իմ հնարավորությունների սահմանում որոշակի հաջողությունների հասել եմ:
Որպես բալետի արտիստ Ձեզ համարո՞ւմ եք ինքնաիրացված:
-Չէ, չէի ասի: Բալետն այնքան մեծ ու լայն է, այնքան շատ դերեր կան, որ կուզեի պարել: Միշտ ինչ-որ մի բանի պակաս կա, միշտ չես հասցնում: Բալետի արտիստի ստեղծագործական կյանքը շատ կարճ է: Եվ միշտ մի բան պակասում է: Ինձ թվում է՝ այդպիսի մարդ չկա, որ կասի, որ հասել է իր «պիկին» ու ամեն ինչի հասել է:
Ձեր կինը ճապոնուհի է՝ Նահո Ջո-Ղարիբյան: Դուք հանդիպել եք Գերմանիայում, միասին պարել, որից հետո մեկնել եք Ճապոնիա՝ մշտական բնակության:
-Այո, կինս նույնպես բալետի արտիստ է, ու վեց տարի շարունակ Գերմանիայում միասին ենք պարել: Գերմանիայում իմ զուգընկերն է եղել: Կարիերան ավարտելուց հետո եկանք Ճապոնիա: Այստեղ հայությունը շատ քիչ է, իսկ կոնկրետ մեր կղզում միակ հայը ես եմ: Ու ես չէի կարողանա Ճապոնիայում որևէ բան անել առանց կնոջս օգնության: Սկզբում, բնականաբար, դժվարություններ կային: Մասնագիտական առումով պարարվեստում ավելի շատ մարմնի ու շարժումների լեզուն է, ու բոլոր տերմինները ֆրանսերեն են, այնտեղ թարգմանության կարիք չկա, ու այդ հարցում, բարեբախտաբար, խնդիրներ չէին առաջանում: Երկու տարի անց արդեն որոշ բառեր սովորեցի, որ կարողանամ ճապոներենով նկատողություն անել (Ծիծաղում է - Հեղ․)։
Ֆուկուոկա քաղաքում հիմնել եք Ազատ Ղարիբյանի անվան ստուդիա, որի կազմում գործում է նաև «Կռունկ» անսամբլը: Որքա՞ն աշակերտ ունի Ձեր դպրոցը:
-70 աշակերտ ունենք, կան արտիստներ, որոնց հաջողություններով ոգևորվում ենք: Տարբեր մրցույթներից ոսկե մեդալակիրներ ունենք: Աշակերտներ ունեմ, որ Կանադայում, Համբուրգում են սովորում:
Իսկ ընդհանրապես Ճապոնիայում մշակութային կյանքը, հատկապես՝ բալետային, ինչպիսի՞ն է: Հեռվից այն տպավորությունն է, որ Ճապոնիայում առավելապես ազգային պարերն ու ազգային մշակույթը պետք է լինի:
-Շատ են սիրում բալետ: Միակ խնդիրն այն է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ճապոնիայում տղա արտիստների պակաս կա: Հավանաբար, ճապոնացի ծնողներն էլ հայերի պես մտածում են, որ տղամարդու գործ չէ պարարվեստը՝ մանավանդ բալետը, ու փորձում են իրենց տղաներին այլ կրթության տալ: Յոթանասուն տոկոսն այստեղ բալետով զբաղվում է որպես հոբբի: Լուրջ մոտեցում քչերն են ցույց տալիս, բայց իսկապես շատ տաղանդավոր ազգ են:
Ապագայի ի՞նչ նպատակներ ունեք:
-Ուզում եմ դառնալ այն կամուրջը, որը կկապի Ճապոնիայի և Հայաստանի մշակույթները: Հիմա ես փորձում եմ Պարարվեստի ուսումնարանի հետ համագործակցել ու այստեղից սաներ ուղարկել: Մեծ ցանկություն ու նպատակ ունեմ, որ մեր բալետային թատերախումբն Արամ Խաչատրյանի երեք ներկայացումները՝ «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես», պարի Ճապոնիայում: Դա նպատակ է, որը պետք է իրագործվի: Մենք միակ ազգն ենք, որն ունի այդ երեք ներկայացումները: Շատ լավ դերասանական կազմ ունենք, որը կարող է Ճապոնիայում փայլուն կերպով ելույթ ունենալ ու պատվով ներկայացնել մեր ազգը:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»
Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար
Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում
Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի