VNews Culture-ի զրուցակիցն է Դրեզդեն քաղաքի «Զեմպերոպեր» օպերային թատրոնի, Ամստերդամի ազգային բալետի, Բելգիայի Անտվերպեն քաղաքի Թագավորական բալետի նախկին մենակատար Դավիթ Վարդանյանը:
Իտալիայում տեղի ունեցած «Բոլզանո» պարի միջազգային մրցույթին Դավիթ Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Մասնակցել է նաև Ստամբուլում կայացած մրցույթին և դուրս եկել եզրափակիչ։ Պարել է պարուսույցներ Ջիրի Կիլյանի, Վիլիամ Ֆորսիթի, Ջորջ Բլանխինի, Ջոն Նեումայերի, Ջոն Գրանկոյի, Հանս վան Մանենի, Դեյվիդ Դոսոնի բեմադրած բալետներում:
Բալետի արտիստի կարիերան ավարտելուց հետո մեկնել է Հոնկոնգ: Եղել է Ho Ballet-ի ղեկավարը: Այժմ Հոնկոնգի AD International Ballet School-ի գեղարվեստական ղեկավարն է:
Դավիթ, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Ձեր պապիկը՝ Հենրիկ Վարդանյանը, պարարվեստի երախտավորներից է, ու կարծես թե ընտանիքում Ձեր փոխարեն որոշել են, որ պետք է դառնաք բալետի արտիստ:
-Դուք շատ ճիշտ եք: Պապիկի հետքերով են ինձ տարել պարի, բայց գիտեք, երկու տարի Պարարվեստի ուսումնարանում սովորում էի, չգիտեին, որ Հենրիկ Վարդանյանի թոռն եմ: Թերեզա Գրիգորյանն ու պապիկս մտերիմ էին, բայց անգամ նա չգիտեր՝ ով եմ ես: Մայրիկն է ինձ տարել ուսումնարան, ու ինձ ընդունեցին առանց տեղեկանալու իմ ընտանիքի մասին․ ասացին, որ լավ տվյալներ ունեմ: Պապիկի հանգամանքն ինձ երբեք չի օգնել: Նա ընդամենը մեկ անգամ է եկել ուսումնարան:
Ո՞նց ընդունեցիք պարող դառնալու գաղափարը: Ձեր մտքին էլ կա՞ր, թե՞ տանն ինչ ասացին՝ արեցիք:
-Անկե՞ղծ լինեմ:
Իհարկե:
-Մաման որոշել էր, որ ես էլ պետք է պապիկի ու հորեղբորս պես լինեի: Բայց այնպես չէր, որ ես պարը սիրում էի: Ավելի ճիշտ` չէի հասկանում պարից: Դպրոցում ասացին, որ լավ տվյալներ ունեմ ու ընդունեցին, ես էլ գնացի:
Բայց ինչ-որ պահից Դուք էլ սկսեցիք չէ՞ պարը սիրել:
-Տասներեք տարեկանից: Հայաստանում երբ սկսում ես բալետով զբաղվել, սկզբում կանգնեցնում են պարաձողի մոտ ու քեզ ասում՝ «թաթ ձգի՛ր, ծունկ ձգի՛ր», ու դու մի քանի տարի շարունակ միայն դա ես անում: Ու չես հասկանում, թե այդ շարժումները, վարժություններն ինչի՞ համար ես անում: Հետո, երբ արդեն օպերայում ներկայացում տեսա, հասկացա, թե ինչի համար եմ այդ վարժություններն անում: Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց:
Ու ինչի՞ համար․․․
-Եթե տասներեք տարեկանում ինձ այդ հարցը տայիք՝ կասեի, որ իմ աչքի առաջ ունեի բալետի բազմաթիվ արտիստ ընկերների, ու այդ տարիքում միշտ դիմացս մարդ կար, ում նայում էի ու ուզում էի նրանց նմանվել: Իմ ավագ ընկերներին՝ Արման Զազյանին, Արթուր Բաբաջանյանին, Մելքոն Խաչիկյանին, Արշակ Ղալումյանին, Գևորգ Ասոյանին: Ես ամենափոքրն եմ եղել ու նրանցից շատ բան եմ սովորել, և ուզում էի նրանց պես պիրուետ կամ թռիչք անել:
Տասնհինգ տարեկանում Հայաստանից հեռացել եք:
-Այո:
Գերմանիա:
-Այո, Շտուտգարտ` «Ջոն Գրանկո» բալետի դպրոցում սովորելու:
Դժվար չէ՞ այդ տարիքում մենակ, առանց ծնողների մեկնել հայրենիքից` այլ երկրում սովորելու:
-Այնպիսի տարիներ էին, որ չէի հասկանում՝ ինչ եմ անում: Երազանքների հետևից էի գնում: Մի շարք առաջարկներ ունեի: Ընկերներիս խորհրդով «վիդեոկասետի» վրա իմ պարը նկարեցի ու ուղարկեցի տարբեր թատրոններ: Հինգ տարբեր թատրոններից առաջարկ ստացա, ընկեր Հովիկի (Հովհաննես Դիվանյան-Հեղ․) հետ խորհրդակցեցի, ու որոշեցի մեկնել Շտուտգարտ:
Ինչի՞ հետևից էիք գնում:
-Եթե հիմա հետ գնանք այդ ժամանակաշրջան, ես լրիվ այլ կերպ էի մտածում: Տես, ես հիմա Հոնկոնգում եմ, մեծ դպրոցի տնօրեն եմ: Այդ տարիներին, երբ ես էի մեկնում, շատ ինֆորմացիա չունեինք: Չկար YouTube, չգիտեինք՝ ի՞նչ է կատարվում աշխարհում: Ու երազանքների հետևից ուզում էիր ինչ-որ մի բանի հասնել, պարում ինչ-որ մեծ բանի հասնել, որ քեզ գնահատեն: Չգիտեմ: Շատ բան չեմ հիշում, ավելի քան քսան տարի է անցել, բայց գիտեմ, որ գնում էի երազանքների հետևից:
Հասա՞ք այդ երազանքներին:
-Գիտե՞ք` երազանքը որն էր, որ պարի շնորհիվ կայանայինք: Ընկերներս, երբ մրցույթներից վերադառնում էին Երևան ու պատմում, թե ինչ էր կատարվում, ինչպես էին պարում, մտածում էի, որ ես էլ դա պետք է տեսնեմ, ես էլ պետք է այդ շարժումներն անեմ: Չեմ վախենա ասել` մենք ֆանատիկ էինք, մենք ահավոր աշխատասեր էինք, ժամերով դահլիճից դուրս չէինք գալիս, ու մեզ պակասում էր այդ ինֆորմացիան, նորարարությունները, ժամանակակից, նեոկլասիկ ուղղությամբ պարերը: Ու այդ նպատակով մենք դուրս եկանք Եվրոպա, որպեսզի մեզ մոտ էլ ստացվեր:
Ստացվե՞ց:
-Հաա, ստացվեց: Ոչ մի բանի համար չեմ զղջում: Ես աշխարհի լավագույն ուսուցչի մոտ եմ սովորել ու հետո մեծ թատրոններում դասական ներկայացումների ամբողջ ռեպերտուարը պարել: Եղել եմ մենակատար: Իհարկե ստացվեց այն, ինչին ձգտում էի:
Կա՞ դեր, որ ավելի հոգեհարազատ է Ձեզ:
-Պարած դերերից չկա, բայց չպարած` կա:
Ո՞րն է:
-«Սպարտակ»-ում Կրասոս էի ուզում պարել: Հետո վնասվածք ստացա, Բելգիայում պետք է պարեի, բայց ինչ-որ պահի ինձ ասացին, որ ես Կրասոս չեմ, Սպարտակ եմ, ու այդպես չպարեցի: Ու հետո տեղափոխվեցի Հոնկոնգ: Երբ եկա Հայաստան, ահագին երկար մնացի, ու կարող էի Երևանում Կրասոս պարել, բայց, ցավոք, չստացվեց:
Կա՞ էլի բան, որ հետ եք նայում ու ափսոսում եք, կուզեիք արած լինել:
-Կուզեի «Բայադերկա»-ի մեջ Սոլոր պարել: Շանս ունեի՝ չպարեցի: Շատ բաներ կան, որ չեմ պարել, ու զղջում եմ, որ չեմ պարել: Ուղղակի, ես շատ շուտ վնասվածք ստացա, ու շատ բաներ չստացվեցին այնպես, ինչպես կուզեի: Քսանվեց տարեկանից մեջքի ցավեր ունեի: Չորս տարի ձգում էի: Ցավերն այնքան ուժեղ էին ու անտանելի, որ արդեն պարն ատում էի: Ու ինձ բժիշկներն անընդհատ ասում էին, որ պետք է կանգ առնել, դադարել պարելը: Բայց ես շարունակում էի պարել, ու մի պահ եկավ, որ հասկացա, որ էլ չեմ կարողանում:
Դուք ասում էիք, որ բալետը ֆանատիկորեն էիք սիրում, ու հիմա նաև ասում եք, որ անտանելի ցավի պատճառով եկավ մի շրջան, որ ատում էիք պարը: Բացի ֆիզիկականից` նաև հոգեբանորեն ցավ չէի՞ք ապրում, որ այն, ինչ հարազատ էր, ամենակարևոր, դառնում էր ատելի:
-Ես հիմա շատ երջանիկ եմ, որ պարի մեջ եմ, որ երեխաների եմ կրթում: Բայց որ հիշում եմ այդ տարիները․․․ երբ դու սիրում ես քո գործը, բայց այդ ցավերն այնքան անտանելի են, որ դու չես ուզում մտնել դահլիճ, չես ուզում պարել, որովհետև ամբողջ մարմինդ ցավում է, ու դու չգիտես` ցավը երբ կդադարի: Դա սարսափելի զգացողություն է:
Կյանքում շա՞տ բան եք զոհել հանուն բալետի:
-Հա, ամբողջ կյանքս զոհել եմ հանուն բալետի: Դրա համար էլ անձնական կյանք չունեմ (Ծիծաղում է-Հեղ․):
Հիմա՞, թե՞ ընդհանրապես այդպես է եղել:
-Չէ, ամբողջ կյանքում այդպես է եղել:
Ի՞նչն է խանգարում բալետին զուգահեռ ունենալ նաև անձնական երջանկություն: Բալետի բազմաթիվ արտիստներ կան, որ կարիերային զուգահեռ ընտանիք ունեն:
-Երևի իմ ընկերներին նկատի ունեք: Շատերի մոտ անձնական կյանքը ստացվում է, որովհետև հիմնականում իրենց զուգընկերների հետ են ամուսնանում: Ինձ մոտ այդպես չստացվեց: Շատ հեշտ է, երբ երկուսն էլ բալետի ասպարեզում են, նույն թատրոնում են աշխատում, նույն մթնոլորտում, այդպես ավելի հեշտ է լինում շփվել, ընդհանուր բան գտնել: Բայց էլ այս թեմայով չզրուցենք․․․
Մեջքի ցավերը սկսվեցին 26 տարեկանում, իսկ ե՞րբ ավարտեցիք կարիերան:
-31-ում:
Երիտասարդ տարիք է բալետի համար: Դուք Ձեզ ամբողջությամբ ռեալիզացրի՞ք բալետում:
-Միանշանակ: Կան շատ դեպքեր, դրվագներ, որոնց համար շատ հպարտ եմ: Աշխարհի լավագույն թատրոններում եմ աշխատել, եղել եմ մենակատար, մեկնել եմ հյուրախաղերի: Իմ պարագայում մի քիչ դժվար էր, քանի որ այն թատրոններում, որտեղ աշխատել եմ, հայ չկար: Ո՛չ Դրեզդենում, ո՛չ Աստերդամում, ո՛չ էլ Բելգիայում: Ճիշտ է, ընկերներիս հետ շատ հաճախ էինք տեսնվում, բայց ինձ համար ավելի հեշտ կլիներ, որ հետս նույն թատրոնում հայ ընկեր լիներ:
Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Հոնկոնգում:
-Երբ մեջքի ցավերը շատ խորացան, գնացի Գերմանիա` բուժվելու, ու զուգահեռ` Գերմանիայում համալսարան էի ընդունվել, որպեսզի դառնամ art manager: Այդ ժամանակ մտածում էի, որ ցավերին լուծում չկա, ժամանակն է ավարտել բալետի կարիերան, ու արդեն ընդունվել էի ինստիտուտ` կրթությունս շարունակելու: Վերադարձա Բելգիա, որպեսզի վերջին ներկայացումը պարեմ, այդ ժամանակ ֆրանսիացի բալետմեյստերս խորհուրդ տվեց, որ նաև չինական բժշկությունը փորձեմ: Գուցե այն օգնի մեղմելու այդ անտանելի ցավերը: Եկա Հոնկոնգ, բայց ցավերս շատ-շատ էին, ու այստեղ շատ քիչ եմ պարել: Երկու-երեք ներկայացում պարել եմ ու կանգ առել: Հոնկոնգում ավարտեցի կարիերան ու սկսեցի դասավանդել: Հետո ուզում էի տեղափոխվել Հայաստան․․․
Բայց Ձեզ ասել են, որ նպատակահարմար չեն գտնում Ձեզ հետ համագործակցությունը: Այդպե՞ս է եղել:
-Այո:
Ինչո՞ւ:
-Եկեք չպատմեմ էլի․․․
Շատ լավ, բայց նման վերաբերմունքը հենց հայրենիքում վիրավորական չէ՞ր:
-Դեե, երևի ես էլ իմ սխալներն ունեի, քանի որ երկար ժամանակ էր, ինչ Երևանից դուրս էի եկել: Համակարգը չէի հասկանում: Եթե ավելի գեղեցիկ ձևով հետ գայի, գուցե ամեն ինչ լավ լիներ: Երբ դրսում ես ապրում՝ Հայաստանի կյանքը շատ չես իմանում, ու դա է պատճառը, որ այդպես ստացվեց: Ոչ մի վիրավորական բան չկա:
Նեղացած չե՞ք Երևանից:
-Ընդհանրապես, Երևանն իմ տունն է, իմ թատրոնն է: Ինչպե՞ս կարող եմ նեղանալ:
Եթե ես չեմ սխալվում, երբ մեր բալետային թատերախումբը մեկնել էր Մալայզիա` հյուրախաղերի, Դուք էլ էիք մեկնել մեր արտիստներին աջակցելու:
-Այո, շատ ճիշտ եք: Ես թատերախմբի հետ շատ կապված եմ, բազմաթիվ ընկերներ ունեմ, ու գնացել էի իրենց աջակցելու, իրենց կողքին լինելու: Շատ լավ ներկայացան, ու ես շատ հպարտ էի: «Կարապի լճից», «Սպարտակից» ու «Գայանեից» հատվածներ պարեցին ու շատ լավ որակի պար ցուցադրեցին:
Ձեզ համար կարևո՞ր էր այդ պահին այդտեղ գտնվելը:
-Ինձ համար շատ կարևոր է ու շատ կարևոր էր, որ մեր թատրոնն օտար բեմում շատ լավ ներկայանա: Ես շատ հպարտ էի: Զգացողություններ կան, որ հնարավոր չէ բառերով ճիշտ նկարագրել:
Եթե երկրորդ անգամ հնարավորություն ունենայիք ընտրություն կատարելու, կա՞ն բաներ, որ չէիք անի:
-Բալետո՞ւմ:
Այո:
-Հաստատ շատ բաներ այլ կերպ կանեի: Գիտեք, ինֆորմացիայի խնդիր կար, եթե ավելի շատ տեղեկություն ունենայի ու հասկանայի, թե որ միջավայրում եմ, գուցե շատ բաներ այլ կերպ անեի, ուրիշ ձև ինձ պահեի: Չեմ զղջում ոչ մի բանի համար, բայց, իհարկե, եթե նորից հնարավորություն տրվեր, շատ բաներ այլ կերպ կանեի:
Այսօրվա Ձեր երազանքներն ինչի՞ հետ են կապված:
-Երազում եմ, որ դպրոցս դառնա լավագույնը Հոնկոնգում: Շատ լավ աշակերտներ ունեմ: Այսօրվա իմ միակ երջանկությունն իմ դպրոցն է, որ կարողանամ զարգացնել: Ուզում եմ լավ ժառանգություն թողնել, որ ինձ այստեղ հիշեն:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Էդգար Սամվելյան․ Մի օր եկա որոշման, որ ուզում եմ դառնալ բալետի արտիստ, ոչ թե հիփ-հոփ պարող
Արսեն Ազատյան․ Ամենակարևորը, թե քո պարով հանդիսատեսն ի՞նչ էմոցիա է ապրում
Մարիամ Կարապետյան․ Ինձ անվանում են եգիպտական բեմի հայ «Կլեոպատրա»
Հակոբ Խառատյան․ Պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ՝ ինչ-որ բանի հասնելու համար
Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում