«Սքայբոլ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 14-ին հանդես կգա նոր միջոցառմամբ՝ «Օդագնացության միջազգային փառատոն»-ով: Փառատոնը, որն ընդգրկված էր մեր՝ հոկտեմբեր ամսվա լավագույն միջոցառումների ցանկում, կմերկնարկվի համերգային ծրագրով՝ այս շաբաթ օրը՝ 15:30:
Այնուհետև՝ 16:30, օդապարիկները կպատրաստվեն վեր բարձրանալ ու «Հայաստանը երկնքից բացահայտել»: Փառատոնին ընդհանուր հաշվով մասնակցում է 5 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը:
«Սքայբոլ» ընկերության տնօրենի հետ ունեցած մեր զրույցից պարզ դարձավ, որ փառատոնը միտում ունի դառնալ ամենամյա: Իսկ հարցին, թե ինչպե՞ս կարող է միջոցառումը նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը, Նաիրի Բարսեղյանը պատասխանեց. «Տարբեր երկրներում այս միջոցառումն ամենասպասված փառատոններից մեկն է: Այն զբոսաշրջիկների մեծ հոսք է ապահովում, հետևաբար հուսով ենք, որ Հայաստանում նույնպես այն հաջողված կլինի»:
Թեև հոկտեմբերի 14-ին փառատոնին ներկա գտնվողները չեն կարողանա անմիջական մասնակցություն ունենալ միջոցառմանը՝ այսինքն օդապարիկով շրջել Հայաստանի տարածքով, բայց «Սքայբոլ» ընկերությունն արդեն 2014թ.-ից առաջարկում է Հայաստանին վերևից ծանոթանալու ծառայությունը: Հայաստանի բաց երկնքում օդապարիկով շրջելու գներն այստեղ տարբեր են՝ 2-ից 3 անձի համար գինը տատանվում է 220.000- 250.000-ի սահմաններում:
Վերջում ևս մեկ անգամ հիշեցնենք՝ հոկտեմբերի 14, Հանրապետության հրապարակ՝ «Օդագնացության միջազգային փառատոն»: Կհանդիպե՜նք:

