Փառատոնի վերջին օրը Բաթումում շարունակում էր տիրել երաժշտական հրաշալի տրամադրություն, որն ավելի վառ արտահայտված էր հենց Թենիսի մարզադաշտում, որտեղ առաջին ելույթը վստահված էր MF Robots խմբին։ Ճիշտ է սա նորաթուխ խումբ է, բայց նրա անդամները նախկինում հանդես են եկել մեկ այլ շատ ավելի հին ու հայտնի Brand New Heavies բենդում։ MF Robots-ը իսկական արևի շող էր ամպոտ Բաթումում, որովհետև այն դրական տրամադրությունը, որ ունեին իրենք, փոխանցել էին, բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե հանդիպելու են միայն Ջոս Սթոունին։
Եթե Black Sea Jazz փառատոնին տարբեր տարիների ելույթ ունեցած աստղերը նախանձ են առաջացրել հայաստանաբնակներիս մոտ, թե ինչու այս կամ այն աստղը ելույթ չի ունենում մեզ մոտ, ապա այս դեպքում նախանձելու առիթ չկար, որովհետև շնորհիվ «Երևան Ջազ Ֆեստի»՝ Black Sea Jazz փառատոնի փակումը վստահված Ջոս Սթոունին Երևանում լսելու և տեսնելու հնարավորություն ընձեռնվել էր։
Ջոս Սթոունն իր ելույթներում երբեք ոչինչ չի փոխում. միշտ բոկոտն, միշտ փոքր ինչ տարօրինակ ու խենթ, միշտ հանդիսատեսի հետ շփվող։ Սակայն, ինչպես փառատոնի կազմակերպիչները նշեցին կուլիսային զրույցներում, որքան հրաշալի է նա բեմում, այդչափ այսպես ասած դժվարամարս է բեմից դուրս։ Տարօրինակ և աշխատակազմի ու լրագրողների հետ չշփվող։
Առաջին իսկ ալբոմից սկսած` 2003 թվականից, նա մրցանակների բազմաթիվ թեկնածություններ է ունեցել և հաղթանակներ հեղինակավոր Բրիթ, Գրեմի, Սոուլ Թրեյն մրցանակաբաշխություններում։
Համաշխարհային հիթերի ցանկում տեղ գտած «I put a spell on you» երգը Ջոս Սթոունի կատարմամբ վերջինիս հերթական անգամ արժանացրեց Գրեմիի ու հանդիսատեսի մոտ էլ դարձավ նրա ելույթի այն պարտադիր մասերից մեկը, առանց որի կիսատության զգացողություն է առաջանում։
Black Sea Jazz փառատոնն ավարտվեց։ Վիվառոնյուզը փորձեց ձեզ փոխանցել այն մթնոլորտը, որը տիրել էր Բաթումում մի քանի օր։ Առջևում «Երևան Ջազ փառատոնն» է։ Սպասենք։


