Logo

Բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինին․ Վլադիմիր Մսրյան

11:55 / 12.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Խորհրդային արտադրության «Նիկոլո Պագանինի» 4 սերիայից բաղկացած ժապավենում խաղացած գլխավոր դերի համար Մսրյանն իտալական մամուլի կողմից ճանաչվել էր «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի»։

Բացառիկ էր նա իր մարմնավորած դերերով։ Վլադիմիր Մսրյանը ծնվել ու մեծացել է դերասանների ընտանիքում. հայրն ու մայրը` ՀՍՍՀ վաստակավոր արտիստներ Հովհաննես եւ Արաքսյա Մսրյանները, հայ նորագույն թատրոնի համեստ ներկայացուցիչներն էին, որոնք իրենց կենսագրությունը կապել էին Ալավերդու եւ Վանաձորի պետական թատրոններին։ Ծնվելով և մեծանալով վաստակավոր դերասանների ընտանիքում՝ Վլադիմիրը հաճախ էր ներկա լինում Ալավերդի քաղաքում ծնողների հիմնած Պետական բանվորական թատրոնի ներկայացումներին, իսկ երկու տարեկանում փոքրիկ դեր է ստանձնում բեմադրություններից մեկում:

Հովհաննես եւ Արաքսյա Մսրյանները

Դպրոցում նա հետաքրքրվում էր մաթեմատիկայով և ֆիզիկայով: Հետագայում, երբ պետք է մասնագիտություն ընտրեր, որոշում է դիմել Մոսկվայի ավիացիոն-տեխնիկական ինստիտուտ: Բայց վերջին պահին, հետևելով արյան կանչին, փոխում է որոշումը և մասնակցում Շչեպկինյան թատերական ուսումնարանի ընդունելության քննություններին: Բարեհաջող հանձնում է բոլոր քննությունները, սակայն վերջին հարցազրույցից կտրվում է. դավաճանում է հայկական առոգանությունը:

Այն ժամանակ նման ռուսերենով խաղալը «պետական դավադրություն» էր համարվում: Փոխարենը երաշխավորագիր են տալիս, որը նրա առջև բացում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դռները: Ապագա արտիստը Երևանում ևս փայլուն է հանձնում մասնագիտական առարկաները, սակայն հայերենի թելադրությունից 1 է ստանում:

Բայց քանի որ այդ տարի թատերական ինստիտուտում շատ թափուր տեղեր կային, իսկ ինստիտուտին դերասաններ էին հարկավոր երկու ամիս ուշացումով Մսրյանն ընդունվում է առաջին կուրս: Ինստիտուտն ավարտելուց հետո Մսրյանը որոշ ժամանակ աշխատում է  Պատանի հանդիսատեսի եւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոններում։ 

1968-ից, երբ բացվեց Դրամատիկական թատրոնը, որը խոշոր երեւույթ դարձավ մեր թատերական իրականության մեջ, Վլադիմիր Մսրյանը դարձավ այս թատրոնի դերասան` իր սերնդակիցներ Լեւոն Թուխիկյանի, Գուժ Մանուկյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Հանրի Զարյանի եւ մյուսների հետ։ 

Կյանքը դերասանին հնարավորություն ընձեռեց խաղալ ոչ միայն բեմում, այլև էկրանին, թեև թատրոնը միշտ էլ մնաց առաջին, անդավաճան սերը: «Խոստովանում եմ`   ինձ համար ավելի հեշտ ու ազատ է խաղալ թատրոնում»,-ասել է դերասանը:

Մսրյանը նկարահանվել է ընդհանուր առմամբ 19 ֆիլմում, որոնցից են «Ձայն բարբառո...»-ն, «Հին աստվածներ»-ը, «Լռության սիմֆոնիա»-ն և այլն: Վլադիմիր Մսրյան դերասանին հանդիսատեսն ավելի լավ ճանաչում է թատերական բեմերից, մասնավորապես՝ դրամատիկական թատրոնի: Մսրյանը Դրամատիկականի բեմում մարմնավորել է Հերոստրատ, Համլետ, Հուլիոս Կեսար և այլ կերպարներ։ 

Վլադիմիր Մսրյանը դստեր՝ Մարի Մսրյանի և փեսայի՝ Հովհաննես Բաբախանյանի հետ

Անվանի ու բացառիկ դերասանը մահացել է 2010 թվականի օգոստոսի 24-ին։ Դերասանի թոռները՝ Վլադիմիրն ու Անահիտը, ևս դերասաններ են։ Նրանք սիրով են հիշում պապիկի խոսքերը․ «Ամեն անգամ խաղա այնպես, իբրև վերջին անգամն ես խաղում»։

fastnews-ads-banner