Փետրվարի կեսերին հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսի մոտ հազվագյուտ քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել։ Դերասանի կինը հայտնեց, որ նա տառապում է ճակատային դեմենցիայով։ Այս հիվանդությունը մեծապես ազդում է մարդու բնավորության, նրա վարքի և խոսքի վրա։ Կնոջ խոսքով՝ ամուսնու վիճակն աստիճանաբար վատանում է, արդյունավետ բուժում չկա։ Չնայած այս հանգամանքին՝ պապարացիները շարունակում են հետապնդել դերասանին։
Դերասանի ընտանիքը դժգոհ է լուսանկարիչների նման պահվածքից։ Նախօրեին դերասանի կինը տեսաուղերձ է ձայնագրել, որում խնդրում է հանգիստ թողնել իր ամուսնուն։
«Եթե դուք մարդ եք, որը խնամում է թուլամտությամբ տառապող մեկին, ապա գիտեք, թե որքան դժվար և սթրեսային է մարդուն տնից հանելն ու ապահով տեղ հասցնելը, նույնիսկ միայն մի բաժակ սուրճ խմելու համար», - ասել է Էմմա Հեմինգը:

«Սա կոչ է լուսանկարիչներին և օպերատորներին, որոնք փորձում են ստանալ ամուսնուս բացառիկ նկարները: Գիտեմ, որ դա ձեր գործն է, բայց հեռավորություն պահպանե՛ք: Խնդրում եմ, մի՛ բղավեք կողակցիս վրա, մի՛ հարցրեք, թե ինչպես է նա, մի՛ սուլեք: Նրան անձնական տարածք է պետք։ Թույլ տվեք մեր ընտանիքին և այլ օրերի նրան ուղեկցողներին հանգիստ Ա կետից Բ կետը հասնել»,- խնդրել է դերասանի կինը։
2022 թվականի մարտի 30-ին Բրյուս Ուիլիսի հարազատները հայտարարել էին, որ դերասանը ստիպված է դադարեցնել բոլոր նկարահանումները։ Նրանք հայտնել էին, որ դերասանը խոսքի խանգարում ունի։


