ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Այսօր հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։ Ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունն արձանի տեղադրման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու հարցում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին՝ այս նախաձեռնության վերաբերյալ ունեցած դրական արձագանքի համար»:
Ալեն Սիմոնյանը հուսով է, որ մոտ ապագայում Երևանի ավագանին կքննարկի և դրական որոշում կկայացնի այդ առաջարկի վերաբերյալ, ինչի արդյունքում մայրաքաղաքը կունենա մեծ հային նվիրված հուշարձան:

