Հուզված աչքեր, մտածկոտ դեմքեր, արցախյան բարբառ...Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում «Բլոկադա» ներկայացումն է:
287 օր տևած Արցախի շրջափակման մասին պատմող այս ներկայացումը հանդիսատեսին ստիպեց հիշել ու վերապրել բլոկադայի դժվարին օրերը:
Արցախյան պատերազմներին դիմակայած դեդոն (Շանթ Հովհաննիսյան) ու նրա հարս Աստղիկը (Մարջան Ավետիսյան) դժվարին ճանապարհ են անցել, նրանք կորցրել են իրենց ամենասիրելի մարդկանց, բայց շարունակում են ապրել կառչած հայրենի հողից: Ընտանիքի հետ է ապրում այրի և որդեկորույս Աստղիկի դուստր Մանեն(Էլեն Գևորգյան): Չնայած մեծ տառապանքին` կյանքի հանդեպ չչարացած ընտանիքը շարունակում է իր բնականոն կյանքը՝ Աստղիկի սուր հումորներով և դեդոյի հյուրասիրությամբ և լավատեսությամբ:

Չդավաճանելով իր հյուրասեր բնավորությանը՝ դեդոն, Արցախում վիրավորում ստացած զինվոր Հայկին(Բորիս Մելքոնյան), իրենց տուն է հրավիրում, նրա հետ էլ գալիս են նաև քույրը՝ Աննան (Մարիամ Ալեքսանյան), և քրոջ ամուսինը՝ Ավետիքը (Վաչե Երիցյան):
Հաջորդ օրվանից սկսվում է բլոկադան...
Սննդի սակավությունը, անորոշ սպասումը, արտաքին աշխարհից կտրվածությունը հերոսներին դարձնում են էլ ավելի էմոցիոնալ և զգայուն։
Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ թեմայի ընտրությունը պատահական չէր.
«Ներկայացման գաղափարը Մենչինն է, անսովոր է թվում, քանի որ նա ավելի շատ հայտնի է իր հումորային նախագծերով։ Մի գարնանային առավոտ ես ու Արմենը նախաճաշի էինք գնում, և նա պատմեց՝ նկարահանումների գնալիս արցախցի վարորդների է հանդիպում, որոնք այս քաղաքում իրենց լքված են զգում։ Արագ մտահղացումը ծնվեց, և Արմենի առաջարկով ընտրեցինք բլոկադայի թեման։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ. 5-6 օր անց սցենարիստի՝ Անի Մաղաքյանի հետ էինք արդեն խոսել ու դերասանական կազմն ընտրել»,-անկեղծանում է ներկայացման ռեժիսորը:

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նշում է, որ գրեթե մեկ ամիս շարունակ ինտենսիվ փորձեր են արել, որոնց ընթացքում թվացել է, որ ամբողջ հուզմունքն ու էմոցիաները դուրս է բերել, բայց առաջնախաղին նորից է զգացել նույնը.
«Չափազանց պտասխանատու էր կերտել արցախահայ կնոջ կերպարը, պիտի լիներ այն կինը, որ իրենց մեջից է դուրս եկել: Ես շատ հաճախ չեմ եղել Արցախում. 4 ամիս ապրել եմ այնտեղ՝ ֆիլմ էինք նկարում: Բայց իրենց հետ շփում ունեցել եմ, ու հատուկ մեծ սեր ունեմ իրենց հանդեպ ու բարբառների: Եվ Հայաստանի, և Արցախի բոլոր բարբառները ինձ հարազատ են ու շատ եմ սիրում մարդկանց, ովքեր բարբառով են խոսում: Միշտ ուզել եմ այն հասկանալ, ինչը բավական բարդ է, որովհետև տարբեր են ստեփանակերտցու, մարտունեցու և հադրութեցու բարբառները: Այդ մեծ սերն էլ օգնեց ստեղծել Աստղիկին,- պատմում է դերասանուհին:

Բարբառին հարմարվելը հեշտ չի եղել դերասաններին, այդ հացով օգնել են իրենց Արցախցի ընկերները՝ Տոման և Սրբուկը:
Ներկայացման հիմքում սերն է, սեր թեկուզ ամենածանր իրավիճակներում, սեր կողակցի հանդեպ, մերձավորի և առհասարակ մարդկության, սեփական «ես»-ից այն կողմ տեսնելն ու համախմբվելը:
Դերասան Շանթ Հովհաննիսյանն անկեղծանում է՝ այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ շատ հեշտ է ուղղակի անտարբեր դառնալը.
«Այս թեմային անդրադառնալը կարևոր է, որպեսզի չմոռանանք, թե ինչերի միջով ենք անցել, բայց նաև պետք է չցավեցնենք: Այն մարդիկ, որոնք կտրված են եղել աշխարհից, ինչպիսի ապրումներ և կամք են ունեցել, ինչպիսի ուժ՝ իրենց հողին ամուր մնալու համար, բայց ի վերջո ճակատագիրն այլ կերպ տնօրինեց։ Կարծում եմ՝ այդ ամենը դեռ կշտկվի, և իրենց օրրանը լքածները կվերադառնան հարազատ օջախներ։ Աշխարհն այսպես չի մնա, կփոխվի մի օր»:
Ներկայացման ավարտին անվերջ լսվում էին ծափահարությունները։ Հանդիսատեսի աչքերում արցունք կար, բայց այդ արցունքները միայն ցավի մասին չէին․ դրանք նաև հիշողության, ուժի և հույսի արտահայտություն էին։

Հեղինակ՝ Վարդուհի Մազմանյան
Լուսանկարիչ՝ Դավիթ Հակոբջանյան


