Logo

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միխավ Ստոխելը հորդորում է երբեք չհանձնվել

15:36 / 09.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»-ը՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է» կարգախոսով։ 
Միջազգային ժյուրիի քվեարկությամբ մրցույթում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ ակորդեոնահար Միխավ Ստոխելը։ Նա կատարել է Միկոլայ Մայկուսիակի «Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար» ստեղծագործությունը։ Երիտասարդը մրցույթի պատմության մեջ առաջին ակորդեոնահարն է, որն արժանացել է գլխավոր մրցանակին։

Միխավ Ստոխելը խոստովանել է, որ բավականին հուզված է, ոգևորված ու երջանիկ.

«Մրցույթը հիանալի էր, բոլոր մրցակիցներն ինքնատիպ էին ու տաղանդավոր։ Երբեք չեմ  մոռանա եվրատեսիլյան երեկոն։ Բոլոր սկսնակ երաժիշտներին հորդորում եմ երբեք չհանձնվել և հավատալ սեփական ուժերին»։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան, որը կատարեց Էմանուել Սեժուռնինի «Կոնցերտ մարիմբայի եւ լարայինների համար» գործը։ Հայաստանի պատվիրակ Էլեն Վիրաբյանը երրորդ հորիզոնականում էր: 15-ամյա ֆլեյտահարուհին կատարել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»։

Մրցույթին մասնակցելու համար Հայաստան էին եկել պատվիրակություններ եվրոպական 10 երկրից` Բելգիա, Կիպրոս, Չեխիա, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեդիա եւ Շվեյցարիա: 

Բոլոր մասնակիցների ելույթները ուղեկցվում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը՝ 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է  12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  

 

fastnews-ads-banner