«Դանտեն և Վերգիլիոսը դժախքում» նկարը 19-րդ դարի նկարիչ Ուիլյամ Բուգրոյի ամենահայտնի կտավներից մեկն է: Հեղինակը նկարը պատկերել է 1850թ.-ին և այն բավականին տարբեր է նախկինում արված իր մյուս գործերից: Իր արվեստում նկարիչը հաճախ էր օգտագործում միֆական թեմատիկաները, սերը, խաղաղությունն ու կատարյալի ձգտումը: Սակայն այս գործում նրա միջավայրն ու թեմատիկան միանգամայն այլ են:
Նկարը պատկերում է 1300-ականների դասական հեղինակ Դանտե Ալիգերիի գլուխգործոց համարվող «Աստվածային կատակերգություն» պոեմը: Այստեղ Դանտեն նկարագրում է, թե ինչպես է մահացած մի պոետ Բերգիլիոսը նրան ցույց տվել դժոխքի 7 աստիճանները:
Անդ հառաչներ, հեծեծանքներ, ճիչեր սուր
Հնչում էին աստեղազուրկ այրերում,
Որոնց ի լուր արտասվեցի ես նախ լուռ։
Ամեն լեզվով գոչեր, ահեղ հայհուչներ,
Ցավի կանչեր և մռունչներ մոլեգին,
Զիլ ու նվաղ ձայներ, ձեռքի շաչյուններ…
~ Հատված Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» պոեմից
Նկարի հերոսներից են Դանտեն և Վերգիլիսոը: Դանտեն միջին դարերի ամենահայտնի գրողներից մեկն է, որին եկեղեցին աքսորել էր Հռոմի պապին հակաճառվելու ու ազատություն քարոզելու համար, իսկ Վերգիլիսոը Ք.Ա 70-19-րդ դարի հռոմեացի պոետ էր, որին Դանթեն համարում էր իր ուսուցիչը: Դանտեն նկարում պատկերված է թիկնոցով: Նա ծածկել է բերանը զարմանքից ու վախից: Նրա կողքին է Վերգիլիոսը, որը ձեռքը դրել է Դանտեի թևին, և կանգնեցնում է նրան առաջ գնալուց: Դանտեն աչքերը հառել է իր առջևում կատարվող սարսափելի տեսարանին. երկու անիծված հոգիներ իրար կոկորդ են կրծում՝ բառի բուն իմաստով: Նրանցից մեկը ալքիմիկոս Կապոչոն է, իսկ նրա կոկորդը կրծողը՝ Ջանի Սկիկին, որը խաբեբայության միջոցով ստացել էր մեկ այլ մարդու ունեցվածքը:
Այս երկուսի ետևում մի մարդ է ընկած, որն անտարբերությամբ նայում է կռվող հոգիներին: Նա խորհրդանշում է 7 մեղքերից մեկը՝ ծուլությունը: Կենտրոնական տեսարանի ետևում կարող եք նկատել նաև այլ կերպարների, որոնք խորհրդանշում են մյուս 6 մահացու մեղքերը՝ հպարտությունը, նախանձը, բարկությունը, ագահությունը, որկրամոլությունը և բղջախոհությունը: Այս ամենին ուշադիր ու չար հայացքով հետևում է դժոխքի հրեշներից մեկը, որի ուշադրությունը կարծես միայն Դանտեին է ուղղված:
Ներկայումս Ուիլյամ Բուգրոյի «Դանտեն և Վերգիլիոսը դժախքում» նկարը գտնվում է Փարիզի «Օրսե» թանգարանում։

«Մի նկարի պատմություն» ամբողջական շարքը՝ այստեղ:
Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում:

