Logo

Վիրջինիա Վուլֆն ու «սեփական սենյակը»

Հեղինակ
Դինա Սամվելյան
19:00 / 25.01.2022Մարդիկ

Վիրջինիա Վուլֆ 1

Բրիտանացի գրող Վիրջինիա Վուլֆն ինքնասպան է եղել 80 տարի առաջ։ 1941 թվականի մարտի 28-ին նա ամուսնուն ինքնասպանության գրություն է թողել, որտեղ բողոքել է հոգեկան առողջության վատթարացումից և հավելել. «Այս անգամ ես չեմ ապաքինվի»։ 

«Եթե ինչ-որ մեկը կարողանար փրկել ինձ, ապա դա դու կլինեիր: Ամեն ինչ հիմա լքել է ինձ, բացի այն համոզմունքից, որ դու լավն ես: Այլևս չեմ կարող ապրել քո կյանքը կործանելով: 
Չեմ կարծում, որ երկու մարդիկ միասին կարող էին ավելի երջանիկ լինել, քան մենք…» 

Վիրջինիա Վուլֆ -սեփական սենյակ

Վիրջինիա Վուլֆի ամենահայտնի ֆեմինիստական ​​էսսեներից մեկը կոչվում է «A Room of Her Own» («Սեփական սենյակ»), որտեղ նա արտահայտել է այժմ բավականին հայտնի բանաձևը. «Ստեղծագործելու համար կնոջն անհրաժեշտ է սեփական մի սենյակ՝ առանձնանալու և մինիմալ եկամուտ` սովամահ չլինելու համար»։

Նման տարրական անհրաժեշտություններ չէր կարող իրեն թույլ տալ իր նախորդներից և ոչ ոք, օրինակ՝ Ջեյն Օսթինը գրում էր ճաշասենյակում՝ թաքցնելով իր գծագրերն անձեռոցիկների տակ, և մինչև 20-րդ դարը կանանց գրած վեպերն ընդունված չէին: «Սեփական սենյակ»-ում, սակայն, Վուլֆն ամենևին էլ մտադիր չէր հրաժարվել գեղարվեստական ​​գրականությանը հատուկ իր ոճի գեղեցկությունից և ճշգրտությունից։

Փաստորեն, խոսքն այն մասին էր, որ կնոջ գրական կարիերային խոչընդոտում են ոչ թե ինչ-որ վեհ խնդիրները կամ ոչ բավարար տաղանդը, այլ միանգամայն առօրյա խնդիրները՝ կրթության վատ հասանելիությունը, կախյալ դիրքը և հասարակությանը, ընտանիքին և պետությանը հակառակ գործելու մշտական ​​անհրաժեշտությունը։

Վիրջինիա Վուլֆ 3

Վիրջինիան համալսարանական կրթություն չի ստացել։ Մինչ նրա եղբայրներն ավարտում էին հեղինակավոր դպրոցներ, իսկ քույրը սովորում էր արվեստի դպրոցում, Վիրջինիան ինքնուրույն սովորում էր հին հունարենը և կարդում էր, շատ էր կարդում: Թերևս մասամբ այդ պատճառով իր հայացքը գրականության հանդեպ դարձել է այդքան ժողովրդավարական. իր հոդվածներում նա ձգտում էր հնարավորինս շատ մարդկանց ներգրավել գրքերի մեջ:

«Համակարգված կարդալը, փորձագետ կամ հեղինակություն դառնալու նպատակով, կարող է սպանել... Իրական ընթերցողը մեծ հետաքրքրասիրություն ունեցող, գաղափարներով, բաց և շփվող մարդ է, ում համար կարդալն անշահախնդիր է»,- գրել է նա հոդվածներից մեկում։

Բայց, վերադառնալով «Սեփական սենյակ», հարկ է նշել, որ Վուլֆն ուներ նման սենյակի իդեալական օրինակ։ 1919 թվականին նոր տուն տեղափոխվելուց հետո, գրողն առանձին սենյակ ուներ՝ ամբողջապես առանձին մուտքով:

Վեպ գրելիս Վուլֆը թուղթ ու մատիտ էր պահում իր մահճակալի մոտ։ Նա երբեմն լոգարանում պառկած, բարձրաձայն արտասանում էր գիշերը գրած նախադասությունները, ինքն իրեն հարցեր տալիս և պատասխանում դրանց։ Ցերեկը Վիրջինիան կարդում էր այն ամենն, ինչ գրել էր առավոտյան: 

«Սեփական սենյակ» էսսեի գեղեցկությունն արտացոլած մտքի խաղաղությունն է. Վուլֆը պնդում էր, որ վերջինս մեծ արվեստագետների որոշիչ հատկանիշն է: Նրա թափանցիկ և նրբագեղ շարադրությունը նվիրված է ոչ միայն գրելու անհրաժեշտ նյութական պայմաններին, այլև ստեղծագործողի ինքնազարգացմանը։ Էսսեն տպագրվել է 1920-ականներին, գոնե ֆորմալ առումով այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, բայց ստեղծագործելու էությունը, նաև սեփական առանձին տարածքն ունենալու անհրաժեշտությունը՝ ոչ միայն գրականության, գրելու, այլ նաև կյանքի համար, լայն իմաստով՝ մնացել է նույնը։

 

 

fastnews-ads-banner